Գորիս-Կապանի՝ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հատվածի փակվելուց հետո, Սյունիքի մարզում շրջափակման մեջ գտնվող գյուղեր չկան՝ հայտարարել է տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Ե՛վ Որոտանը, և՛ Շուռնուխը, և՛ Բարձրավանը՝ բոլորը ճանապարհներ ունեն։ Մեր գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված։ Առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, երբ որ Գեղանուշ-Ճակատեն հատվածը խճապատենք, դրանք ավելի մատչելի կդառնան», – կառավարության այսօրվա նիստին նշել է Սանոսյանը։
Այս պահին փաստացի 7 ճանապարհ է կառուցվում կամ վերանորոգվում։ Կան ճանապարհներ, որոնք արդեն շահագործման են հանձնված, օրինակ՝ Տաթև-Աղվանի ճանապարհը։
«Տաթև-Աղվանին բավական ժամանակ է՝ երթևեկելի է, նշել ենք, որ նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված, գարնանը երրորդը կտեղադրվի։ Մյուս վեց հատվածներում հիմա ընթացիկ աշխատանքներ կան։
Այդ վեցից մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9,5 կմ է, դրա մի մասում՝ մոտ 3,5-4 կմ, արդեն ամբողջովին հողային ծածկույթի աշխատանքներն իրականացվել են, մյուս հատվածներում շարունակվում են բարեկարգման աշխատանքներ։
Մյուս ճանապարհը Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է, որը 13 կմ է։ Դրա մի մասն ամբողջովին նոր է կառուցվում, որոշակի դժվարություններ կան՝ անտառի հատված, որտեղով ճանապարհն անցնում է։ Այնտեղ նույնպես աշխատանքները շարունակվում են», – նշել է նախարարը՝ հավելելով՝ Շուռնուխն առնվազն երկու ճանապարհ ունի, մեկը Խոտ-Որոտան-Շուռնուխն է, որը, ըստ Սանոսյանի, գործում է, նորմալ երթևեկելի է, մյուսը Շուռնուխ-Բարձրավան կառուցվող ճանապարհը, որը նրա, անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար։
«Որոտան-Խոտ ճանապարհի 10 կմ-ից 5-ի հիմքը պատրաստ է (ոչ ասֆալտապատ), մյուս 5 կմ-ի վրա իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։
Ունենք նաև Կապան-Ճակատեն և Կապան-Գեղանուշ-Ճակատեն հատվածը։ Օրեր առաջ սկսվել էին Գեղանուշ-Ճակատեն հատվածի հողային աշխատանքները, երեկվանից սկսել ենք խճապատման աշխատանքները, մի քանի օրվա ընթացքում կավարտենք, ճանապարհն ավելի հեշտ ու անցանելի կլինի։ Դրան զուգահեռ կկառուցենք Կապան-Ճակատեն նոր ճանապարհը, որը կձգվի այսօր գործող ճանապարհին գրեթե զուգահեռ և ավելի հեշտ ու մատչելի կլինի անցնելու համար։ Շարունակվում են Տաթեւ-Լծեն 19,9 կմ ճանապարհների աշխատանքները, այս պահին մոտ 6,5 կմ աշխատանք է իրականացվել, երկու ընկերություն տարբեր կողմերից աշխատում են, նախագծման աշխատանքներն ավարտվել են, ինչն ավելի է հեշտացնում աշխատանքի արագ կազմակերպումը», – հավելել է նախարարը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ գյուղերը նաև դեպի Մեղրի տանող ասֆալտապատ ճանապարհ ունեն, ինչը, նրա կարծիքով, նշանակում է, որ կենսապահովման խնդիր չկա, խոսքը ենթակառուցվածքի հարմարության մասին է։
Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրել Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի և Կապան-Ճակատենի՝ վիճահարույց հատվածներում։ Ազգային անվտանգության ծառայությունը հայկական մեքենաներին արգելում է երթևեկել այս հատվածով, նրանց ուղղորդում հիմնականում Տաթև-Աղավնո՝ այլընտրանքային, բայց ավելի երկար և ավելի նեղ ճանապարհ։
Շրջանցող այս ճանապարհի վերանորոգումը փաստացի մեկնարկել է միայն այս տարվա սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը սկսել է մաքսատուրք գանձել Գորիս-Կապանով անցնող իրանական բեռնատարների վարորդներից։ Մինչ այդ (ավելի քան 30 տարի) այս ճանապարհը, որը Գորիս-Կանապի միակ այլընտրանքն էր, գրեթե բարձիթողի վիճակում էր։ Մինչ օրս վերանորոգված չեն նաև Սյունիքի՝ Գորիս-Կապանին կպնող որոշ համայնքների այլընտրանքային ճանապարհները, ինչի պատճառով 6 գյուղեր, որ կախյալ էին հիմնական մայրուղուց, այժմ հայտնվել են կիսաշրջափակման կամ լոգիստիկ ճգնաժամի մեջ։ Ավելի մանրամասն՝ այստեղ։