հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Հաց բերողի վիճակը մտահոգիչ է. ստորագրահավաք ԱԺ-ում, ակցիա՝ փողոցում

Հաց բերողի վիճակը մտահոգիչ է. ստորագրահավաք ԱԺ-ում, ակցիա՝ փողոցում

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, որպես «հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանն արդեն 18 օր է՝ հացադուլի մեջ է և մտադիր չէ այն դադարեցնել, թեև առողջությունն այլևս չի ներում նման պայքարի ձևը։ Սարգսյանի վիճակը քննարկման առարկա է դարձել ԱԺ-ում, ինչպես նաև մտահոգության առարկա՝Երևանի փողոցներով երթ անցկացրած մի խումբ քաղաքացիների շրջանում: 

Այսօր ԱԺ քառօրյայի մեկնարկին Արթուր Սարգսյանի հարցը բարձրացել է նախ պատգամավոր Հեղինե Բիշարյանը, ապա  պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Սարգսյանի համար ստորագրահավաք է սկսում, որին միացել է 26 պատգամավոր։ Հաց բերողի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը փոխելու  դիմումը պատգամավորներն ուղարկել են Դատախազություն։

17.00-ի սահմաններում  Արթուր Սարգսյանի փաստաբաններ  Տիգրան Եգորյանը, Վահե Գրիգորյանն ու Դավիթ Գյուրջյանը հայտարարություն են տարածել՝ նշելով, որ վերջին օրերին հացադուլավորի  առողջությունն էլ ավելի է վատացել:

«Նրա մոտ առկա են ցավեր ողնաշարի և ոտքերի հատվածում (պայմանավորված Բեխտերևի հիվանդությամբ), աչքերի ցավեր լույսից, որովայնի ցավեր: Վերջին 10 օրվա ընթացքում նաև արցունքակալում են Արթուր Սարգսյանի աչքերը, նա ունենում է գլխապտույտներ: Փետրվարի 15-ից սկսած՝ Արթուր Սարգսյանի մոտ ժամանակ առ ժամանակ լինում են արյունային փսխումներ, հատկապես՝ փետրվարի 23-ին. դրանք օրվա ընթացքում կրկնվել են մի քանի անգամ և եղել են մեծածավալ: Փետրվարի 25-ից սկսած՝ ֆիզիկական հյուծվածության հետևանքով Արթուր Սարգսյանն այլևս չի կարողանում քայլել անգամ բնական կարիքները հոգալու համար: Փետրվարի 25-ին Սարգսյանի մոտ այտուցվել է նրա աջ ոտքի ծունկը, ինչի պատճառը հայտնի չէ, չնայած այդ կապակցությամբ հերթապահ բժիշկը զննել է նրա ոտքը: Ֆիզիկական հյուծվածությունն արդեն այն աստիճան է, որ էապես դժվարացնում է նաև խոսելու հնարավորությունը՝ ձայնը գրեթե լսելի չէ»,- ասված է  հայտարարությունում։

18.00-ին Արթուր Սարգսյանին սատարելու նպատակով քաղբանտարկյալ  Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը երթ է կազմակերպել։ Ազատության հրապարակում  հավաքին միացել է  մոտ 300 հոգի։

Ակցիայի մասնակիցներից շատերն պահել էին Հայաստանի դրոշներ և պաստառներ «Արթուր Սարգսյանը  խղճի գերի է», «Ազատություն, արժանապատվություն», «Ազատություն հաց բերողին» գրառումներով։

Ազատության հրապարակում Շահեն Հարությունյանը կոչ է արել ոչ թե  նստել համակարգիչների մոտ և  գրել, որ անհանգստանում են Արթուրի համար, խնդրել, որպեսզի նա դադարեցնի հացադուլը՝ իր իրավունքների համար պայքարը, այլ դուրս գալ փողոց և աջակցել  նրան այդ պայքարում։

Շահեն Հարությունյանը նաև առաջարկել է Ազատության հրապարակում անժամկետ նստացույց սկսել։ Այս առաջարկին շատերը դեմ են արտահայտվել, քանի որ սաստիկ ցուրտ է եղել։

Հավաքվածները երթով շարժվել են դեպի Դատախազություն: Երթի մասնակիցները ծրագրել են վաղը նույն ժամին կրկին հավաք անցկացնել։