Այսօր Ալլա Պուգաչովայի 75-ամյակն է։ Նա խորհրդային ամենահայտնի փոփ երգչուհիներից էր սկսած 1970-ականներից, նոր Ռուսաստանում մի քանի անգամ փորձել է հեռանալ բեմից, Ուկրաինայի վրա հարձակումից հետո լքել է երկիրը։ Այժմ երգչուհին ռուսական հանրային տիրույթում բուռն քննարկումների առիթ է դարձել հակապատերազմական դիրքորոշման պատճառով։
2022 թվականին Պուգաչովան, ով հազվադեպ է քաղաքական հայտարարություններով հանդես գալիս, անդրադարձել էր Ռուսաստանի հարձակմանը Ուկրաինայի վրա։ Նրա ամուսինը՝ հումորիստ Մաքսիմ Գալկինը, այդ ժամանակ սոցիալակ ցանցերում արդեն ակտիվորեն դատապարտում էր պատերազմն ու համերգների հասույթն ուղարկում ուկրաինայից փախստականներին աջակցող հիմնադրամներին։ Երբ 2022֊ի սեպտեմբերին ռուսական իշխանությունները Գալկինին օտարերկրյա գործակալ ճանաչեցին, Պուգաչովան ևս կոտրեց լռությունը։ «Խնդրում եմ ինձ էլ գրանցել որպես իմ սիրելի երկրի ինոագենտ, քանի որ ես սոլիդար եմ իմ ամուսնու հետ, ով արդար, կարգապահ անկեղծ մարդ է, Ռուսաստանի իրական և անկաշառ պատրիոտ, ով իր հայրենիքին բարգավաճում, խաղաղ կյանք, խոսքի ազատություն է մաղթում, և ուզում է, որ մեր տղաները չզոհվեն հանուն երևակայական նպատակների, որոնք վտարակ են դարձնում մեր երկիրն ու ծանրացնում մեր քաղաքացիների կյանքը», ֊ ինստագրամի իր էջում գրել էր երգչուհին։
Այս գրառումը վրդովեցրել էր Ռուսաստանի Պետական դումայի մի շարք պատգամավորների ու կառավարամետ հասարակական գործիչների։ 2024 թվականի ապրիլին պատգամավոր Սերգեյ Սոլովյովը Պուգաչովային կոչ էր արել հանրային ներողություն խնդրել «իր սխալների և հակառուսական կողմնորոշման համար»։
Երգչուհու դեմ սկսված արշավը երաժշտական լրագրող Դենիս Բոյարինովին հիշեցնում է ուշ ԽՍՀՄ տարիները։ 80-ականներին էլ էին Պուգաչովային քննադատում անկախության ու «աստղայինը տանելու» համար։ «Նա միշտ էլ չափից դուրս ազատ էր իր անձնական մասնավոր տեսակետն արտահայտելու հարցերում։ Երբեք պետական գաղափարախոսության մեջ չի ներքաշվել։ Ինչո՞ւ էր խորհրդային ժողովուրդն այդքան սիրում Պուգաչովային։ Նա իդեոլոգիական երգեր չուներ։ Նույնիսկ Սոֆիա Ռոտարուն ու Յուրի Անտոնովն ունեին երգեր, որոնք տեղավորվում էին պետական գաղափարախոսության մեջ։ Իսկ Պուգաչովան միշտ ապրում էր իր մասնավոր կյանքով, բունտն ու բողոքն արտահայտվում էին նրանով, որ երգչուհին իր անձնական կյանքը չէր թաքցնում, ինչպես ընդունված էր անել բրեժնևյան տարիներին», ֊ հիշում է Բոյարինովը։
Ալլա Պուգաչովան Խորհրդային Միության առաջին փոփ աստղն էր, ասում է երաժշտական լրագրող Անտոն Վագինը։ 70-ականներին ակտիվ էր նոր հետպատերազմական սերունդը։ Ընդհատակում զարգանում էին ռոք երաժշտությունն ու արևմուտքի երաժշտական նորություններից ազդված նոր ժանրերը։ Էստրադան հետ էր մնում, քանի որ պաշտոնական մշակութային տարածքը մշտական քաղաքական վերահսկողության տակ էր։
Պուգաչովան եղավ այն արտիստը, որ հեղաշրջեց էստրադան: «Նա առաջինն էր, որ շարժվում էր բեմում։ Այն ժամանակ ընդունված էր սիրուն կանգնել բեմում ու երգել, չքայլել։ Նա երգում էր ինքն իր մասին, ինքնությունը երևում էր երգերում։ Դա էլ ընդունված չէր, երգերն անդեմ էին։ Փոփ երաժշտության մեջ նման բան պարբերաբար նկատվում է. արտիստները շրջում են խաղը նրանով, որ սկսում են երգել հենց իրենց ու իրենց խնդիրների մասին։ The Beatles֊ն էլ է այդպես արել», — պատմում է Վագինը։
Երգերն ինքնուրույն գրելն էլ ընդունված չէր. «Կար Կոմպոզիտորների Խորհուրդ, երգերն իրենք էին գրում։ Պուգաչովան երկար ժամանակ խնդիրներ ուներ, քանի որ այդ խորհրդի կազմում գրանցված չէր, բայց գրում էր»։ Երգչուհուն քննադատում էին նաև երգելու յուրօրինակ ձևի համար։ Պրոֆեսիոնալ կատարողները կարծում էին, որ նա «ճիշտ» չի երգում։
Այնուամենայնիվ Պուգաչովան երբեք էլ հակասովետական չի եղել։ «Ներկայացնում էր ԽՍՀՄ֊ը միջազգային մրցույթներում։ Կուսակցական երգեր չէր երգում, այո։ [… ] Բայց եթե շատ ընդդիմադիր հայացքներ ունենար, նման կարգավիճակի երբեք չէր հասնի», — նշում է Վագինը։ Խորհրդային ամենահայտնի երգչուհուն հաճախ էին ցույց տալիս հեռուստատեսությամբ, նրա սկավառակները վաճառվում էին մեծ խմբաքանակներով։ Լայն զանգվածներին հասանելիության առումով Պուգաչովային հնարավոր չէ համեմատել ընդհատակյա երաժիշտների հետ։
Երգչուհին, ամեն դեպքում, միշտ չէ, որ պահում էր իր «ապաքաղաքական» մոտեցումը։ 1996 թվականին Լեոնիդ Պարֆենովին տված հարցազրույցում Ալլա Պուգաչովան՝ ինչպես և շատ այլ լիբերալ հասարակական գործիչներ, կոչ էր անում ընտրել Բորիս Ելցինին։ Այդ ընտրություններից առաջ Ռուսաստանի ժողովրդավարացման կողմնակիցները վախենում էին կոմունիստ Գենադի Զյուգանովի հաղթանակից ու խորհդային կարգերի վերադարձից։
2000֊ականներին Պուգաչովան աջակցում էր Վլադիմիր Պուտինին։ Համացանցում պահպանվել է տեսանյութը, որում երգչուհին 2007 թվականի Պետական դումայի ընտրություններին ընդառաջ կոչ էր անում քվեարկել «Միասնական Ռուսաստան» կուսակցության օգտին։
«Պուտինի պահով, կարծում եմ, ընդհանուր վայբ էր բոլորի մոտ. ահա, եկել է երիտասարդ առաջնորդը, նախկինը երիտասարդ չէր ու հիասթափեցրել էր բոլորին։ Հակադրության մեջ այն ժամանակ շատերն էին Պուտինին հավատում», ֊ ենթադրում է Անտոն Վագինը։
2011 թվականին Պուգաչովան անդամակցում էր «Ճիշտ գործ» կուսակցությանն ու քաղաքականապես աջակցում դրա առաջնորդ օլիգարխ Միխայիլ Պրոխորովին։ 2012֊ի ընտրություններում վերջինս զբաղեցրեց երրորդ տեղը՝ հավաքելով ձայների ընդհամենը 8 տոկոսը։
Այժմ ռուս֊ուկրաինական պատերազմի դեմ ի սոլիդարություն իր ամուսնու Պուգաչովայի արած հայտարարությունը շահարկվում է իշխանական պրոպագանդայի մեքենայի կողմից։ «Մեծագույն ռուսալեզու երգչուհուն, ով տասնակմյակներ շարունակ վայելում էր համընդհանուր սերն ու հարգանքը, փորձում են զրկել բոլոր սիմվոլիկ աստղերից ու որպես ժողովրդի թշնամի ներկայացնել», ֊ ասում է Դենիս Բոյարինովը, պնդելով, որ նման արձագանքն արդեն իսկ ցույց է տալիս, թե որքան բարձր են իշխանությունները գնահատում հենց Պուգաչովայի կողմից նման հայտարարության ազդեցությունը։
Այսօր երգչուհին իր ծննդյան կապակցությամբ երկու նոր սինգլ է հրապարակել յութուբի իր ալիքում։
Նյութը հիմնվում է BBC-ի հրապարակման վրա։