Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայում մարտի 11-13-ը կայանալիք դիվանագիտական ֆորումին, հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Ֆորումին Հայաստանը հրավիրվել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումից հետո։ Ավելի ուշ հայտարարվել էր, որ մասնակցության մասին որոշումը Երևանը կկայացնի կախված նաև բանագնացների երկրորդ հանդիպման արդյունքներից, որը տեղի ունեցավ փետրվարի 24-ին՝ Վիեննայում։ Պաշտոնյաների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 14-ին՝ Մոսկվայում։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հարաբերությունների կարգավորման նպատակով Անկարան և Երևանը փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Հայտարարվել էր նաև, որ նախատեսվում է վերսկսել նաև Հայաստան-Թուրքիա ուղիղ չվերթները։ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Լիբանանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան, ԱԽ նախկին նախկին քարտուղար, դիվանագետ Սերդար Քըլըչը։, Հայկական կողմից նշանակվել է խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։