Քովիդով վարակված 700 պացիենտ այժմ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում՝ կառավարության նիստին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Կորոնավիրուսով վարակվածներին այս պահին 14 բժշկական կենտրոն է սպասարկում․ ծավալված 1500 մահճակալներից 1143-ն զբաղված է։
«Հոսպիտալացված պացիենտների թվի և ծանր պացիենտների թվի համամասնությունը բավական մտահոգիչ է», – նշել է նախարարը՝ հավելելով՝ պատրաստ են ծավալելու մինչև 2 հազար 700 մահճակալ, թեև դա մեծ լարվածություն է առողջապահական համակարգի համար։
Հայաստանում ակտիվ կերպով շրջանառվում է «Դելտա» շտամը, որն աչքի է ընկնում ինչպես բարձր վարակելության աստիճանով, այնպես էլ հիվանդացության ավելի ծանր ընթացքով։ Հիվանդությունը զգալիորեն երիտասարդացել է։
«Ունեք երիտասարդ պացիենտներ, ովքեր որևէ ուղեկցող հիվանդություն չունենալու պարագայում ներկայումս գտնվում են ծանր, ծայրահեղ ծանր վիճակում և մեր բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»։
Ավանեսյանի փոխանցմամբ՝ պատվաստումային գործընթացի ակտիվացում է նկատվում։
Նախօրեին իրականացվել է 7 հազար 114 պատվաստում։ Ընդհանուր առմամբ Հայաստանում իրականացվել է 267 հազար 504 պատվաստում (առաջին և երկրորդ դեղաչափերով)։ Թե նշված ցուցանիշի որ մասն են կազմում հայաստանցիներ և որը՝ օտարերկրյա քաղաքացիների՝ չի նշվում։ Ավանեսյանի կարծիքով՝ պատվաստվումների մեծ հոսք է ակնկալվում հատկապես աշնանը։ Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում այն դրույթը, համաձայն որի բոլոր տնտեսվարողներն իրենց աշխատակիցներին ամսական 2 անգամ ՊՇՌ թեստ են պահանջելու, եթե վերջիններս պատվաստված չեն։ Նախարարի կարծիքով՝ սա էական խթան կլինի պատվաստումների համար․․․
Հայաստանում նախօրեին կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 522-ով, բուժվածներինը՝ 359-ով, գրանցվել է մահվան ևս 11 դեպք։ Իրականացված թեստերի 8.1%-ը եղել է դրական։