Home / Ոստիկանություն / Ընդդիմությունը ԵՄ-ի երևանյան գրասենյակից գնահատական է ուզում

Ընդդիմությունը ԵՄ-ի երևանյան գրասենյակից գնահատական է ուզում

Ընդդիմությունն այսօր բողոքի ցույց էր անում Եվրամիության երևանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով գնահատական տալ հայաստանյան ոստիկանության գործողություններին։ Հունիսի 3-ին տեղի ունեցած բախումների մեջ ընդդիմությունը և ոստիկանությունը մեղադրում են միմյանց։

Ուրբաթ օրը՝ խորհրդարանի տապալված արտահերթ նիստից հետո ընդդիմադիրները հերթական քայլերթն էին անում։ Հասան կառավարական ամառանոցներ, գնում էի Ազգային ժողովի մոտ։ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկին ոստիկանական պատնեշ էր։ Ցուցարարները փորձեցին ճեղքել այն, հրմշտոց և քաշքշուկ սկսվեց, ցուցարարների շարքերից քարեր և շշեր էին նետում ոստիկանների վրա, ոստիկանները 2018-ից ի վեր առաջին անգամ հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ և մահակներ էին կիրառում․․․

Բախումներից հետո տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել 60 անձինք, նրանցից 39-ը՝ ոստիկանության ծառայողներ։ Տուժածների մեծ մասը հոսպիտալացվել է Հերացի բժշկական կենտրոն, այնտեղից հայտնեցին՝ գլխի շրջանում լուրջ վնասվածք ստացած ցուցարարը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ոստիկանների շրջանում կան կոտրվածքներ ունեցողներ։

Քրեական գործ է հարուցվել Զանգվածային անկարգությունների հոդվածով։ Հունիսի 4-ի ժամը 16-ի դրությամբ 13 անձ ձերբակալվել է։

Ոստիկանության երեկվա հաղորդագրությունը՝

Ընդդիմությունը պնդում է, որ բախումները ոստիկանական սադրանքի, անհամաչափ ուժի կիրառման հետևանք էին․ ոստիկանների գործողությունները դաշնակցական Իշխան Սաղաթելյանը «Կոլցո» օպերացիա է որակում։ Համացանցում տարածված տեսանյութերից մեկում երևում է, ինչպես է ոստիկանը ոտքով խփում ցուցարարին, մեկ այլ տեսանյութում մի քանի ոստիկաններ ծեծում է ցույցի մասնակիցներից մեկին։

Ոստիկանությունը, իր հերթին, հայտարարում է, որ ուժ և հատուկ միջոցներ է կիրառել, քանի որ ցուցարարներն իրավապահների օրինական պահանջը չեն կատարել, փոխարները բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ, քարեր, շշեր ու մետաղյա առարկաներ նետել նրանց ուղղությամբ։

ավելի մանրամասն՝ այստեղ