Home / Օրենքի մարդիկ / Օտարերկրյա գործակալների մասին վրացական օրենքն ընդունվեց

Օտարերկրյա գործակալների մասին վրացական օրենքն ընդունվեց

Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է «օտարեկյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վրա նախագահ Սալոմե Զարուբաշվիլի դրած վետոն։ Նախագահը կիրառել էր վետո՝ օրենքը համարելով հակասահմանադրական և հակաեվրոպական։ Օրենքին այսօր նորից կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Այն ուժի մեջ կմտնի 60 օրից։

Խորհրդարանի շուրջ առավոտից հավաքված ցուցարանները հետևել են քվեարկությանն ու արդյունքների հայտարարելուց սկսել վանկարկել՝ «Դուք ստրուկներ եք»։ Խորհրդարանի շենքը շրջափակում են ոստիկանական ստվար ուժեր։ 

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին քվեարկությունից հետո  շնորհակալություն է հայտնել պատգամավորներին: «Ոչ մի ուրիշ ժողովուրդ, ոչ մի ուրիշ պետություն  չի կարող որոշել մեր երկրի կյանքը։ Հենց սրա մասին է այս օրենքը»,- ասել է նա՝ oc-media.org-ի փոխանցմամբ։  

Եվրամության արտաքին գործերի ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը այսօր նորից հայտարարել է, որ օրենքը եվրոպական արժեքներին հակասում է։ «Եթե այն ընդունվի, այն կվնասի Վրաստանի ուղուն դեպի ԵՄ։ Մենք հունիսին կքննարկենք՝  ինչ պատասխան տանք և ինչ գործողություններ ձեռնարկենք։  Հոկտեմբերին կայանալիք ընտրությունները կլինեն քննություն, թե արդյոք Վրաստանը Եվրոպական ապագա ունենալուն նպատակադրված է»,- գրել է նա։ 

Հիշեցնենք, որ օրենքով նախատեսվում է, որ բոլոր այն կազմակերպությունները, որոնց շահույթի 20%-ից ավելին ապահովվում է արտասահմանյան ֆինանսավորմամբ, գրանցվելու են հատուկ ցուցակում։ Գրանցումից կամ ֆինանսավորման աղբյուրների բացահայտումից խուսափած կազմակերպությունների համար սահմանվել է տուգանք։ Նախաձեռնության ընդդիմախոսները այն համեմատում են 2012 թվականին Ռուսաստանում ընդունված համանման օրենքի հետ։ Վրաստանի իշխանություններն այս մեղադրանքները չեն ընդունում՝ պնդելով, որ այն հիմնվում է ամերիկյան իրավական փորձի վրա։