Ադրբեջանի Գուբինի շրջանի Խինալիղ գյուղում զբոսաշրջիկներին առաջինը երեխաներն են դիմավորում․ նրանք փորձում են իրենց մայրիկների գործած գուլպաները վաճառել։ Դա տեղացիների համար եկամտի գրեթե միակ աղբյուրն է։ Գյուղը ծովի մակարդակից 2100-2200 մ․ բարձրության վրա է։ Գյուղացիները հիմնականում անասնաբուծությամբ են զբաղվում։ Այլ աշխատանք գործնականորեն չկա, պատմում է Մեյդան TV-ի կողմից պատրաստված տեսանյութը։
Ուլքեր Ղարիբովայի ամուսինն ուրիշի անասունն է արածեցնում, քանի որ սեփականը քիչ է։ «Աշխատավարձը փոքր է, ամեն ինչ թանկ է։ Մի խոսքով, կյանքը ծանր է», – ասում է կինը։
Մարջան Հուսեյնովան գուլպա է գործում, երեխաներն էլ՝ վաճառում մեկ 6, մեկ 10 մանաթով։ Մայիս ամսին, ասում է նա, ավելի հեշտ է․ և՛ գուլպաներն են վաճառվում, և՛ պանիրը․ «Ամուսինս էլ անասուն է արածեցնում․․․ փող ունենում ենք»։
Ձմռանն է բարդ լինում․ դպրոցական տարիքի երեխաները կոշիկի ու հագուստի կարիք են ունենում, դրանք գնելը հեշտ չէ։
Գյուղի դպրոցում մոտ 300 աշակերտ է սովորում, որոնցից տարեկան 7-8 հոգի է բուհ ընդունվում, այդ թվում՝ աղջիկներ։
Ուսուցիչ Իլյաս Հուսեյնովն ասում է, որ վերջին 5-6 տարիներին հայացքները Խինալիղում շատ են փոխվել․ «Աղջիկները նախկինում էլ էին միջնակարգ դպրոց հաճախում, բայց բուհ ընդունվել ծնողները հիմնականում թույլ չէին տալիս։ Սակայն վերջին տարիներին այդ մոտեցումը փոխվել է․ ծնողները հասկանում են, որ ամեն բան զարգանում է․․․»։
– Յուսիֆ, այսօր քանի՞ զույգ գուլպա ծախեցիր, – դիմում է Հուսեյնովան որդուն։
– Մեկ զույգ։
Տան գործերն ամբողջությամբ ավագ դստեր՝ Աիշայի վրա են։ Այս տարի նա 9-րդ դասարանն ավարտեց։ Երազում է աշխարհագրության ուսուցչուհի դառնալու մասին, սակայն ընտանիքը կրթության համար գումար չունի։
«Հայրն ասում է՝ դպրոցից կհանի, – պատմում է Մարջան Հուսեյնովան, – փող չկա։ Իսկ երեխան սովորել է ուզում, դիպլոմ ստանալ։ Հայրը չգիտի՝ ի՞նչ անել»։
Գյուղում ո՛չ գազ, ո՛չ էլեկրտականություն, ո՛չ ինտերնետ, ո՛չ էլ նույնիսկ հիվանդանոց կա։ Հուսեյնովների երեխաները ծնվելուց ի վեր բժշկի մոտ չեն եղել։
«Ամուսինս հիվանդ է, կուզեի՝ բուժեինք։ Ու գոնե մեկ անգամ երեխաներին բժշկի տանեինք․․․ Մեծ աղջիկս արդեն 16 տարեկան է, ոչ մի անգամ բժշկի ցույց չեմ տվել։ Փոքրս 12 է, իրեն նույնպես։ Չգիտեմ էլ՝ հիվա՞նդ են, թե՞՝ չէ։ Փոքր տղաս ժամանակին այրվածքներ ստացավ, նրան ոչ մի անգամ չեն հետազոտել»։
– Իսկ ձե՞զ։
– Ես ջանդամ, նրա՛նք են կարևորը․․․ Նրանց կյանքը դեռ առջևում է, իսկ ես արդեն 40-անց եմ․․․
Արևոտ օրերը փրկություն են ու երկարատև ձմռան համար գումար հետ գցելու հնարավորություն։