Home / Առողջապահություն / 20 միլիոն մարդու կյանք խլած կորոնավիրուսն այլևս համաճարակ չէ

20 միլիոն մարդու կյանք խլած կորոնավիրուսն այլևս համաճարակ չէ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չեղարկել է Covid-19 համաճարակի պատճառով աշխարհում հայտարարված արտակարգ դրությունը:

Փորձագետների կարծիքով՝ սա կարևոր քայլ է կորոնավիրուսային համաճարակի ամբողջական ավարտը նախանշելու ուղղությամբ։

Ուղիղ երեք տարի առաջ՝ 2020 թվականի գարնանը, համաճարակն այնքան արագ տարածվեց, որ ԱՀԿ-ն ստիպված եղավ առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ հայտարարել։

Տարբեր երկրներում մարդիկ դեռ շարունակում են մահանալ կորոնավիրուսից, սակայն մահացությունների մակարդակը զգալիորեն նվազել է։

2021 թվականի հունվարին՝ հիվանդացության գագաթնակետին, ամբողջ աշխարհում մահանում էր շաբաթական ավելի քան 100 հազար մարդ, իսկ այս տարվա ապրիլին՝ շաբաթական մոտ 3500 մարդ:

Ընդհանուր առմամբ, համաճարակը խլել է առնվազն 20 միլիոն մարդու կյանք։ Ամենատուժած երկրների թվում են Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Լատինական Ամերիկայի երկրները։

Համաճարակի պատմությունը

2019 թվականի դեկտեմբերին Չինաստանում սկսեցին գրանցվել անհայտ ծագման վիրուսային հիվանդության դեպքեր։

Վարակվածների թիվն այնքան արագ աճեց, որ դեռևս 2020 թվականի հունվարի 30-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բռնկումը հայտարարեց հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ:

Ձմռան վերջին համաճարակն արդեն լայնորեն տարածվել էր Եվրոպայի որոշ շրջաններում, մասնավորապես՝ Իտալիայի հյուսիսում։

2020 թվականի մարտի 11-ին ԱՀԿ-ն հիվանդությունն անվանեց համաճարակ։

Վերջին երեք տարիների ընթացքում համաճարակը այս կամ այն ​​կերպ ազդել է աշխարհի գրեթե բոլոր երկրների վրա, որոնց մեծ մասը վարակի տարածումը սահմանափակելու համար տարբեր ժամանակներում ու ժամանակահատվածներով կիրառել են տարբեր միջոցներ՝ պարտադիր պատվաստումներից մինչև լոքդաուն։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի մայիսի 4-ի դրությամբ, ամբողջ աշխարհում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 765 միլիոն դեպք և հաստատվել ավելի քան 6,9 միլիոն մահ, ինչը դարձնում է Covid-19 համաճարակը պատմության մեջ ամենամահաբերներից մեկը։

Համաճարակի հետ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված մահերի ընդհանուր թիվը, հաշվի առնելով մի շարք երկրների կասկածելի վիճակագրությունը, ԱՀԿ-ի կողմից գնահատվում է մոտ 15 միլիոն մարդ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի մարտի 1-ին՝ Իրանից Հայաստան ժամանած 29-ամյա տղամարդու մոտ։

2023 թվականի ապրիլի 30-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 449429 դեպք, որոնցից 438414 առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8752 մահվան դեպք է արձանագրվել: Կատարվել է 2295826 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1162057, երկրորդ դեղաչափ` 1043077, բուստեր` 90692։