Կառավարությունը վերանայում է անհատ ձեռներեցների հարկման համակարգը։ Փոփոխությունները վերաբերում են, մասնավորապես, հաշվապահներին և փաստաբաններին։ Իրավաբանները նախաձեռնությանն արձագանքել են համընդհանուր գործադուլով:
Կա կարծիք, որ հարկերի բարձրացումը Փաստաբանների պալատի դեմ պայքարի մի մասն է։ Պալատին «զսպելու» քաղաքականությունը 2018-ից է սկսվել։ Ենթադրություններ են շրջանառվում, որ հարկային բեռի ավելացումը հատուցում է փաստաբանների ընդդիմադիր ակտիվության համար։
Թանկարժեք փաստաբանները հիմա ավելացված արժեքի հարկ և շահութահարկ են վճարում, իսկ քիչ վաստակող մեծամասնությունը տալիս է 5 տոկոս շրջանառության հարկ։ Կառավարությունում ասում են, որ հարման այս մեխանիզմը փաստաբաններին արտոնություն է տալիս մյուս ոլորտների համեմատ։ Նախատեսվող փոփոխություններով հունվարից սկսած բոլորը կվճարեն 18% շահութահարկ և 20% ավելացված արժեքի հարկ։
փաստաբանները պրոբլեմ են պետության համար
Փաստաբանների պալատը ստեղծվել է 2005 թվականին։ Փաստաբան դառնալու համար Պալատի կողմից տրված լիցենզիան պարտադիր է և վճարովի։ Պալատը լիազորված է հետևել փաստաբանների կողմից էթիկայի նորմերի պահպանմանն ու կարող է կարգապահական վարույթ հարուցել՝ զրկելով նաև լիցենզիայից։
«Փաստաբանական պալատի ղեկավարությունը, պալատի նախագահը նախկինում մաս են եղել փաստաբանների նկատմամբ վերահսկողության և քաղաքական ճնշումների մեխանիզմի՝ չարաշահելով կարգապահական վարույթներ հարուցելու, լիցենզիայից զրկելու իրավունքը», – Epress.am-ին ասել է փաստաբան Շ․Ի․-ն։
Փաստաբանների պալատը փողերի լվացման խոշոր սիստեմ էր․ «Նախկինում լիցենզիա ստանալու համար պարտադիր էր գնալ փաստաբանական դպրոց, որն հիմա Ակադեմիա է կոչվում: Այնտեղ ամեն ինչը շատ թանկ էր, ամեն ինչի համար փող էին ուզում»։
Ակադեմիայում դասընթացներին մասնակցելն արժի 900 հազար դրամ, ավարտական վկայականը՝ 60 հազար։ Յուրաքանչոյւր փաստաբան տարեկան 60 հազար դրամ անդամավճար է տալիս կառույցին․ «Այնտեղ շատ խոշոր գումարներ են պտտվում»։
Նախկինում, ըստ Շ․Ի․-ի, ընդդիմադիր փաստաբաններին ճնշում էին կարգապահական տույժերի միջոցով՝ «սկզբում նկատողություն էին տալիս, հետո խիստ նկատողություն, վերջիվերջո լիցենզիայից էին զրկում»։ Հիմա իրավիճակն այլ է․ Պալատի ղեկավարության և անդամների զգալի մասը ընդդիմադիր են։
2023-ին նոր իշխանությունները փոխեցին լիցենզիա ստանալու կարգը։
Իրավաբանական կրթություն ունեցողները այժմ առանց Ակադեմիան ավարտելու և 900 հազար դրամ վճարելու կարող են քննություն հանձնել և լիցենզիա ստանալ։
Փաստաբանների պալատը, արձագանքելով օրենքին, վերանայեց տարիֆները իր ուսանողների համար։ Եթե նախկինում քննություն հանձնելու համար պետք էր վճարել 50 հազար դրամ, այժմ Ակադեմիայի շրջանավարտները քննություն կարող են հանձնել անվճար, իսկ մարդիկ, որոնք որոշել են խնայել 900 հազար դրամը՝ կվճարեն 150 հազար։
«Եթե դու իրենց մոտ ես սովորում, անվճար քննությունից կարող ես չորս անգամ կրտվել։ Եթե չէ, կտրվելու դեպքում պետք է նորից 150 հազար դրամ վճարես»։
Սա առաջին քայլն էր։ Ավելի ուշ իշխանությունները առաջարկեցին փոխել նաև Պալատին անդամակցելու կարգը․ նախատեսվում էր, որ անհատ փաստաբանները կարող են դուրս գալ Փաստաբանների պալատից՝ պայմանով, որ այլ միություն կկազմեն։ Նախագիծը քննարկվեց, բայց շրջանառության մեջ այդպես էլ չդրվեց։
«Փաստաբանների հարկումը ես այս նույն շղթայի մեջ եմ տեսնում։ Սա ուղղակի միջոց է, որ փաստաբանները մի քիչ ավելի վերահսկելի լինեն։ Փաստաբանները հիմա պրոբլեմ են պետության համար», – ասում է Շ․Ի․-ն։
