Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի մոտ նախօրեին տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, որոնցից 13՝ ամերիկացի զինվորականներ։ Reuters-ը՝ վկայակոչելով «Թալիբանի» ներկայացուցչին, գրում է, որ զոհվածներից առնվազն 28-ը թալիբներ են։ Վիրավորների ստույգ թիվը հայտնի չէ․ լրատվականները՝ հղվելով աֆղանական կառույցներում իրենց աղբյուրներին, գրում են 150-ից մինչև 1300 վիրավորների մասին։
Ինքնաշեն ռումբերից մեկը պայթեցվել է մահապարտի կողմից, մյուսը տեղադրված է եղել մեքենայում։ Պայթյուններից մեկը որոտացել է օդակայանի հյուսիսային դարպասի մոտ, որտեղ պարեկություն էին անում բրիտանացի զինվորականները, մյուսը՝ օդանավակայանի մոտակայքում գտնվող Baron հյուրանոցի (հյուրանոցում, ըստ մամուլի հաղորդումների, բրիտանացիներ էին մնում) հարակից տարածքում:
Գրոհների համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»՝ հրապարակելով մահապարտներից մեկի տեսաուղերձը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հատուկ ելույթով դիմելով ամերիկացիներին, սպառնացել է «ավերիչ հակահարվածով» և խոստացել՝ մեղավորները կհայտնաբերվել և կպատժվեն: Բայդենի կարծիքով՝ թալիբները ահաբեկչական գրոհների հետ կապ չունեն։
Տեղի ունեցածը վճռականորեն դատապարտել է նաև «Թալիբանը». ըստ որոշ հաղորդումների, թալիբներն այժմ ԻՊ-ի դեմ հատուկ օպերացիա են իրականացնում Նանգարհար և Կունար նահանգներում…
Արևմտյան երկրների հետախուզական կառույցները դեռ երեկ՝ պայթյուններից ժամեր առաջ, նախազգուշացրել էին «ահաբեկչական գործողության բարձր հավանականության» մասին։