Ղարաբաղի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով, հայտարարել է ԼՂ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է, և ըստ այդ լուրերի տրամաբանության՝ Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով», – Արցախի Հանրային հեռուստատեսության փոխանցմամբ՝ հայտարարել է Բալասանյանը։
Անվտանգության խորհրդի քարտուղարը Արցախի իշխանությունների անունից հավաստիացրել է՝ «չնայած պատերազմական գործողությունների հետևանքով մեզ հասցված անդառնալի կորուստներին, պետությունը մշտապես հանձնառու է կատարելու բնակչության անվտանգության և բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները» և կոչ արել «տուրք չտալ կեղծ լուրերին»։
Արցախի արտգործնախարարությունն էլ, իր հերթին, հերքել է լրատվամիջոցներում տարածվող մեկ այլ տեղեկություն, թե դադարեցվելու է Ռուսաստանում Ղարաբաղի մշտական ներկայացուցչության գործունեությունը։ Գերատեսչությունը վստահեցնում է, որ օտարերկրյա պետություններում Արցախի մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը։