Մեկնաբանելով ռուսաստանցի բլոգեր Յուլիա Մակսիմովսկայայի նկատմամբ կայացված հարկադիր բուժման վճիռը, իրավապաշտպանները հայտարարում են, որ դատարանը բժշկական վերահսկողություն սահմանելիս առաջնորդվում է հասարակության շահերով` ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունում պատժիչ հոգեբուժության պրակտիկան հազվադեպ է կիրառվում։
2023 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի քաղաքացիներ 22-ամյա Կ. Ա.-ն և 19-ամյա Յուլիա Մակիսմովսկայան բերման էին ենթարկվել Երևանի փողոցներում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Ըստ հետաքննական մարմնի, նրանք հարձակվել են արագ սննդի կետի վրա, մրգեր են նետել աշխատակիցների ուղղությամբ, տրորել են ծաղկի խանութի ծաղիկները։ Վկայությունների համաձայն, անկարգությունների ընթացքում գոռում էին «Գերեզման Ռամզան Կադիրովի համար»։
Մակսիմովսկայան մայիսի 24-ին դատական որոշմամբ ճանաչվել էր անմեղսունակ։ Դատարանն ավելի ուշ բավարարել է բլոգերի նկատմամբ հարկադիր բուժում սահմանելու միջնորդությունը։ Կ. Ա.-ի գործը դեռևս քննության փուլում է։
Խմբակային խուլիգանության մեղադրանքով ձերբակալված բլոգեր Յուլիա Մակսիմովսկայան (Ֆինեսս) քննիչներին պատմել է, որ անկարգությունների տեսանյութի հրապարակումից հետո իր տուն են եկել մի քանի հոգի, պահանջել, որ ներողություն խնդրի, հետո բռնի սափրել մազերը։ Դեկտեմբերի 12-ին բլոգերը հոսպիտալացվել էր` փախուստի փորձի արդյունքում ոստիկանական բաժանմունքի զուգարանի պատուհանից ընկնելու համար։ Մակսիմովսկայայի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել` փախուստի փորձի հոդվածով, հայտնում են քննիչները։
Ձերբակալվել են նաև Յուլիայի տուն ներխուժած չորս քաղաքացիներից երեքը, մյուսի նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Այս մասին դեկտեմբերի 14-ին հայտնել է Հայաստանի Քննչական կոմիտեն` առանց անուններ տալու։ Հարձակվողները ևս տեսանյութ էին հրապարակել, որում նշում էին, որ ռուսաստանցի բլոգերի կողմից նման պահվածքը անհարգալից է հանրության նկատմամբ, և քանի որ ոստիկանությունը ոչինչ չի անում նման երևույթները կանխելու դեմ, իրենք որոշել են ինքնուրույն լուծել հարցը։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրամյանի խոսքով, Մակսիմովսկայան այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ. «Նա մասնագիտացված կլինիկայում է։ Բուժման տևողությունը կախված է առողջական վիճակից»։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, կան տվյալներ թմրանյութերի օգտագործման մասին։
Հայաստանի Հելսինկյան ասոցացիայի ղեկավար Նինա Կարապետյանի խոսքով, Հայաստանում բժշկական վերահսկողություն սահմանվում է կամ մեղադրյալի կամավոր համաձայնությամբ, կամ դատարանի որոշմամբ։ Այս դեպքում հարկադիր հոգեբուժական միջամտության որոշում կայացրել է դատարանը։ «Փորձագիտական հետազոտություններ են արվում։ Անցնում են լուրջ ատյաններով։ Փորձագետները եզրակացություն են տալիս, դատախազը միջնորդություն է ներկայացնում, դատարանը որոշում է կայացնում։ Սխալի հավանականությունը գրեթե զրոյի է հասցվում։ Միջազգային փորձում բժշկական վերահսկողություն սահմանելը նորմալ է։ Հայաստանում դա հազվադեպ է արվում, հիմնականում` թմրանյութերից կամ ալկոհոլից կախվածության դեպքում», – հարկադիր բուժման ընթացակարգերի մասին պարզաբանել է փաստաբան Արայիկ Պապիկյանը։
«Բժշկական վերահսկողության սահմանումը դեռ չի նշանակում, որ անձը խուսափել է պատժից։ Նա «լյուքս» պալատում չէ։ Դա փակ հաստատություն է իր խիստ ռեժիմով, գրաֆիկով դեղեր են ընդունում», – ասում է Պապիկյանը։