գործադուլ
Մայիսի 21-ին գործադուլ հայտարարած փաստաբաններն անկեղծանում էին՝ «առաջին հերթին կտուժի քաղաքացին, քանի որ ինքն է վճարելու ավելացված արժեքի հարկն այնպես, ինչպես հիմա վճարում է, օրինակ, խանութում տարբեր ապրանքներ գնելիս»։ Այսինքն, ոչ թե իրենց եկամուտներն են կրճատվելու, այլ ծառայությունների գինն էլ ավելի է բարձրանալու։
Ըստ գործադուլավորների՝ իրենց ծառայությունների ինքնարժեքը կավելանա 38 և ավելի տոկոսով, անվճար խորհրդատվություններ և ծառայություններ այլևս չեն լինի։
Օմբուդսմենը, Արդարադատության նախարարությունը նախագծի վերաբերյալ բացասական կարծիք են ներկայացրել։ Կառավարությունը հաստատել է այն և ուղարկել խորհրդարան։
Նոր տարիֆները անհասանելի են լինելու ավելի մեծ խմբի մարդկանց համար։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով, ամբողջ բեռը մնալու է Հանրային պաշտպանի գրասենյակի՝ անվճար փաստաբանների վրա։
Հանրային պաշտպանի գրասենյակը սուբսիդավորվում է պետության կողմից։ Անվճար փաստաբանները 95-ն են, բոլորն էլ աշխատում են գերծանրաբեռնված (միաժամանակ 70 և ավել գործ են վարում) և, ըստ տարածված կարծիքի, ոչ այնքան ներգրավված։ Նրանց ծառայություններից, թերևս, ոչ բոլորն իրավունք ունեն օգտվել։
«Հայաստանում, որտեղ բնակչության 25 տոկոսը ծայրահեղ աղքատ է, արդարադատությունը մատչելի չէ, որովհետև բարձրացվել են պետական տուրքերը։ Երբ այդ տուրքերը ավելացնում էին, պատճառաբանում էին, որ պետք է բեռնաթափել դատարանները, որ մարդիկ տեղին-անտեղին չդիմեն։ Ենթադրում եմ, որ նույն տրամաբանությունը գործում է նաև այստեղ», – Մեդիա կենտրոնում կազմակերպված ասուլիսին ասում էր Կարապետյանցը։
Ասուլիսի մասնակից Արթուր Սաքունցն էլ սպառնում էր՝ եթե փոփոխությունն ընդունվի, իրենք բողոքի նոտաներ կուղարկեն միջազգային կառույցներին։
ՀԿ-ների ողբերգությունը
Կարապետյանցը ասուլիսին նշել է, որ հասարակական կազմակերպությունների տրամադրած իրավաբանական և փաստաբանական ծառայությունները քաղաքացիների համար անվճար են։ Հիմնականում այդ ծախսերը ծածկվում են գրանտային միջոցներով։
Կարապետյանցը, ամեն դեպքում, վստահեցնում էր՝ հաճախ դոնորներն էլ գումար չեն տալիս։ Իրավապաշտպան կառույցներում աշխատող փաստաբանները, ըստ նրա, «բառացիորեն անվճար փաստաբանական աջակցություն են տրամադրում»՝ կոնսուլտացիաներ և այլն։
«Իրավապաշտպան կազմակերպությունների համար սա ընդհանրապես ողբերգություն է», – կարծում է Հելսինկյան ասոցացիայի ղեկավարը։
Նա պնդում է, որ այս օրենքով կոնսուլտացիաները ևս հարկվելու են, սակայն չի բացատրում, թե ինչպես է հարկվելու անվճար ծառայությունը։ Ավելին՝ չի նշվում, թե ինչու գրանցված աշխատակիցների համար ՀԿ-ն պետք է ԱԱՀ վճարի։
Փաստաբան Շ․Ի․-ն բացատրում է՝ փաստաբանները սովորաբար գրանցվում են որպես անհատ ձեռներեցներ, հասարակական կազմակերպություններում գրանցվում են որպես 0,25 դրույքով աշխատակից, մնացած վարձատրությունը ձևակերպվում է ԱՁ-ով։ Այդպիսով նրանք վճարում են 5 տոկոս հարկ + դրոշմանիշային վճարներ։
Նա մտահոգություն է հայտնում, որ այս օրենքը կարող է հակառակ էֆեկտն ունենալ։ Քանի որ մարդիկ մեծամասամբ պատահական փաստաբանի չեն դիմում, այլ դիմում են ծանոթի կամ բարեկամի ծանոթի, փաստաբանները կարող են պայմանագիր չկնքել ու վարձատրությունը կանխիկով վերցնել․ «Ու այստեղ կարա հակառակ էֆֆեկտը լինի, այսինքն պետությունը ավելի քիչ հարկ ստանա, քան հիմա»։