«Ազգային ժողովրդավական բևեռը» այսօր ակցիա էր անում ԱՄՆ դեպսանատան մոտ։ Ի նշան երախտիքի՝ ԱԺԲ-ականները երկու պաստառ նվիրեցին դեսպանատանը։ Փոխանցեցին նաև Ջո Բայդենին հասցեագրված նամակը, որտեղ ափսոսանք էին հայտնում, որ Վուդրո Վիլսոնի վճռի տարեդարձը «տոնականորեն նշելու» փոխարեն Հայաստանը կանգնած է մարտահրավերներին հանդիման։ Նամակի հեղինակները հայցում էին ԱՄՆ «շատ ավելի ակտիվ ու լայնածավալ» աջակցությունը և բողոքում «Մոսկվայից և նրա հայաստանյան խամաճիկներից»։
Հավաքին՝ ԱԺԲ առաջնորդներից բացի, արտահայտվելու հնարավորություն ունեցան նաև ցուցարարները․
— Աշխարհը բաժանվել է երկու մեծ խմբի՝ Ամերիկա և Չինաստան։ Մենք շատ լավ գիտենք, որ Չինաստանի համախոհներն են Ադրբեջանը, Թուրքիան և ռուսը․․․ Մյուս փրկող մեր օղակը՝ Ամերիկան, միացյալ Արևմուտքը, Հնդկաստանը, որ մի ամբողջ մայրցամաք է․․․ Բազմաշերտ կռիվ է գնում։ Հայ ժողովուրդը չպետք է անտեղյակ մնա։
(Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի և Սևրի պայմանագրի մասին խոսելիս)
— Միայն հայերն ու քրդերն են տուժել և չեն ունեցել պետականություն։ ․․․Համար առաջին գերտերությունը օգնում է քրդերին՝ պետություն չունեցող քրդերին։ Դե հիմա հասկացեք՝ ինչքան ավելի կօգնի Հայաստանին։ Նա երբեք թույլ չի տա, որ Ռուսաստանը և Թուրքիան հզորանան։
— Եթե ռուսները քթներից էն կողմ չեն տեսնում, ապա Ամերիկան 100 տարի առաջ ծրագրավորում է իր նպատակները։ Նրա շահերի հետ միասին կշահենք նաև մենք։
— Արա Պապյանը իմ սիրած քաղաքական գործիչներից է։
— Ինչպես գիտենք՝ բոլշևիկները եկան, զավթեցին մեր երկիրը, զրկեցին մեզ պետականությունից։
— Մենք չունենք Վուդրո Վիլսոի արձանը․․․ Շուտով մենք կկանգնեցնենք Վիլսոնի արձանը․․․
— ․․․Արա Պապյանի օրհնված ձեռքը․․․
— Ես մտահոգ եմ իմ երկրի համար, ես Գերմանիայի քաղաքացի եմ․․․
— Թքած ունեմ սոցիալական վիճակի վրա․․․ Տաք տեղը թողել՝ եկել եմ, ձեր մի մասն եմ կազմում։ Եթե ես 6 հազար կիլոմետր կտրել՝ եկել եմ ու պայքարում եմ, ուրեմն ստեղի ապրողը պարտավոր է դուրս գալ պայքարի։
— Ամերիկան ուզում է օգնել՝ չեն թողնում, գեոպոլիտիկան չի թողնում։
— Արդար պայքար ենք տանում, բայց գիտենք, որ վերջը վատ ա լինելու։ Վստահ եմ։
— Վիլսոնյան իրավարար վճիռը գործում է հիմա և գործելու է հավերժ։
— Պարոն Բայդեն, Ձերդ գերազանցություն․․․
— Դժվար չէ հասկանալ, որ հողն է գերագույն արժեքը․․․ Եթե մարդիկ մի օր որոշեն լքել այս կորսված Երկիր մոլորակը, միանան Իլոն Մասկի այս նախագծին և տեղափոխվեն Մարս, միևնույնն է՝ դա նույնպես հող է, և կարճ ժամանակ անց երկրային տրամաբանությամբ մարսեցիները սահմաններ են նորից գծելու, կոչելու են դա հայրենիք, պայքարելու են հանուն դրա։ Այնպես որ, սիրելի ժողովուրդ, եկեք Երկրի վրա՝ մինչև Մարսին անցնելը, մեր ազգային առաքելությունը պատվով կատարենք, տեր կանգնենք մեր իրավունքներին, իրացնենք դրանք անպայման։ Եվ մենք այսօր այստեղ ենք, որ մեր շնորհակալությունը հայտնենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որի 28-րդ նախագահի՝ մեր ազգի մեծ բարերար Վուդրո Վիլսոնի շնորհիվ, մենք այսօր ունենք անժամկետ հայրենատիրության իրավունք։
— Որպես հայ մարդ ես մասնակցում եմ բոլոր պալիտիչեսկի սաբիտիյաներին։
Զառա Հարությունյան
լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի