Home / Ազգային ժողով / Հաց բերողի փորձաքննության կեղծումը Չարչյանին զրկեց անձեռնմխելիությունից

Հաց բերողի փորձաքննության կեղծումը Չարչյանին զրկեց անձեռնմխելիությունից

Ազգային ժողովն այսօր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին:

Գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարելու օգտին քվեարկել է 67 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցել են միայն իշխանական պատգամավորները:

Այժմ Չարչյանին կարող է նաև մեղադրանք առաջադրվել։ Դատախազությունը տեղեկացրել էր, որ գործը առնչվում է կեղծ բժշկական եզրակացությանըԼ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրենը, ըստ իրավապահների, ընդգրկված է եղել Արթուր Սարգսյանին («Հաց բերողը») նշանակված դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում և 2017-ի փետրվարի 8-ին ստորագրել է դատաբժշկական փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը։ Մոտ մեկ ամիս անց՝ 2017-ի մարտի 16-ին, «Հաց բերողը» մահացել է։

Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին ճեղքել էր ոստիկանական պատնեշը և սննունդ հասցրել Էրեբունի համայնքի ՊՊԾ գնդում պաշարված «Սասնա ծռեր» խմբի անդամներին և բժիշկներին։ Սարգսյանը մեղադրվում էր «Սասնա ծռերին» գործողություններին օժանդակելու մեջ։ Կալանավորվել է 2016-ի հուլիսի 31-ին, երբ ՊՊԾ գունդը գրաված խմբավորման անդամները վայր են դրել զենքերը և հանձնվել իրավապահներին։

2017-ի փետրվարի՝ երկրորդ անգամ կալանավորվելուց անմիջապես հետո, Սարգսյանը հացադուլ է հայտարարել։ Առողջական խնդիրների հիմքով օրեր անց նա ազատ է արձակվել, ինչից 10 օր հետո մահացել է։ Փաստաբանները պնդում են, որ «Հաց բերողի» հիվանդությունները զարգացել, մի մասը՝ ձեռք է բերվել անազատության մեջ գտնվելու ժամանակ․ 25-օրյա հացադուլի ընթացքում նրա վիճակը կտրուկ վատթարացել է։

Նախօրեին խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկել է նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:

տե՛ս Միլիարդների վատնում, անպիտան հրթիռներ․ Սեյրան Օհանյանը էլ անձեռնմխելի չէ