Մարտի 13-ի, ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է Կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն` 8 դրական արդյունքով, որից 2-ը հաստատվել է քիչ առաջ: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն:
8 վարակակիրներից 5-ը Էջմիածնի նշանադրության մասնակիցներն են: Այսինքն, վերջին 4 դեպքերը փոխկապակցված են Միլանից ժամանած և Էջմիածնում իր որդու նշանդրեքին մասնակցած կնոջ հետ, ում մոտ հաստավել է կորոնավիրուսով վարակվածությունը։ Նշանդրեքի բոլոր մասնակիցները, ավելի քան 50 հոգի, մեկուսացվել են։
Առողջապահության նախարարությունը հավելում է, որ մարտի 1-ին կարանտինային գոտի տեղափոխված քաղաքացիների լաբորատոր հետազոտությունները պատրաստ կլինեն մինչև օրվա ավարտ։
Առողջապահության նախարարությունը կոչ է անում`
– Խուսափե’լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
– Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ,
– Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե’լ բժշկի: