Արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ: Պետական եկամուտների կոմիտեից «Արմենպրեսին» հայտնել են, որ մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի տարածքից դուրս՝ աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացված եկամուտների հարկման հետ կապված կարգավորումների մասով։
«Օրենսդրական նոր նախաձեռնության համաձայն՝ ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվելու ՀՀ-ում: Նրանք ազատվելու են եկամտային հարկ վճարելու պարտավորությունից, եթե եկամուտները ստացվել են աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում։ Եթե ՊԵԿ-ն այլ պետությունների հարկային մարմիններից օրենքով սահմանված ժամանակահատվածի համար ստանա տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ քաղաքացին եկամտի ստացման երկրում վճարել է եկամտային հարկ, ապա լրացուցիչ հարկ վճարելու պարտավորություն Հայաստանի Հանրապետությունում չի առաջանա՝ անկախ այն հանգամանքից, թե եկամտային հարկի ինչ դրույքաչափով է քաղաքացին հարկվել եկամուտի ձեռքբերման երկրում», – հայտնել են կոմիտեից:
Նախագիծը, ըստ Պետեկամուտների կոմիտեի, մոտ օրերս հանրային քննարկման կներկայացվի e-draft.am կայքում:
«ՊԵԿ-ը, մինչև համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը, ձեռնպահ կմնա հարկային վարչարարություն իրականացնելուց` ներառյալ արգելադրում, գանձումներ և այլն: Իսկ ովքեր մինչ այս պահը ՊԵԿ-ից ստացել էին ծանուցումներ և պարտաճանաչորեն վճարել էին եկամտային հարկը՝ հետ կստանան վճարված գումարները: Նախագիծը նախատեսվում է լայնորեն քննարկել արտագնա աշխատողների հետ՝ մարզպետարանների և ՏԻՄ մարմինների միջոցով», – տեղեկացրին կոմիտեից:
Նախօրեին Գեղարքունիքի մարզի արտագնա աշխատանքի մեկնող բազմաթիվ բնակիչներ առավոտից փակել էին Գավառ-Մարտունի ճանապարհը՝ պահանջելով հետ կանչել դրսում ստացած իրենց եկամուտն այստեղ էլ հարկելու կարգավորումը: Ճանապարհը երեկոյան 6-ից հետո է բացվել։ Ցուցարարները որոշել էին սպասել, ասելով՝ եթե քննարկումների արդյունքներն իրենց սրտով չլինեն, կրկին փողոց են դուրս գալու։
«ՊԵԿ-ի նամակի մեջ գրված է, որ Ռուսաստանում գանձել են 21 տոկոս հարկի 13 տոկոսը, այսինքն՝ 2022 թվից 70 հազար ռուբլի ես այնտեղ արդեն վճարել եմ։ Հիմա ես պետք է այստեղ էլ վճարեմ՝ 230 հազար դրամ։ Մի տարուց ավել է անցել, նոր-նոր իրենք մեզ ծանուցում են ուղարկել։ Էտ ծանուցման մեջ գրված է, որ մենք մի բան էլ ավել՝ 100 հազար դրամ ավել պետք է վճարենք։ Ինչի՞ համար վճարենք։ Շտաֆը որ շտրաֆ է՝ վարորդին տեղեկացնում են, ծանուցում ստանալուց հետո է միայն հաշվարկվում։ Խի՞ են իրենք մի տարուց հետո մեզ ծանուցել, 100 հազար դրամի էլ ակտ են դրել մեր վրան», – ասել է ցուցարարներից մեկը։
ՊԵԿ-ից պարտքրեի մասին ծանուցումներ է ստացեվ ավելի քան 1000 մարդ, պահանջվող ընդհանուր գումարը կազմում է 187 միլիոն դրամ է։
«Ո՛չ տուն ունենք, ո՛չ տեղ ունենք, ոչ մի բան չունենք մենք։ Հիմա պետք է էլի էթամ Ռուսաստան, աշխատեմ, որ բերեմ Նիկոլին վարձ տամ, որ Նիկոլը իրա էն պետական սամալյոտով թռնի Դուբայ։ Արա, էսքան մարդ ստեղ Ռուսաստանի շնորհիվ է ապրում», – հավելել է մյուս ցուցարարը։