Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, օլիգարխ Ռուբեն Վարդանյանի պաշտպանության հայտը` կալանքը ևս հինգ ամսով երկարաձգելու որոշումը համարելով իրավաչափ։
Մայիսի 16-ին Բաքվի դատարանը Վարդանյանի կալանավորումը երկարացնելու որոշում էր կայացրել։ Նախկին պետնախարարի պաշտպանությունը պնդում էր, որ գործի քննության ժամկետների երկարաձգումը և Վարդանյանին քննչական մեկուսարանում պահելը իրավունքների խախտում է։
Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպան կողմի միջնորդությունը խափանման միջոցի փոփոխության մասին և հայտարարել, որ կալանքի որոշումը հիմնավոր է։
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական ուժայինների կողմից բերման էր ենթարկվել 2023-ի սեպտեմբերի 27-ին։ Հաջորդ օրը դատարանը չորս ամսով կալանավորման որոշում է կայացրել։ Վարդանյանը մեղադրվում է ահաբեկչության ֆինանսավորման, օրենսդրությամբ չնախատեսվող զինված խմբավորում ստեղծելու և դրա գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով։ 2024-ի հունվարի 25-ին դատարանը նախկին պետնախարարի կալանքը երկարացրել էր ևս 4 ամսով։