Զվարթնոց օդանավակայանում հուլիսի 15-ին ձերբակալված 25-ամյա ռուսաստանցին երեկ երեկոյան ազատ է արձակվել։ Ռուսաստանում նրան մեղադրում են դասալքության՝ զորամասը կամ ծառայության վայրը լքելու մեջ։
Իրավապաշտպան Անի Չատինյանի խոսքով, Իվանը հետախուզման մեջ է անցյալ տարվա ապրիլից։ Նա զորամասը լքել է 2022 թվականին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի առաջին տարում։ Ռուսաստանում դատարանը կալանավորման որոշում է կայացրել։ Հայաստանցի սահմանապահները նրանց ձերբակալել են Ղազախստանի Ակտաու քաղաքից Երևան ժամանալուց անմիջապես հետո։ Սա ստանդարտ պրոցեդուրա է՝ հետախուզվողների տվյալները ներառված են Հայաստանի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում։
Ինչպես է ձևակերպվել Իվանի ձերբակալությունը, ինչ հիմքով է ազատ արձակելու որոշում կայացվել՝ պարզ չէ։ Զինվորական հոդվածներով հետախուզվողներին մինչ այս երբևէ չեն արտահանձնել։ Իրավապաշտպանի խոսքով՝ նման միջնորդություններ էլ չեն եղել, արտահանձնման պահանջ Ռուսաստանը պարզապես չի ներկայացրել։
Անցած ամիսների ընթացքում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականները, շրջանցելով Հայաստանում գործով իրավակարգավորումները, առևանգել և Ռուսաստան էին փախցրել դասալքության մեջ մեղադրվող Դմիտրի Սետրակովին։ Սետրակովը փախել էր ուկրաինական ռազմաճակատից, հետախուզման մեջ էր գտնվում։ Արտահանձնման պահանջ նրա դեպքում չի եղել՝ Գյումրու ռուսական բազայի ռազմական ոստիկաններն ուղղակի բռնել էին նրան և տարել Դոնի Ռոստով՝ մեկուսարան։ Զորամասն ինքնակամ լքելու հոդվածով մեղադրվող Անատոլի Շչետինինի պարագայում այս մեխանիզմը չէր աշխատել․ ռուս զինվորականները փորձել էին հանել նրան Հայաստանից, հայ սահմանապահներն արգելել էին դա՝ պահանջելով արտահանձման պաշտոնական ընթացակարգ մեկնարկել։
Առնվազն 4 դեպք է հայտնի, երբ Հայաստանում բերման են ենթարկել քաղաքական դրդապատճառներով Ռուսաստանում հետապնդվող միգրանտներին։ Բոլոր դեպքերում նրանց ազատ են արձակել՝ պահպանելով սահմանահատման արգելքը։ Չեչեն Սալման Մուկաևի դեպքում Հայաստանի դատարանը հետագայում մերժել է արտահանձնման միջնորդությունը և վերացրել կիրառված սահմանափակումները։ Նիկիտա Կամենսկիին և Իրինա Բելաչեուին անհատական կարգով թույլատրվել է լքել Հայաստանը։ Մնացածը դեռ առկախված վիճակում են։
Ձերբակալվել են նաև զինվորական հոդվածներով հետախուզվող Բելառուսի քաղաքացիներ։ Զինծառայությունից խուսափելու համար մեղադրվող բելառուսցիներից մեկին Հայաստանը քաղապաստան է տվել և մերժել արտահանձնումը։ Մյուս երեքի հայցը դեռ քննվում է։