Ռուսաստանում որոշել են բարձրացնել հարկերը՝ առաջին անգամ վերջին 20 տարվա մեջ։
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հարկային բարեփոխումների փաթեթ է ազդարարել։ Գալիք հունվարի 1-ից եկամտահարկի քառաստիճան պրոգրեսիվ դրույքաչափեր են գործելու՝ հարկերը 13 տոկոսից աստիճանաբար կբարձրանան մինչև 22 տոկոս։ Փոփոխությունները տարածվելու են տարեկան 2․4 միլիոն ռուբլուց ավել եկամուտ ունեցողների վրա։ «Ռադիո Սվոբոդա»-ի հաշվարկներով, 200 հազար ռուբլուց ավել աշխատավարձ ունեցողները նախագծի ընդունման դեպքում 15 տոկոս հարկ են վճարելու, 400 հազարից ավել ստացողները՝ 18 տոկոս։ Կբարձրացվեն նաև բիզնեսի համար սահմանված դրույքաչափերը․ շահութահարկը 20 տոկոսից կաճի մինչև 25 տոկոս։
Զուգահեռաբար նախատեսվում է ներդնել զեղչերի և սոցարտոնությունների մեխանիզմներ։ Օրինակ՝ երկու և ավելի երեխաներ ունեցող ծնողներին, որոնց միջին եկամուտը մինչև մեկուկես անգամ է գերազանցում նվազագույն զամբյուղը, առաջարկվում է վերադարձնել 13 տոկոս եկամտահարկի 7 տոկոսը։ Առաջարկվում է բարձրացնել (պարզեցված համակարգով հարկվող) մանր բիզնեսի համար սահմանված եկամտի շեմը՝ տարեկան 265․8 միլիոնից մինչև 450 միլիոն, իսկ հիմնական միջոցների մնացորդային արժեքի շեմը՝ 150 միլիոնից մինչև 200 միլիոն։
Վլադիմիր Պուտինն ու ֆինանսների նախարարը եկամտահարկի բարձրացումը պատճառաբանել են «սոցիալական արդարության հայտով»։ Շահութահարկի բարձրացումը հիմնավորվել է նրանով, որ ռուսական տնտեսությունում աճում է եկամտաբեր ընկերությունների թիվը։
Բայց բարեփոխման պարամետրերն այնպիսին են, որ անհավասարությունը կարող է նաև աճել, իսկ գերհարուստների եկամուտների զգալի մասին փոփոխություններն առհասարակ չեն կպնի։ «Ագենստվո» պարբերականի տվյալներով, բարձրացված հարկեր է վճարելու Մոսկվայի ամեն 7-րդ բնակիչ։
Հարկային բարեփոխումները, ամենայն հավանաբականությամբ, առաջիկայում կքննարկվեն Պետդումայում։ Ռուսաստանի ֆինանսների նախարարության տվյալներով, փոփոխությունները 64 միլիոն աշխատող ռուսաստանցիներից միայն երկու միլիոնի շահերին կդիպչեն։
Ինչ կապ ունի պատերազմը
Ռուսական լրատվամիջոցները հիշեցնում են՝ «հարկային բեռի ավելի արդար վերաբաշխումը» Վլադիմիր Պուտինի նախընտրական խոստումներից մեկն էր։ Եվ չնայած Հարկային օրենսգրքի փոփոխությունը պաշտոնապես հիմնավորվում է հարուստներից վերցնելու և աղքատներին տալու սկզբունքով, մամուլը հիշեցնում է բյուջետային դեֆիցիտի մասին, որը գոյացել է Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած լայնամասշտաբ և երկարատև պատերազմի հետևանքով։
«Forbes» պարբերականի տվյալներով, պատերազմի արդեն երրորդ տարում Ռուսաստանը նախատեսել է ռազմական կարիքներին ուղղել 36․6 տրիլիոն ռուբլի։ Բայց դաշնային բյուջեի դեֆիցիտն արդեն մոտեցել է 2024-ի ամբողջ տարվա համար սահմանված շեմին։
