«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, որպես «հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանը քիչ առաջ մահացել է հիվանդանոցում։
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Արմենիա բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին ճեղքել էր ոստիկանական պատնեշը և սննունդ հասցրել Էրեբունի համայնքի ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին և բժիշկներին։
Նա ձերբակալվել էր բժիշկներին պատանդ պահելուն, ապօրինի զենք-զինամթերք է փոխադրելուն և կրելուն օժանդակելու մեղադրանքով։
Նրա խափանման միջոցը փոխվել էր 2016-ի դեկտեմբերի 31-ին, նա ազատ էր արձակվել: Սակայն փետրվարի 9-ին դատարանի որոշմամբ նրան կրկին կալանավորել էին։
Կալանավորման օրվանից սկսած Սարգսյանը հացադուլ էր հայտարարել։ Փետրվարի 27-ին Ազգային ժողովում Սարգսյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք էր սկսել, որին միացել էր 26 պատգամավոր։ Դիմումը պատգամավորներն ուղարկել էին Դատախազություն։
Հաց բերողին ազատ արձակելու պահանջ էին ներկայացրել նաև մի խումբ երիտասարդներ, ովքեր նստացույց էին սկսել Ազատության հրապարակում։
Մարտի 6-ին դատախազությունը որոշում էր կայացրել բավարարել պատգամավորների դիմումը և ազատ արձակել արդեն 24 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Սարգսյանին։
Մի շարք հիվանդություններ ունեցող Սարգսյանը ազատ արձակվելուց հետո տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից նրան մի քանի օր անց դուրս էին գրել։
Երեկ Սարգսյանի հարազատները հայտնել էին, որ նա սուր ցավերով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան պետք է վիրահատեին։ Նրանք նշել էին, որ Սարգսյանի վիճակը կտրուկ վատացել էր, երբ նա քննչական մարմնից ներկայանալու ծանուցում էր ստացել։