«Իշխանություններն օգտագործում են պայմանական ազատազրկման դատավճիռն ինձ լռեցնելու համար»։ Այսպես է կարծում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ով երեկ Ազատության հրապարակում հացադուլ է սկսել՝ պահանջելով ազատ արձակել հուլիսի 30-ից անազատության մեջ գտնվող Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին և այլ քաղբանտարկյալներին։
Ինքը՝ Շահեն Հարությունյանը, երկու տարից առաջ մեղավոր էր ճանաչվել իր հոր և նրա ընկերների հետ 2013 թվականի նոյեմբերի 5-ին ակցիա անցկացնելու ընթացքում խուլիգանություն անելու մեջ, դատապարտվել 4 տարվա ազատազրկման։ Դատարանը վճռել էր պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել 4 տարվա փորձաշրջան:
Հացադուլի մեկնարկից հետո նա ծանուցում է ստացել, որով իրեն խնդրում են ներկայանալ Քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժին։ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Այսօր սկսեցի հացադուլս, քիչ առաջ տուն են տարել այս ծանուցումը։ Սերժ, դուրս եմ եկել ռեժիմիդ դեմ, այ սրիկա, հանցագործ։ Պիտի պայմանականս փոխե՞ս։ Փոխիր, դա ինձ պայքարից հետ չի պահում։ Ազատություն Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին»:
Epress.am-ի հետ զրույցում Հարությունյանը պատմել է, որ ծանուցում ուղարկելու պատճառաբանությունն այն է, որ հացադուլի պատճառով ինքը գիշերները մնալու է Ազատության հրապարակում, մինչդեռ իր դեմ վճռի համաձայն՝ նա չպետք է փոխի «բնակության վայրը»։ Ըստ օրենքի՝ նա պարտավոր է ամեն ամիս ներկայանալ իրավապահ մարմիններին և ստորագրություն տալ։ Ներկայանալու առաջիկա օրը օգոտսոսի 22-ն է։
Հարությունյանն առայժմ հրաժարվել է ներկայանալ Այլընտրանքային պատիժների կատարման բաժին։