Առաջին խորհրդատվական եզրակացությունը Տիգրան Օհանջանյանի մահվան գործով կազմվել է 2021 թվականի մայիսին, շուտով կլրանա երեք տարին։ Վերջինը՝ Լևոն Թորոսյանի սպանության գործով, կազմվել է 2022-ի օգոստոսին, և մյուսների հետ միասին ներկայացվել վարչապետին։ Խաղաղ պայմաններում զոհված զինվորների գործերով զբաղվող փաստաբան Արայիկ Պապիկյանն ամփոփում է Նիկոլ Փաշինյանի առաջարկով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունն ու հավելում՝ ամեն ինչ մնացել է թղթի վրա։
Ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերով զբաղվող աշխատանքային խումբը ստեղծվել էր դեռևս 2020 թվականին։ Այն բաղկացած էր վեց իրավաբաններից. երեքին ընտրել էին սպանված զինվորների մայրերը, մյուս երեքին էլ վարչապետն էր նշանակել։ Ընդ որում վարչապետի կողմից նշանակված իրավաբան Աննա Վարդապետյանը 2022-ին դարձավ Հայաստանի գլխավոր դատախազ։
Փաստաբան Պապիկյանը նշում է, որ խումբը բավականին արդյունավետ աշխատանք է արել։ Բոլոր գործերով կազմված խորհրդատվական եզրակացությունները հաստատվել են միաձայն, նույնիսկ հատուկ կարծիք չի եղել։
«Տիգրան Օհանջանյանի դեպքով ասում էին, որ նա զորամասի տարածքում հոսանքահարվել է: Աշխատանքային խումբը չհաստատեց այդ վարկածը։ Ափսոսանքով պետք է նշեմ, որ հանձնաժողովի կատարած աշխատանքները հանձնվեց թղթին, հասավ մինչև դատախազություն, քննչական և այդպես էլ մնաց», – ասում է իրավաբանը։
Խորհրդատվական եզրակացություններից հետո Եվրոպական դատարանը վճիռներ կայացրեց Տիգրան Օհանջանյանի և Վալերիկ Մուրադյանի գործերով, որոնց մեջ նշված է՝ պետության ներկայացրած պաշտոնական վարկածը արժանահավատ չէ։
Խորհրդատվական եզրակացության, Եվրոպական դատարանի վճռով հերքված պաշտոնական վարկածի փոփոխման համար իրավաբանը կրկին դիմել է քննչական կոմիտե, այնուհետև դատախազություն։ Երկու գերատեսչությունների կողմից էլ մերժում է ստացել։ Ասում է՝ իրավական տեսանկյունից այլևս անելիքներ չկան։
«Հայաստանի թիվ մեկ պատասխանատու պաշտոնյան՝ գլխավոր դատախազը, արդեն քաջատեղյակ լինելով այդ գործերի ընթացքի մասին, կարող էր իր լիազորությունների սահմաններում հանձնարարություններ տալ համապատասխան աշխատակիցներին, բայց կարծես թե բացահայտելու կամք չկա», – նշում է Պապիկյանը։
Իրավաբանն ու մայրերը պնդում են՝ բազմաթիվ պաշտոնատար անձինք, ովքեր տարիների ընթացքում կոծկել են այս գործերը, այսօր էլ շարունակում են պաշտոնավարել։
Պապիկյանը մեկ օրինակ է բերում․ «2010-ին Արցախի զորամասերից մեկում, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանության գործը վարող քննիչը առաջին ամիսներին այնքան վատ էր իր գործն արել, ապացույցներն այնպես էր կեղծել և ոչնչացրել, որ դեռ այն ժամանակ՝ 2011-ին, նրան հեռացրել էին աշխատանքից։ Այսօր այդ անձնավորությունը կայազորի դատախազ է»։
Անցած տարի սևազգեստ մայրերը մոտ 100 պաշտոնյաներից բաղկացած ցուցակ հրապարակեցին՝ մարդկանց, որոնք մեղսակցել են այս գործերի կոծկմանը, որոնք անարդյունավետ են կատարել իրենց աշխատանքը կամ խոչընդոտել են բացահայտմանը։ Դիմում է ներկայացվել դատախազություն, որ այդ անձանց հետ որոշակի իրավական աշխատանքներ տարվեն։ Դիմումն անգամ չի քննարկվել։
«Քանի որ պետությունը այս գործերով Եվրոպական դատարանի վճռից հետո ոչինչ չէր անում, դիմել ենք [Եվրոպական խորհրդի] Նախարարների կոմիտե, որ այս գործերի կատարման ընթացքն իր հսկողության տակ վերցնի։ Սա աննախադեպ իրավիճակ է, երբ իրավական հարցերը փորձում ենք լուծել քաղաքական ճանապարհով։ Մեր իշխանություններն այլ ճանապարհ չեն թողել։ Նախարարների կոմիտեն բանաձև ընդունեց խաղաղ պայմաններում զոհված կամ սպանված զինվորների գործերի քննության անարդյունավետության վերաբերյալ։ Բանաձևում նշվեց, որ նախարարների կոմիտեն այս խնդրին անդրադառնալու է մինչև 2025 թվականը, և Հայաստանից պահանջում է ներկայացնել նաև վիճակագրական տվյալներ, թե ինչ է արվել այս ընթացքում», – ամփոփել է Արայիկ Պապիկյանը։