ԱԱԾ-ն բացահայտել է Հայաստանի ՊՆ գնդապետի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման մի շարք դեպքեր։ Սպան բերման է ենթարկվել։
Գնդապետ Հ․Դ․-ն ժամկետային զինծառայող Դ.Հ.-ի նույն զորամասի մեկ այլ ստորաբաժանում տեղափոխելու համար 2020 թվականի սեպտեմբերի 13-ին նրա մորից 2000 դոլարի կաշառք է պահանջել, որից 490.000 դրամը ստացել է հաջորդ օրը ՝ «Աջարաբեթ» կայքի իր օգտահաշվին փոխանցումով:
Նույն գնդապետը պատերազմի օրերին զինծառայության զորակոչված Յ.Տ.-ին՝ ռազմական գործողությունների վայրերում տեղակայված զորամասեր ծառայության չուղարկելու դիմաց նոյեմբերի 7-ին միջնորդի միջոցով նրա ծնողներից պահանջել է 2.500 դոլարի կաշառք, որից 2.000-ը ստացել է նույն օրը:
2020 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում նույն սպան միջնորդել է Մ.Գ.-ի որդուն՝ Ռ. Կ.-ին ցանկալի վայրում ծառայության նշանակելու համար, որի դիմաց 2020 թվականի դեկտեմբերի 17-ին պահանջել և ի վերջո ստացել է առանձնապես խոշոր չափերի 10.000 ԱՄՆ դոլար:
2021 թվականի հունվարի 6-ին գնդապետը ժամկետային զինվորական ծառայող Վ. Հ.-ին առանց բավարար հիմքերի մեկ այլ զորամաս տեղափոխելու համար վերջինիս հորից պահանջել է 1.000.000 ՀՀ դրամ, որը 2021 թվականի հունվարի 7-ին և 8-ին կրկին ստացել է «Աջարաբեթ» կայքի իր օգտահաշվին փոխանցման եղանակով:
ԱԱԾ-ն նաև բացահայտել է, որ գնդապետը 1.389.850 ՀՀ դրամ կաշառքի դիմաց լուծել է Հ․ Ա․-ի զինվորական հոսպիտալում աշխատանքի ընդունելու հարցն իր ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով, ինչպես նաև նպաստել նրան սպայական կոչում շնորհելուն։
Կաշառք վերցնելուց բացի ձեռք են բերվել ապացույցներ նաև պաշտոնեական դիրքի չարաշահման այլ դեպքերի մասին։ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ռազմական դրության պայմաններում, նույն գնդապետը կազմակերպել է Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում տեղակայված զինվորական հոսպիտալում գտնվող իր ծանոթ զորահավաքային զինծառայողի վերադարձը Երևան։ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին նույն զինծառայողից պահանջել է 300 000 դրամ՝ նրա հետագա ծառայությունը Սյունիքում գտնվող, մարտական ծառայություն չիրականացնող թիկունքային աշխատանքների համար նախատեսված զորամասում կազմակերպելու դիմաց։
Տեսանյութը՝ ԱԱԾ-ից
2020 թվականի հոկտեմբերի 13-ին գնդապետը իրեն ծանոթ սպաների միջոցով կազմակերպել է Ղարաբաղում տեղակայված զորամասից զորահավաքային մեկ այլ զինծառայողի վերադարձը Երևան, ապա տեղեկանալով, որ այդ զինծառայողն ընդգրկվել է զորամասն ինքնակամ լքածների ցուցակում՝ 2020 թվականի նոյեմբերի 1-ին միջնորդել է նույն զորամասի սպաներից մեկին, որպեսզի վերջինս չեղարկի զորահավաքային զինծառայողի փախուստը և նրան նշանակի նույն զորամասի թիկունքային համապատասխան ծառայություններում, ինչը կատարվել է:
Այնուհետև տեղեկանալով, որ իր ծանոթների որդիներին ՊՆ-ից ծանուցագիր է եկել նրանց զորահավաքային զինվորական ծառայության կանչելու մասին՝ միջնորդել է նշված զորակոչիկներին ցուցակից հանելու համար, որի հետևանքով խաթարվել է ռազմական դրության պարագայում հայտարարված զորահավաքի բնականոն ընթացքը:
2020 թվականի դեկտեմբերի 13-ին սպային դիմել է իր ծանոթը և խնդրել միջոցներ ձեռնարկել, որպեսզի իր՝ Լուսակերտում ժամկետային զինվորական ծառայություն անցնող որդուն չուղարկեն առաջնագիծ: Պաշտոնատար անձը զորամասի սպայից տեղեկանալով, որ այդ զինծառայողին առաջնագիծ տանելու հրաման չկա և նա հաստատապես առաջնագիծ չի տեղափոխվելու, հարցն իբր լուծելու և դրա համար կաշառք ստանալու պատրվակով, 2020 թվականի դեկտեմբերի 17-ին պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ գումար:
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել նաև նույն պաշտոնատար անձի կողմից Պաշտպանության նախարարության կարիքների համար տրամադրված խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ:
Վերը նշված դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել գնդապետը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունների մեջ կասկածվող կամ դրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձինք, ովքեր ձերբակալվել և հարցաքննվել են կասկածյալի կարգավիճակում։
Նախաքննության ընթացքում կատարված շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է նաև տարբեր տեսակի ռազմամթերք, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ նյութեր: