Վարչապետ Նիկոլ Փաշինյանին «վիրավորելու» համար ձերբակալված Դավիթ Ավետիսյանին այսօր ազատ են արձակել։ Կիրակի օրը նրան բերման էին ենթարկել, գիշերը՝ ձերբակալել։ 21-ամյա Ավետիսյանն այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի, անցնում է խուլիգանության հոդվածով, խափանման միջոցը՝ քաղաքից չբացակայելու մասին ստորագրություն։
Դավիթ Ավետիսյանը «Սասնա ծռերի» անդամ, ՊՊԾ գնդի գրավման համար 7 տարվա ազատազրկման դատապարտված Վարուժան Ավետիսյանի որդին է՝ Ազգային-ժողովրդական բևեռի անդամ։
վիրավորել է վարչապետին, որակվել է «խուլիգան»
Կիրակի օրը Ավետիսյանը Անգլիական այգում պատահական հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Փաստաբան Արայիկ Պապիկյանը մանրամասնել է՝ ոստիկաններից մեկի կողմից կազմված արձանագրության համաձայն, նա վարչապետին ասել է «դավաճան» և «վիժվածք»։ Ըստ ոստիկանական զեկուցագրի՝ նաև ձեռքով հրել է Փաշինյանին։
ՁՊՎ-ից դուրս գալուց հետո Ավետիսյանը հայտարարել է, թե չի փոշմանում իր արածի համար, քանի որ «չի հայհոյել», այլ «ճշմարտությունը»՝ իր «հոգու խոսքն» է ասել։
Նա տարակուսած է նաև, որ Հայաստանի վարչապետը այգիներում անպաշտպան է քայլում․ «Ինձ համար անսպասելի էր, ինչքան էլ ինքն ինձ համար կարող է տհաճ անձնավորություն լինել, բայց վիրավորական է, որ երկրի ղեկավարը այնքան անպաշտպան է, որ ցանկության ու հնարավորության դեպքում հնարավոր էր ուղղակի ոչնչացնել նրան»։
Վարչապետի հետ իր զրույցը մի քանի վայրկյան է տևել՝ շարունակել է 21-ամյա ընդդիմադիրը․ «Դրանից հետո նրա թիկնապահները հասել ու իրենց գործողությունները կատարել են։ Ասեմ, որ շատ վատ են կատարել, որովհետև երբ արդեն պառկեցրին գետնին ինձ, մեկը ձեռքով բռնել էր քիթս ու բերանս, իրենց համար կարևորը իմ ձայն չհանելն էր, խոսք չէր կարող գնալ իմ ու վարչապետի անվտանգության մասին։ Կարևորը՝ վարչապետի անձը հանկարծ չվիրավորվի»։
Թիկնապահները, ըստ նրա, քաղաքացիական շորերով են եղել․ «Ոչ մեկը ոչ մի բան չի ներկայացրել, ոչ էլ բանավոր են ասել։ Նստեցրել են ոստիկանական ավտոմեքենա, բերել քննչական։ Երկու բերման ենթարկողներից մեկին, որն այնտեղ ներկա էր քաղաքացիական շորերով, խնդրեցի, որ փաստաթուղթ ցույց տա՝ ոստիկանության լեյտենանտ էր։ Մյուսը, որը ձեռքով քիթս ու բերանս փակել էր, չեկավ, քանի որ վայրկյանական հասցրին, թե ում տղան եմ։ Հարված չեն հասցրել, պառկեցրել են գետնին»։
Քննչական կոմիտեն մանրամասներ չի հաղորդել, նշվել է միայն, որ 21-ամյա տղամարդը անցնում է 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով խափանելով։
Ավետիսյանը փաստաբանը պնդում է՝ ցուցմունք տված մեկ ոստիկանը իրականությունն աղճատված է ներկայացրել։ Ըստ Պապիկյանի, իր պաշտպանյալը ի սկզբանե մոտեցել է վարչապետին ու ասել՝ պատասխան ես տալու իմ զոհված ընկերոջ և մեր տղաների համար։ Երբ ոստիկանները նրան ասֆալտին են փռել, նա Փաշինյանին անվանել է «դավաճան» և «վիժվածք»։
Փաստաբանը հիշեցրել է՝ «դավաճան» և «վիժվածք» բառերը հայհոյանք չե՛ն համարվում, դրանք կարող են դիտարկվել որպես վիրավորանք, իսկ վիրավորանքը Հայաստանում վաղուց ապաքրեականացվել է։
Ավետիսյանին, ըստ նրա, առանց կարգավիճակի մի քանի օր պահել են ՁՊՎ-ում։ Ի սկզբանե նա բերման ենթարկված է եղել, կիրակի գիշերը նոր-նոր քննիչը ձերբակալման որոշում է կայացվել, ընդ որում՝ առանց որևէ քննչական գործողություն կատարելու, առանց Ավետիսյանին տեսնելու, ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա։
Քրեական գործը փաստաբանը ամբողջությամբ անհիմն է որակում։ Նա բողոքներ է ներկայացրել Գլխավոր դատախազություն և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։
բա Ալեն Սիմոնյանի թքե՞լը
Սոցցանցերի օգտատերերը հիշեցնում են Ալեն Սիմոնյանի թքի մասին։ Ինչպե՞ս է ստացվում, որ Ազգային ժողովի խոսնակը ոստիկանների աչքի առաջ թքում է թիկնապահների կողմից անշարժացված քաղաքացու դեմքին և դա խուլիգանություն չի որակվում (ավելին՝ ոստիկանները բերման են ենթարկում ոչ թե թքողին, այլ տուժածին), բայց երիտասարդ տղային իսկույն ձերբակալում են մեկ-երկու վիրավորական խոսքի համար։ Ի վերջո, եթե Փաշինյանին վիրավորելու համար բոլորին ձերբակալեն, հայաստանյան ՁՊՎ-ներում ազատ տեղ չի մնա՝ ընդդիմության հանրահավաքների ժամանակ ավելի կոպիտ բառեր էլ են հնչում։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսյանն էլ զուգահեռներ է տանում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդու նկատմամբ ժամանակին հարուցված քրեական հետապնդման մասին։