Ռուս-ուկրաինական պատերազմի երկուսուկես տարիների ընթացքում ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Կիևը ռազմական զոհերի մասին հավաստի տվյալներ չեն հրապարակում։ Զոհված զինծառայողների «հաշվառմամբ» զբաղվում են լրագրողները։
Բաց աղբյուրների հիման վրա Մեդիազոնան և ԲիԲիՍիի ռուսական ծառայությունը կարողացել են նույնականացնել Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված առնվազն 56 452 ռուսաստանցի զինծառայողի։
Շաբաթական ցուցանիշները նորից աճում են՝ ենթադրաբար, Խարկովի ուղղությամբ ռուսական լայնածավալ հարձակման հետևանքով։ Միայն վերջին երկու շաբաթների ընթացքում ռուսական մեդիաները 1 689 զոհի են իդենտիֆիկացրել։
Նույնականացված զոհերի 14 տոկոսը կամավորներ են՝ քաղաքացիական անձինք, որոնք Զինված ուժերին միացել են պատերազմի մեկնարկից հետո։ Ռուսաստանի կառավարությունը կամավորագրվածներին մեծ աշխատավարձ (մի քանի անգամ ավել, քան գործարանում աշխատողի միջին ամսական եկամուտը) և սոցարտոնությունների լայն փաթեթ է առաջարկում։ Ռուսաստանի քաղաքացիություն չունեցողներին ռազմաճակատ մեկնելու դիմաց անձնագիր են տալիս արագացված ընթացակարգով։ Կան շահագրգռելու նաև այլ մեխանիզմներ։
Զինվորագրումը ազատում է նաև բանտարկությունից՝ զինվորների են հավաքագրում նաև կալաավայրերում և (այդ թվում նաև խիստ ռեժիմի) գաղութներում։ Ռազմաճակատ մեկնելու դիմաց դատապարտյալներին (ներառյալ նրանց, ովքեր բանտարկվել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների՝ բազմակի սպանությունների, բռնաբարությունների, պեդոֆիլիայի, կանիբալիզմի և այլնի համար) համաներում են շնորհում, որը հաստատող փաստաթուղթը հնարավոր է ստանալ միայն ճակատից վերադառնալուց հետո։ Անցած երկուսուկես տարիների ընթացքում գրանցվել են պատերազմից վերադառնալուց հետո համաներման արժանացած դատապարտյալների կողմից կրկնահանցագործությունների հազարավոր դեպքեր, այդ թվում` սպանություններ, բռնաբարություններ և այլն։
Մեդիազոնայի տվյալներով, զոհվածների ամենամեծ խումբը՝ մոտ 20 տոկոս, հենց նախկին դատապարտյալներ են։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ նրանց ֆրոնտի ամենավտանգավոր հատվածներն են ուղարկում՝ շտրաֆբատի սկզբունքով։ Ազատության են արժանանում միայն վերապրածները։
Հաստատված զոհերի ևս 12 տոկոսը մոբիլիզացվածներն են՝ պահեստազորայինները, որոնց բանակ են տարել 2022-ի սեպտեմբերին հայտարարված զորակոչի շրջանակներում։
Նույնականացմամբ զբաղվող հարթակները նշում են, որ զոհերի իրական թիվը շատ ավելի շատ է, քան իրենց ներկայացրածը։
Հրապարակված վիճակագրությունը հիմնվում է տվյալների վրա, որոնք հնարավոր է գտնել և ստուգել բաց աղբյուրների միջոցով։ Խոսքը պաշտոնյաների առանձին հայտարարությունների, լրատվական հաղորդումների, զոհվածների հարազատների սոցցանցային գրառումների, համայնքապետարանների, դպրոցների, տարբեր հաստատությունների հրապարակած մահախոսականների, գերեզմանատներից ստացվող տեղեկությունների մասին է։
Հետաքննության հեղինակները ենթադրում են, որ զոհերի իրական թիվը կարող է նույնացվածներից կրկնակի շատ լինել` շուրջ 113 հազար մարդ, չհաշված Դոնեցկի և Լուգանսկի սեպարատիստական խմբավորումների ներկայացուցիչները։ Նոյեմբերի վերջի տվյալներով՝ այնտեղ զոհվել է մոտավորապես 23,5 հազար մարդ։ Այսինքն, ընդհանուր գնահատականներով զոհերի թիվը մոտավորապես 136 500 է, եթե ոչ ավել։
Օրինակի համար՝ ներկայացված վիճակագրությունը ներառում է «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության հրապարակած ցանկի 19 547 զոհերից միայն 6 902-ի անունները։ Մնացածի մասին տեղեկությունները ստուգել չի հաջողվել։
Փետրվարին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական կողմի զոհերի թիվը 31 հազար է։ Փորձագետների գնահատականներով՝ իրական թիվը շատ ավելի շատ է։
2023 թվականի դեկտեմբերին թողարկված UA losses անանուն նախագծին հաջողվել է բաց աղբյուրների հիման վրա տեղեկություններ հավաքել 51 245 զոհերի մասին, որոնք ուկրաինական բանակում ծառայել են հունիսի սկզբի դրությամբ։ Տրամաբանությունը նույնն է նաև այստեղ՝ իրական թիվը կարող է զգալիորեն գերազանցել հաստատվածը։
Հրապարակված մահախոսականների ընտրողական վերստուգումը հաստատել է նշված տվյալների հավաստիությունը, ասվում է «Մեդիազոնայի» փետրվարին հրապարակված նյութում։
կոմյունիկեներ պատերազմի ժամանակ
Հունիսի 16-ին հրապարակվել է Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեն: Փաստաթուղթն ընդունվել է մասնակից երկրների մեծամասնության կողմից։ Հայաստանը փաստաթուղթը չի ստորագրել։
Կոմյունիկեն Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին կարևոր շեշտադրումներ է պարունակում, բայց «Զելենսկու բանաձևի» (Ուկրաինայի կողմից առաջարկվող խաղաղության պաշտոնական նախագծի) մի քանի առանցքային կետերը փաստաթղթից դուրս են մնացել։ Մասնակից երկրները ընդհանուր առմամբ վերահսատատել են ռուսական ներխուժումից հետո ընդունված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևը, պահանջել են ռազմական գործողությունների դադարեցում և ռուսական զորքերի դուրսբերում` ամբողջական և առանց նախապայմանների։
Գագաթնաժողովի արդյունքում մշակված փաստաթղթում, սակայն, բաց են թողնված մի շարք կարևոր կետեր ռուական զորքերի հեռանալու և Ռուսաստանի կողմից Ուկրաինային փոխհատուցում վճարելու մասին։
Մասնակից երկրներն ընդհանուր առմամբ սահմանափակվել են երեք հիմնական կանխադրույքներով.
— Ատոմային էներգիայի անվտանգություն, այդ թվում` Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողության փոխանցում Ուկրաինային (այս պահին գրավված է ռուսական զորքերի կողմից) և Ուկրաինայի նկատմամբ ատոմային զենքերի կիրառման սպառնալիքների արգելք;
— Ազովի ու Սև ծովերում ուկրաինական նավահանգիստների և գյուղատնտեսական օբյեկտների ամբողջական հասանելիոթյան ապահովում։ Մասնակից երկրների պնդմամբ, դրանցից է կախված համաշխարհային մթերային անվտանգությունը;
— Բոլոր ռազմագերիների ազատում, արտաքսված և ապորինի ձերբակալված ուկրաինացի խաղաղ բնակիչների և երեխաների վերադարձ;
Կոմյունիկեն ստորագրել է մասնակից երկրների մեծամասնությունը՝ այսպես կոչված «Հավաքական արևմուտքից» սկսած, լատինամերիկյան և աֆրիկյան երկրների մեծ մասով ավարտած։
Փաստաթուղթը չեն ստորագրել 11 երկրներ՝ Հայաստանը, Հնդկաստանը, Բահրեյնը, Կոլումբիան, Ինդոնեզիան, Լիբիան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, Թայլանդը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Հարավային Աֆրիկան։ 80 ստորագրողներից 2-ը՝ Բրազիլիան և Վատիկանը, հետ են կանչել իրենց ստորագրությունը։
Ռուսաստանն այս տարի գագաթնաժողովին հրավիրված չէր։