Home / Առողջապահություն / Կապիկի ծաղիկը ավելի հաճախ է սպանում

Կապիկի ծաղիկը ավելի հաճախ է սպանում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Կապիկի ծաղկի» աֆրիկյան համաճարակն արտակարգ իրավիճակ է հայտարարել, որը վտանգ է ներկայացնում արդեն ամբողջ աշխարհի համար։ Վարակի գլոբալ բռնկումը 2022-2023 թվականներին է արձանագրվել, բայց հիմիկվա համաճարակը հարուցվել է նոր՝ շատ ավելի վտանգավոր շտամով։

Նոր համաճարակը սկսվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, որտեղ արդեն ավելի քան 450 մարդ է մահացել։ Վարակը հետագայում տարածվել է Կենտրոնական և Արևելյան Աֆրիկայում։

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի փոխանցմամբ, ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին ավելի շատ մահ է արձանագրվել, քան ամբողջ անցած տարվա ընթացքում։

Կապիկի ծաղիկը ծայրահեղ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուց մարդ՝ անմիջական ֆիզիակական շփման (հպումներ և այլն) կամ օդակաթիլային ճանապարհով (եթե վարակակիրը շնչում է այլ մարդու դեմքին կամ խոսում է մոտիկ կանգնած)։ 

Վարակը առավելապես տարածված էր Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում, 2022-ից հետո դեպքեր են գրանցվել նաև մարդկանց մոտ, որոնք Աֆրիկայում չեն եղել և շփում չեն ունեցել այնտեղ եղած անձանց հետ։

ԱՀԿ տեղեկանքի համաձայն, 2022-ի մայիսին վարակը անսպասելիորեն և արագորեն տարածվել է նաև Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, իսկ հետո՝ աշխարհով մեկ։ 110 երկրներում 87 հազարից ավել մարդ է վարակվել, 112-ը՝ մահացել։ Բայց այդ բռնկումը, ըստ առողջապահական կազմակերպության, ավելի թեթև և նվազ վտանգավոր`«կլադա II» շտամից էր սկսվել։

Հիվանդության ինկուբացիոն (գաղտնի) շրջանն այն ժամանակ տևում էր 5-21 օր, հիմնական ախտանշաններն էին՝ ջերմություն, մեջքի, գլխի, մկանների ցավ, դող, հոգնածություն, մաշկային ցան, բշտիկներ։ 100 վարակակիրներից միջինում 4-ի մոտ հիվանդությունը հանգեցնում էր մահվան։

Ի տարբերություն, օրինակ, կորոնավիրուսի՝ «Կապիկի ծաղիկը» մինչև ախտանշանների զարգացումը վարակիչ չի համարվում, այն համեմատաբար ավելի թույլ վարակիչ է, քան բնական ծաղիկը (ուներ մահացության մոտ 30 տոկոս ցուցանիշ) կամ կարմրուկը, որոնք պատվաստումների արդյունքում այլևս չեն հանդիպում։

Աֆրիկայում տարածվող նոր շտամը՝ «կլադա I», սպանում է վարակվածների մինչև 10 տոկոսին։

Տարեսկզբից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 13 700-ից ավել վարակման դեպք է գրանցվել, մահերը գերազանցում են 450-ը։ Կոնգոյից բացի՝ վարակը տարածվել է նաև Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, Բուրունդիում, Քենիայում, Ռուանդայում և այլ երկրներում։

Արտակարգ իրավիճակ հայտարարելով՝ ԱՀԿ-ն ակնարկում է, որ Աֆրիկայից դուրս գտնվող երկրները ավելի շատ միջոցներ կներդնեն՝ նոր հիվանդությունը ուսումնասիրելու և դրա դեմն առնելու (հատուկ պատվաստանյութ) համար։ 

Դանիական «Bavara Nordic» դեղարտադրողն օգոստոսի 15-ին ասել է, որ պատրաստ է մինչև 2025 թվականը արտադրել «Կապիկի ծաղկի» դեմ պատվաստանյութի մինչև 10 միլիոն չափաբաժին։ 

Պատվաստանյութը լիցենզավորված է 2019 թվականից։ Համաճարակային իրավիճակի մասին խոսակցությունների ֆոնին այսօր Կոպենհագենի ֆոնդային բորսայում կազմակերպության արժետոմսերն աճել են գրեթե 8 տոկոսով՝ ի հավելում երեկ գրանցված 12 տոկոսանոց աճին։