Ռուսական բանակը վերջին օրերին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է իրականացնում ուկրաինական Խարկովի մարզում։ Ռուսական կողմը զեկուցում է գրավված բնակավայրերի մասին, Ուկրաինայից պնդում են, որ մարզում իրավիճակը վերահսկելի է։
Ուկրաինայի Պաշտպանության նախարարության Հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը The New York Times-ին տված հարցազրույցում ասել է, որ իրավիճակը Խարկովի մարզում «ամեն ժամ ավելի ծայրահեղ է դառնում»։ Նա համաձայնել է պաշտոնական գերատեսչությունների խոսնակների ու ուկրաինացի որոշ փորձագետների գնահատականների հետ՝ ռուսական կողմի հարձակվողական առաջադրանքներից է ուկրաինական պաշարները սպառելը և ուժերը ռազմաճակատի այլ հատված տեղափոխելը։ Բուդանովի կանխատեսմամբ, առաջիկա օրերին ուկրաինական զորքերին կհաջողվի կայունացնել իրադրությունը Խարկովի մարզում, բայց չի բացառվում, որ դրանից հետո ռուսական զորքը հարձակման անցնի արդեն հյուսիսի՝ Սումիի մարզի ուղղությամբ։
Մայիսի 13-ին մարտեր էին ընթանում նաև Վոլչանսկում, որը տեղակայված է Խարկով քաղաքից հյուսիս-արևելք և ռազմավարական նշանակություն ունի ողջ մարզի պաշտպանության համար։ Այդ ուղղությամբ ռազմական գործողություններ իրականացնող ստորաբաժանման հրամանատար Դենիս Յարոսլավսկու խոսքով, ռուսական բանակը քաղաքը ոչնչացնում է ավիահարվածներով. «Ամեն երեք րոպեում հինգից յոթ ռումբ են գցում»։
Խարկովի մարզի ոստիկանապետ Վլադիմիր Տիմոշկոն ասում է, որ քաղաքից խաղաղ բնակչության շտապ և ամբողջական տարհանումն այս պահին անհրաժեշտություն է։ «250 կամ նույնիսկ 500 կիլոգրամանոց ռումբեր են, կարող են բազմահարկ շենքեր գետնին հավասարեցնել։ Ինչ-որ իմաստով Վոլչասնկը Բախմուտ կամ Մարյինկա է դառնում», — «Ուկրաինական ռադիոյի» եթերում հայտարարել է Տիմոշկոն։
Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով, Վոլչանսկից և շրջակա բնակավայրերից վերջին օրերին 7532 մարդ է տարհանվել, այդ թվում` 568 երեխա և 201 հաշմանդամություն ունեցող անձ։ Վոլչանսկում այս պահին 200-300 խաղաղ բնակիչ է մնացել։
Բի-բի-սի-ն Խարկովի նոր մարտերի մասին խոսել է ուկրաինական հատուկ հետախուզական ստորաբաժանման հրամանատար Դենիս Յարոսլավսկու հետ։ Նրա խոսքով, պաշտպանության առաջին գիծ պարզապես չի եղել։ «Այնտեղ պետք է ականապատ դաշտեր լինեին։ Երկու տարվա ընթացքում կարող էին մինուս երեք հարկ ամրություններ կառուցել։ Ռուսները ուղղակի քայլելով մտել են», – ասել է Յարոսլավսկին։
Նա ցույց է տվել անօդաչու թռչող սարքի մի քանի օր առաջվա տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են ռուսական զորքերի շարասյուները անցնում սահմանը` առանց որևէ դիմադրության։
Հրամանատարի խոսքով, պաշտոնական անձինք հաճախ են խոսում նոր ամրությունների կառուցման մասին, այդ նպատակով մեծ գումարներ են հատկացվում, բայց փաստացի ոչինչ չի արվում. «Կամ հանցավոր անգործություն է, կամ կոռուպցիա»։
Խարկովի մարզում ռուսական բանակը կիրառում է արդեն հայտնի «այրված հողի» մարտավարությունը, երբ տարածքը գրավելու փորձին նախորդում են զանգվածային ռմբակոծությունները, որոնք փաստացի գյուղեր ու քաղաքներ են ամբողջությամբ գետնին հավասարացնում։ Փորձագետների գնահատմամբ ամեն ժամ Վոլչանսկի ուղղությամբ 50-60 արկ է նետվում` չհաշված սահող ռումբերը, որ ռուսական իքնաթիռների կողմից արձակվում են առաջնագծից տասնյակ կիլոմետրեր հեռու, այսինքն` ուկրաինական հակաօդային պաշտպանության հասանելիության գոտուց դուրս։
Շուրջ հազար կիլոմետր երկարությամբ առաջնագծի ողջ երկայնքով Ռուսաստանն օրական ավելի քան հարյուր ռումբ է պայթացնում։
Ռուսական պրոռազմական տելեգրամ ալիքները Խարկովի մարզի ուղղությամբ նոր հարձակման մասին գրում էին մայիսի 10-ի առավոտից։ Ավելի ուշ տեղեկությունները հաստատվեցին Ուկրիանայի իշխանությունների կողմից։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հարձակման մեկնարկը պաշտոնապես չէր հայտարարել, բայց արդեն զեկուցել է ինը բնակավայրերի գրավման մասին։
Ուկրաինայի զինված ուժերի գենշտաբը մայիսի 13֊ին հայտնել էր, որ ռուսական զորքերը «մարտավարական հաջողություններ» ունեն Վոլչանսկում։ Գերատեսչության տվյալներով Ռուսաստանի ԶՈՒ-ն հարձակման համար զգալի ուժեր է հատկացրել` հինգ գումարտակ։
Ռուսաստանի լայնածավալ ռազմական գործողություններն Ուկրաինայում շարունակվում են արդեն ավելի քան երկու տարի` սկսած 2022-ի փետրվարի 24-ից։ Զորքերը ներխուժում են նաև Բելառուսից, բռնակցված Ղրիմից և Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի արևելյան շրջաններից։ Ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել են ուկրաինական Վոլնովախա, Մարիուպոլ, Իզյում, Պոպասնայա, Ռուբեժնոե, Սևերոդոնեցկ, Կրեմենայա, Զոլոտոե, Մարյինկա, Սոլեդար, Ուգլեդար, Բախմուտ, Ավդեևկա քաղաքները։
Migration Data Portal-ի տվյալներով, 2024 թվականի փետրվարի դրությամբ աշխարհի տարբեր երկրներում փախստականի կարգավիճակով ապրում են ավելի քան 6.5 միլիոն ուկրաինացիներ։ 2023-ի դեկտեմբերի տվյալներով շուրջ 3.7 միլիոն մարդ տարհանվել և վերաբնակեցվել է Ուկրաինայի ներսում։ Տարհանվածների 39 տոկոսը բնակության վայրը փոխել է մի քանի անգամ։
Զոհերի մասին երկու կողմերն էլ հստակ տեղեկություններ չեն հայտնում։ Потерь.нет կայքի տվյալներով, ռուսական կողմն ունի 74.481 նույնականացված զոհ։ Ուկրաինական կողմը նույնականացված զոհերի մասին վերջին անգամ հայտարարել է 2024-ի փետրվարին՝ 31,000 մարդ։ Զոհերի և անհետ կորածների թիվը, ըստ ամենայնի, շեշտակի գերազանցում է ոչ միայն պաշտոնապես հաստատված, այլև անուղղակիորեն հաստատվող թվերը։