Ամերիկյան դատարանը վճռել է անհապաղ ազատ արձակել WikiLeaks-ի տեղեկատու, նախկին ռազմական հետախուզման վերլուծաբան Չելսի Մենինգին։ Նախօրեին նա մեկուսարանում ինքնասպանության փորձ էր արել։
32-ամյա Չելսի Մենինգը, ով յոթ տարի անազատության մեջ էր գաղտնի փաստաթղթեր հրապարակելու մեղադրանքով, կրկին ձերբակալվել էր անցյալ տարի՝ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով վկայություն տալու մերժման համար։
Մենինգի հերթականի դատից առաջ դատարանը որոշեց, որ Ասանժի գործով նրա վկայություններն այլևս արժեքավոր չեն, հետևաբար՝ հետագա ազատազրկումն անիմաստ է։ Այս անգամ նրա ազատազրկումը 11 ամիս տևեց։
Բանտում անց կացրած ժամանակահատվածում նա երեք անգամ ինքնասպանության փորձ է կատարել։ Փաստաբանների պնդմամբ, վկայություն չտալու ցանկության համար մեկուսարանում մնալը խսիտ բացասաբար է ազդում նրա հոգեբանական վիճակի վրա։
Չելսի Մենինգն ի ծնե կրում էր Բրեդլի Մենինգ անունը։ 2013 թվականին լրտեսության և WikiLeaks-ին տվյալներ փոխանցելու համար նա դատապարվել էր 35 տարվա ազատազրկման։ Բանտում սեռափոխվել ու վերցրել է Չելսի անունը։
Ի վերջո, նախագահ Բարաք Օբաման որոշեց մեղմացնել Մենինգի վճիռը, ինչի արդյունքում նա 2017-ին ազատ արձակվեց։
WikiLeaks-ի գործով հետաքննությունը շարունակվում է արդեն մի քանի տարի։ ԱՄՆ-ն փորձում է հասնել կայքի հիմնադիր, ներկայումս Բրիտանիայում գտնվող Ջուլիան Ասանժի արտահանձնմանը։ Միացյալ Նահանգներում նրան հավանաբար մեղադրանք կառաջադրվի համակարգչային հաքերության հոդվածով։