Բյուջետային «ճեղքը» կազմել է 1․474 տրիլիոն ռուբլի (ՀՆԱ 0.8 տոկոսը), մինչդեռ տարեկան պլանով 1․595 տրիլիոնի դեֆիցիտ էր նախատեսված (ՀՆԱ 0.9 տոկոսը)։
Ի դեպ, Ուկրաինայում պատերազմողների համար, որոնք ամսական 200 հազար ռուբլուց ավել աշխատավարձ են ստանում, պրոգրեսիվ եկամտահարկ չի լինելու․ իշխանությունները որոշել են նրանց համար բացառություն անել։
«Ինձ թվում է՝ ամեն ինչ բավականին ակնհայտ է․ 2022-2023 թվականներին պատերազմի ծախսերը շեշտակի աճել են։ Բյուջեի ծախսերի մոտ 15 տոկոսից դրանք հասել են համարյա 40 տոկոսի։ <․․․> Հարկերի բարձրացումները, որոնք մենք հիմա տեսնում ենք, կֆինանսավորեն այդ ծախսերը։ Ֆիննախի ձեռնարկած այս միջոցները 2025-2030 թվականների ընթացքում բյուջեն կհամալրեն տարեկան միջինում 3 տրիլիոն ռուբլիով <․․․>։ Սա ուղիղ այն թիվն է, որն անհրաժեշտ է հավելյալ ծախսերը ֆինանսավորելու համար։
Եկամուտը հիմնականում բիզնեսի հարկի բարձրացումը կապահովի, առաջին հերթին՝ շահութահարկը, որը 20 տոկոսից կդառնա 25 տոկոս։ Եկամտահարկի բարձրացումը, իհարկե, հիմա քննարկվելու է որպես ամենաաղմկահարույցը։ Բայց տարեկան այդ 3 տրիլիոնից, որոնք կստանա բյուջեն, ընդամենը կես տրիլիոնն է ապահովվելու եկամտահարկի բաձրացման միջոցով <․․․>», – «Ռադիո Սվոբոդա»-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Բորիս Գրոզովսկին։
Շահութահարկի բարձրացման կոնտեքստում, ըստ նրա, կարևոր է ֆիքսել, որ պատերազմից հետո ռուսական բիզնեսը իրոք նոր ծաղկում է ապրել։
«Անցած տարին ռուսական բիզնեսի համար ունիկալ էր․ այն հսկայական շահույթներ է ստացել։ Դրանք մեծ էին նաև 2022-ին, բայց 2023-ին իրոք նոր ռեկորդներ խփեցին։ Օտարերկրյա ընկերությունները լքեցին Ռուսաստանը, հետևաբար նոր որմնախորշեր ազատվեցին։ Բացի այդ՝ պետությունը, ֆինանսավորելով պատերազմը, ֆինանսավորում է նաև պատերազմի մասնակիցներին (զինվորականներին, զոհերի ընտանիքներին և այլն)՝ ըստ էության անելով այն, ինչ ընդունված է անվանել «որակական փափկեցման քաղաքականություն»։ Սա նման է նրան, ինչպես էր պետությունը համավարակի ժամանակ աջակցում բիզնեսին ու մարդկանց առանձին խմբերին։ Պետությունն այս մեխանիզմները կիրառում է մարդկանց պատերազմի տանելու համար։ Կողմնակի կերպով սա նաև տնտեսական աճն է խթանում։ Ռուսական բիզնեսի շահույթները բավականաչափ մեծ են, չի կարելի ասել, որ կոմերցիոն ընկերություններն ի վիճակի չեն վճարել բարձրացված հարկերը։ Վճարել, իհարկե, ի վիճակի են։ Բայց այդ ամենն արտացոլվելու է գների վրա։
