Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը կապիկի ծաղիկը պաշտոնապես հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել։
Վերջին 15 տարիների ընթացքում ընդամենը մի քանի վարակ է հայտարարվել արտակարգ իրավիճակ՝ 2009 թ․-ի գրիպը, Էբոլան, պոլիոմիելիտը, Զիկա վիրուսը և կորոնավիրուսը։ Նշենք, որ վերջինս հայտարարվել է որպես «պանդեմիա» մեկ ու կես տարի արտակարգ իրավիճակ լինելուց հետո։
Կապիկի ծաղիկը մարդկանց միջև փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, կենսաբանական հեղուկների միջոցով կամ վնասված հյուսվածքներով։ Հնարավոր է նաև, որ այն փոխանցվի կենցաղային իրերով (օրինակ՝ օգտագործված սրբիչ կամ անկողնային պարագաներ):
Վարակը կարող է մարդկանց փոխանցվել ինչպես հիվանդ մարդուց, այնպես էլ կենդանուց։ Չնայած անվանմանը՝ հիվանդությունը հանդիպում է ոչ միայն կապիկների շրջանում և դեռևս հայտնի չէ, թե որ կենդանիներն են մարդկանց ավելի շատ վարակում։
Հիվանդության գաղտնի շրջանը (երբ հիվանդները անախտանիշ են) սովորաբար տևում է 5-21 օր։
Հիվանդության ախտանիշներն են՝
— տենդ
— ուժեղ գլխացավ
— լիմֆատիկ հանգույցների մեծացում
— ցավ մեջքի շրջանում
— մկանացավ
— արտահայտված թուլություն
— բնորոշ ցան
Կապիկի ծաղիկի ցանը ի հայտ է գալիս տենդի սկզբից 1-3 օր անց։ Ցանավորումը սկսվում է դեմքից և տարածվում մարմնի տարբեր հատվածներում:
Կապիկի ծաղիկը ավելի ծանր է ընթանում երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում։ Հիվանդացության ռիսկի խմբին են պատկանում բուժաշխատողները՝ մեծամասամբ վիրուսների ավելի երկարատև ազդեցության պատճառով։
Բնական ծաղկի դեմ պատվաստված մարդիկ, որոշակիորեն պաշտպանված են նաև այս վարակից։ Նշենք, որ բնական ծաղիկի դեմ պատվաստումները դադարեցվել են 1982 թվականին, երբ վարակը համարվել է վերացած (էռադիկացիայի է ենթարկվել)։
ԱՀԿ-ն դեռևս անհրաժեշտ չի համարում հիվանդության կանխարգելման նպատակով միջերկրային սահմանների փակումը։ Այնուամենայնիվ, ճամփորդողներին առաջարկվում է խուսափել հիվանդությանը բնորոշ ախտանշաններ ունեցող անձանց հետ սերտ շփումից և նրանց կողմից օգտագործվող իրերին դիպչելուց։
Նոր և անբացատրելի մաշկային ցանի առաջացման դեպքում (ջերմությամբ և դողով կամ առանց դրա) անհրաժեշտ է դիմել բուժօգնության և խուսափել ուրիշների հետ շփումից: Ախտանիշներին նախորդող ճանապարհորդությունների կամ կապիկի ծաղիկով հիվանդի հետ շփման մասին անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին։
Աֆրիկայից դուրս կապկի ծաղիկի առաջին դեպքերը գրանցվել են Եվրոպայում՝ մայիսի սկզբին․ մոտ 3 ամիս անց հիվանդների թիվը հատել է 17 հազարի սահմանը և կան 5 մահվան դեպքեր (առավելագույն դեպքերն արձանագրվել են Իսպանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում)։ Վարակը հայտնաբերվել է 80 երկրներում։