Home / Բանակ / Գորիս-Կապանին մաքսակետերի բացակայության գինը «միջանցքային տրամաբանությունն» էր լինելու

Գորիս-Կապանին մաքսակետերի բացակայության գինը «միջանցքային տրամաբանությունն» էր լինելու

Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ Գորիս-Կապանի Էյվազլիի հատվածում (ադրբեջանական կողմից) սահմանային հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր «միջանցքային տրամաբանությունը»՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անընդունելի որակելով դա։

«Ինչպես գիտեք, սույն թվականի օգոստոսից Ադրբեջանը Իրանի բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում, մաքսային տուրքեր էր գանձում Գորիս-Կապան ավոճանապարհի՝ իր տարածքով անցնող Էյվազլի-Չայզամի հատվածում։ Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի գիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ։

Ծանուցումը ստանալուց հետո որոշում ենք կայացրել՝ այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Հալիձոր-Շինուհայր, Մ-2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը։

Այս ճանապարհի՝ Տաթև-Աղվանի հատվածը, որը մի քանի տասնյակ տարի գործնականում անանցանելի է եղել, ասֆալտապատվել և շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ»,- կառավարության նոյեմբերի 11-ի նիստի մեկնարկին ասել է Փաշինյանը։

Երասխ-Գորիս հատածում այս պահին էլ ճանապարհաշինարարական աշխատանքներ են ընթանում։ «Այլընտրանքային ճանապարհների շինարարության ծավալուն աշխատանքներ են իրականացվում Տաթև-Լծեն հատվածում, Որոտանի և Շուռնուխի հատվածում, մի քանի այլ հատվածներում ևս»։

Ինչպե՞ս վերաբերվել Ադրբեջանի կայացրած որոշմանը։

Ըստ Փաշինյանի՝ հնարավոր էր բանակցել, որպեսզի ճանապարհի այդ հատվածով Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր, բայց դրա գինը լինելու էր «միջանցքային տրամաբանությունը», ինչը հայկական կողմի համար անընդունելի էր։

«Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հանրապետության դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ դրանք պետք է վերաբացվեն՝ առանց էքստերիտորիալության համատեքստի և համապատասխան մաքսային և անձնագրային հսկողությամբ։ Երբևէ չենք քննարկել ու չենք քննարկելու որևէ «միջանցքային տրամաբանություն», ինչպես նախկինում մի քանի անգամ հայտարարել ենք», – նշել է վարչապետը՝ շեշտելով՝ սա ֆիքսված է փոխվարչապետերի եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ֆորմատում և հրապարակայնորեն հաստատվել է նաև Ռուսաստանի կողմից։

«Մեզ անհրաժեշտ է սառնասրտություն, ամուր նյարդեր։ Հայաստանի շուրջ նոր իրավիճակ է ձևավորվում, և մենք պիտի ամեն ինչ անենք, որ այդ միջավայրը լինի հնարավորինս համապատասխան մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին»,- եզրափակել է պաշտոնյան։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ԱԽ քարտուղարը հայտնել է, որ ադրբեջանական կողմը նոյեմբերի 10 լույս 11-ին մաքսայինա անցակետեր է տեղադրելու Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած հատվածում։ Ճանապարհին մաքսակետեր է տեղադրելու նաև Հայաստանը։ Ավելի վաղ ՏՂԵ նախարարը տեղեկացրել էր, որ ճանապարհին այլընտրանքային՝ Տաթև-Աղավնո հատվածի շինարարությունը ավարտվել է․ ճանապարհը այժմ հասանելի է և՛ բեռնատարների, և սովորական մեքենաների համար։

Առավոտյան՝ կառավարության նիստին զուգահեռ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները մի խումբ մարդկանց հետ բողոքի ցույց էին անում Հանրապետության Հրապարակում։ 16 հոգի բերման է ենթարկվել։

Գորիս-Կապանին ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև խորհրդարանական ընդդիմությունը։

«ՀՀ-ից, ՌԴ-ից միջանցքի գաղափարը հերքող հայտարարությունները Ադրբեջանին ստիպում են մեծացնել ճնշումը։ Այս շրջափուլում Ադրբեջանը փորձելու է ստիպել Հայաստանին փոխել իր դիրքորոշումը և միջանցքի տրամադրման հարցում ընդունել ադրբեջանական նախապայմանները», – հայտարարել է Սերժ Սարգսյանի առաջնորդած, Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։

«Պարտության խորհրդանիշ իշխանությունը հերթական պայմանավորված զիջումն արեց․ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանն այլևս ամբողջությամբ վերցրել է իր վերահսկողության տակ: ․․․Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այլևս ոչինչ չի որոշում: Նրա փոխարեն որոշումներ կայացնում է Ադրբեջանը», – հաղորդել է Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը։