Home / Հայաստան / Պեսկովը խոսել է «կառուցողական» Բաքվի ու Փաշինյանի՝ Բիշքեկ չգնալու մասին

Պեսկովը խոսել է «կառուցողական» Բաքվի ու Փաշինյանի՝ Բիշքեկ չգնալու մասին

լրացված․ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ԱՊՀ-ից դուրս չի գալիս․ «Որքան հասկանում եմ, Հայաստանը ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում։ Ինձ զանգահարեց վարչապետ Փաշինյանը, մենք հեռախոսով խոսեցինք, ի միջի այլոց խոսեցինք այսօրվա [ԱՊՀ] գագաթնաժողովի մասին, այնտեղ կան հանգամանքներ, որոնք ես միանգամայն հասկանալի եմ համարում»։

Կրեմլը «շատ կառուցողական» է գնահատում Բաքվի կեցվածքը Երևանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, իսկ Հայաստանից արձագանք դեռ չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Բաքվի կեցվածքն այս հաշվով շատ կառուցողական է, Երևանը դեռ այդքան էլ չի կողմնորոշվել, արձագանքի ենք սպասում», – ասել է Պեսկովը Բիշքեկում, որտեղ անցնում է ԱՊՀ գագաթաժողովը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել խաղաղ բանակցությունների համար․ «Նախագահը հայտնել է մեր պատրաստակամության մասին, նախ, նախարարական մարաթոն կազմակերպել, եթե պետք լինի, որ թե մեկ օրվա ընթացքում, այլ՝ մի քանի, որպեսզի նոր արդյունք արձանագրենք»։

Մոսկվան, ըստ Կրեմլի ներկայացուցչի, ինչպես նախկինում, հայ-ադրբեջանական կարգավորման համար կարևոր միջնորդ է։

«Տրամաբանական կլիներ, եթե դա ռուսական հարթակում լիներ, բայց ընտրությունը Բաքվինն է ու Երևանինը»։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի՝ գագաթաժողովին չմասնակցելուն, ըստ Պուտինի խոսնակի, դրա համար Փաշինյանն «իր պատճառներն ունի, և Մոսկվան հարգանքով է դրան վերաբերվում»։

Մոսկվան շարունակում է երկխոսությունը, չնայած նրան, որ Փաշինյանը չի ժամանել Բիշքեկ․ «Դրա համար նա իր պատճառներն ունի, և մենք հարգանքով ենք վերաբերվում դրան։ Բայց դա չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք մեր շփումները։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը։ Հայաստանը եղել է, կա ու կմնա մեր դաշնակիցն ու հարևանը, մի երկիր, որի հետ մեզ ընդհանուր պատմություն ու ընդհանուր ապագա է միավորում»։

Հոկտեմբերի 13-ի ատավոտյան Ղրղզստանում սկսվել է ԱՊՀ երկրների ղեկավարների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը։