Home / Հայաստան / Պայթյուններ Թուրքիայում․ 6 զոհ, հարյուրավոր վիրավորներ

Պայթյուններ Թուրքիայում․ 6 զոհ, հարյուրավոր վիրավորներ

Այսօր վաղ առավոտյան Թուրքիայի արևմուտքում գտնվող Էլազիգ քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ մեքենա է պայթեցվել, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել են 146, հայտնում է Sabah պարբերականի կայքը։ Էլազիգ նահանգի ղեկավարները հայտարարել են, որ մահացածները ոստիկաններ են, իսկ վիրավոր անձանցից 14-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Պայթյունից հետո Էլազիգ է ժամանել Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը։

Էլազիգի դեպքից մի քանի ժամ առաջ պայթյուններ են գրանցվել նաև Վանում և Հաքարիում։ Վանում օգոստոսի 17-ին՝ 23։00-ի սահմաններում մի մեքենա է պայթեցվել դարձյալ ոստիկանական բաժանմունքի մոտ․ զոհվել է 3 անձ, որոնցից մեկը ոստիկան, վիրավորվել է 70 մարդ։

Վանի նահանգապետ Իբրահիմ Տաշյապանի խոսքով՝ հարձակումն իրագործած անձանցից մեկը ձերբակալվել է։

Հաքարիում զինյալները կրակ են բացել ոստիկանական բաժանմունքի ուղղությամբ․ վիրավորվել է երկու ոստիկան։

Թուրքիայի իրավապահ մարմինների հավաստմամբ՝ արդեն պարզ է, որ Վանի և Հաքարիի հարձակումներն իրականացրել են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության զինյալները։

Tekali Taxi