Միխեիլ Սաակաշվիլին ծայրահեղ ծանր վիճակում է՝ հայտարարել է Վրաստանի օմբուդսմենի նախաձեռնությամբ կազմված բժիշկների խումբը, որը հետազոտել է բանտային հիվանդանոցում պահվող նախկին նախագահին։
49-րդ օրը հացադուլը շարունակող Սաակաշվիլին մոտ, ըստ նրանց, Վերնիկեի էնցեֆալոպաթիա (ուղեղի նյարդաբանական հիվանդություն, որը առաջանում է վիտամին B1-ի պակասուրդից), հիպոկալիեմիա (արյան մեջ կալիումի անբավարարություն), թալասեմիա (հեմոգլոբինի սպիտակուցային կառուցվածքի խանգարմամբ պայմանավորված հիվանդություն) է ախտորոշվել։ Մեծ է նաև ստամոքս-աղիքային արյունահոսության վտանգը։ Ախտանիշներն առաջիկայում կարող են հանգեցնել կոմայի և մահացու առիթմիայի։
Բժիշկները փաստել են՝ նախկին նախագահն իսկապես ավելի քան մեկ ամիս սնունդ չի ընդունել։ Սաակաշվիլիի պաշտպանները ավելի վաղ հայտարարել էին, որ հոկտեմբերի 1-ից ի վեր նա միայն հեղուկներ և դեղորայք է ընդունում։
Բժիշկների հետ համաձայն չեն բանտի ներկայացուցիչները
Հացադուլը շարունակող պացիենտի բուժման համար, ըստ կոնսիլիումի, բավարար պայմաններ, իսկ վիճակի վատթարացման դեպքում՝ տեղում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հնարավորություններ այստեղ չկան։ Նրանք իշխանություններին խորհուրդ են տվել նախկին նախագահին անհապաղ տեղափոխել բազմաֆունկցիոնալ հիվանդանոց։
Նույն օրը՝ չորեքշաբթի, Վրաստանի քրեականատորղական ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, թե Սաակաշվիլիի վիճակն այս փուլում ստաբիլ է, նրա կյանքին ուղղակի վտանգ չի սպառնում, նա պարզապես մի քանի օր դեղեր չի ընդունել, իսկ երեքշաբթի, երբ վերսկսել է, նրա լաբորատոր ցուցանիշները բարելավվել են։
Իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Իրակլի Կոբիխաձեն էլ հայտարարել է, թե բժշկական խմբի անդամները անաչառ չեն՝ կրկին հորդորելով Սաակաշվիլիին «դադարեցնել հացադուլը, շանտաժի չենթարկել իշխանություններին և հասարակությանը»։
Նախկին նախագահի պահանջները մնում են անտեսված
Ութամյա բացակայությունից հետո՝ սեպտեմբերի վերջին Սաակաշվիլին Ուկրաինայից գաղտնի վերադարձել է Վրաստան։ Հոկտեմբերի 1-ին ձերբակալվել է։ Պաշտոնաթողությունից հետո նրա դեմ մի շարք քրեական գործեր էին հարուցվել, որոնցից երկուսով դատարանը նախկին նախագահին հեռակա դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։ Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է, երբ նա արդեն բանտում էր՝ պետական սահմանը ապօրինի հատելու հոդվածով։
Ձերբակալումից անմիջապես հետո Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել՝ որպես բողոք հետապնդման դեմ, որը նա քաղաքական է համարում։ Նրա կողմնակիցները պարբերաբար բողոքի ցույցեր և հանրահավաքներ են անում․ վերջին շրջանում, սակայն, դրանք այդքան էլ բազմամարդ չեն։
Նախորդ շաբաթ նախկին պաշտոնյան, կամքին հակառակ, Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Գլդանիի բանտային հիվանդանոց։ Իշխանությունները մի տեսանյութ են հրապարակել, որում երևում է՝ ինչպես են կիսամերկ Սաակաշվիլիին քարշ տալով տանում շտապօգնության մեքենա։
Ավելի ուշ՝ Եվրադատարանի հորդորով, Սաակաշվիլին համաձայնել է դադարեցնել հացադուլը՝ պայմանով, որ նրան բանտային հիվանդանոցից կտեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց։ Պահանջները Վրաստանի իշխանությունները կատարել հրաժարվել են։ Սաակաշվիլիի հացադուլը 49 օր անց դեռ շարունակվում է։