Ավելի ուղղակիորեն է գների վրա արտցոլվելու ԱԱՀ-ն (Ավելացված արժեքի հարկը), որը հիմա ստիպված են լինելու վճարել նաև այն ձեռներեցները, որոնք հարկման պարզեցված համակարգով են անցնում։ Թեպետ սա պարզվեցված համակարգից օգտվողների միայն մի փոքր մասին է վերաբերում՝ նրանց, ում տարեկան եկամուտը գերազանցում է 60 միլիոն ռուբլին։ <․․․>
Բայց բարձրացվելու է նաև արդյունահանման հարկը։ Սա վերաբերելու է ամենատարբեր օգտակար հանածոներին, երկաթին և այլն։ Սա էլ է արտացոլվելու ապրանքների գներում։ <․․․>»։
Ռուսական հեռուսատատեսությամբ, ըստ «Ռադիո Սվոբոդա»-ի, պարբերաբար շեշտվում է, որ հարկային ռեֆորմը բնակչության միայն 3 տոկոսին՝ ամենահարուստներին է վերաբերելու։ Նշվում է, թե նոր համակարգը նույնիսկ միջին խավի շահերին չի դիպչի։ Վլադիմիր Պուտինը ժամանակին նշում էր, որ միջին խավը նրանք են, ում եկամուտները գերազանցում են ամսական 17 հազար ռուբլին։ Պարզ է, որ դա այդպես չէ, ժամանակից Ռուսաստանի քաղաքներում 17 հազար ռուբլով դժվար է ապրել։
Ռադիոկայանի հարցին՝ ի՞նչ աշխատավարձից է սկսվում իսկական միջին խավը, Գրոզովսկին պատասխանել է՝ «հավանաբար, այն գումարից, որը հիմա ստանում են նրանք, ում ռուսական պետությունը փորձում է հավաքագրել բանակ՝ որպես պայմանագրային, այսինքն՝ ամսական մոտ 200 հազար ռուբլի»։
«Սա՛ է իրական միջին խավը։ Պետությունը հավաքագրում է զինվորների՝ պատերազմի համար։ Նրանց ըստ էության առաջարկում են հետևյալը՝ եթե ողջ մնաք, դուրս կպրծնեք գործարանից, լճացած աղքատությունից, այն գոտուց, որում ոչ մի եկամուտ էլ չունեք։ Որովհետև, աշխատելով գործարանում, մարդ մոտ 60-70 հազար է ստանում ամսական։ Պատերազմի ժամանակ նրան հնարավորություն է տրվում եռապատկել կամ նույնիսկ քառապատկել իր եկամուտները»։
Վերջին ամիսներին Ռուսաստանում արագացել են գնաճի տեմպերը, տարեկան ինֆլյացիան, ըստ պաշտոնական աղբյուրների, մոտ 8 տոկոս է կազմում։ Բայց գնաճը, որին արձագանքում են մարդիկ, մոտ 20-տոկոսանոց գնաճն է, և դա, ըստ տնտեսագետի, շատ լավ երևում է սոցհարցումներից։
Վերջին շրջանում, ըստ նրա, նաև աշխատուժի դեֆիցիտ կա։ Մի մասին տնտեսական ակտիվությունից խլել է բանակը, մի մասը լքել է երկիրը։ Ռուսաստանը պակաս գրավիչ է դարձել նաև Կենտրոնական Ասիայից միգրանտների համար, վերջին ամիսներին նրանց հոսքն էլ է կրճատվել։
Տնտեսական փոսերը հաճախ ծածկվում են պետպատվերներով կամ պետպատվերներով սնուցվող ոլորտների հաշվին։ Ըստ Գրոզովսկու, այս տրամաբանությունը կարող է դեռ երկար ձգվել՝ այնքան ժամանակ, որքան ժամանակ ռուսական գազն ու նավթը մնում են պահաջված (իսկ դրանք պահանջված են մնում անկախ արևմտյան սանկցիաների), իսկ գները՝ բարձր։
«Ռուսաստանը հսկայական էքսպորտային շահույթներ ունի, մասամբ հենց դրանք են կոնվերտացվում այս մեխանիզմին։ Եկամուտների մոտ մեկ երրորդը Ռուսաստանը նավթից է ստանում, նավթն ու գազը անուղակիորեն պայմանավորում են նաև մյուս եկամուտների մի մասը»։