Home / Հայաստան / Սև ցուցակը երկարում է, իսկ Վանաձորի ճամփեքը մնում են քանդված

Սև ցուցակը երկարում է, իսկ Վանաձորի ճամփեքը մնում են քանդված

Գրեթե 18 տարի Վանաձորը ղեկավարած և քաղաքի կենտրոնական հրապարակները, շատրվաններն ու շենքերն այդ ընթացքում սեփականաշնորհած Սամվել Դարբինյանի ընատնեկան բիզնեսը շարունակում է բազմամիլիոնանոց տենդերներ շահել։ Նախկին շինարար, նախկին քաղաքապետ, այժմ՝ ընդդիմադիր Դարբինյանը քաղաքում հայտնի է նաև ասֆալտապատման գործով։ Պաշտոնավարման տարիներին նրա ընտանիքին պատկանող ՍՊԸ-ները հսկայական գումարներ էին ստանում Վանաձորի ճանապարհները կարգի բերելու համար։ Չնայած դուրս գրվող փողերին՝ քաղաքի նույնիսկ կենտրոնական փողոցները մնում էին անմխիթար վիճակում։

Դարբինյաններին պատկանող «Ռ. Ղազարյան» ՍՊԸ-ն անցած տարի անբարեխիղճ է ճանաչվել, ընդգրկվել սև ցուցակում և զրկվել պետական տենդերներին մասնակցելու իրավունքից։ Ընկերությունն փորձել է այս որոշումը վիճարկել դատարանում, առ այսօր դատական նիստեր չեն գումարվել, վճիռ չկա։ 

Վերջերս հայտնի է դարձել, որ Դարբինյանների ընկերությունը պետությունից ավելի քան 2 միլիոն դոլար է ստանալու՝ Վանաձորի կենտորնական Դեմիրճյան փողոցը հիմնանորոգելու համար։ 

Մոտ 4կմ երկարություն ունեցող այս փողոցն ավելի քան 8 ամիս առաջ ավիրել էին, որ հետո սարքեն։

«Վերանորոգումը արդեն համարյա մեկ տարի է ձգձգվում է։ Քանդել են ու չեն սարքում։ Սրա պատճառով խցանման մեջ է գտնվում նաև Մ6 միջպետական ճանապարհի վանաձորյան հատվածը», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է տեղացի իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը։

Մի քանի օր առաջ Դեմիրճյանի վրա մեկ-երկու էքսկավատոր է հայտնվել, ըստ Քոթանջյանը՝ օրական մի երկու ժամ գործ են անում և գնում։ Ակտիվիստը վստահ է՝ ժամկետների մեջ, ինչպես միշտ, չեն տեղավորվելու․ «Դարբինյանների ընկերությունը Լոռվա մարզում այլ տենդերներ էլ ունի շահած, փորձելու են առաջնահերթ դրանք հանձնել, զուգահեռ անելու համար էլ բավարար տեխնիկա չունեն»։

Թե ինչպիսի համբավ ունի նախկին քաղաքապետի բիզնեսը՝ բոլորը գիտեն։ 2018-ից հետո նաև քրեական գործեր հարուցվեցին։ Բայց այլընտրանքներ, ըստ իրավապաշտպանի, չկան։

Դեմիրճյան փողոցի հիմնանորոգման համար երկու մրցույթ է իրականացվել։

«Առաջինում, մեր տեղեկություններով, շահել է մի ընկերություն, որը տեխնիկա նույնիսկ չուներ։ Կազմակերպության նպատակը, ըստ ամենայնի, տենդերը շահելն ու հետագայում թանկով վերավաճառելն էր։ Պետությունը պայմանագիրը խզել է»։

Առաջին մրցույթում հաղթած ընկերությունը ռուսական «Գլավդորստոյն» է, որը միայն անցած տարի առնվազն 6 ճանապարհաշինական խոշոր ծրագրեր է շահել, բայց դրանցից որևէ մեկը չի իրականացրել։ 

Պատկան մարմինները «Գլավդորստրոյին» էլ են ներառել շինարարների սև ցուցակում։ Դատարանը հետագայում հաստատել է՝ ընկերությունն անբարեխիղճ է, հետևաբար առնվազն երկու տարի չի կարող Հայաստանում շինարարական տենդերների մասնակցել։ «Գլավդորստրոյից» շարունակում են հայտարարել, թե այս ամենը «մտացածին է և նպատակ ունի իրենց խոշոր ծրագրերից դուրս թողնել՝ զուտ կոռուպցիոն մտադրություններով»։

Առաջին մրցույթից հետո երկրորդն է եղել։ Ըստ Քոթանջյանի՝ երկու ընկերություն է մասնակցել, շահել է Դարբինյաններին պատկանող «Ռ. Ղազարյանը»։ Դեռ երկու ամիս առաջ նրանք պետք է սկսեին աշխատանքը, բայց Տարածքային կառավարման նախարարությունը կասեցրել է արդյունքների ամփոփումը․ «Բավականին երկար քննարկում են ունեցել նախարարության հետ, եկել են համաձայնության․ որոշվել է, թե ինչ կարգով պետք է սարքեն»։

Այսօրվա դրությամբ միայն Լոռու մարզում երեք խոշոր ճանապարհաշինական ծրագիր կա․ երկուսը տարիներով ձգվեցին, շինարարներ փոխվեցին, բողոքի ակցիաներ եղան, մինչև ի վերջո մեկնարկեցին։ Դատելով աշխատանքների տեմպից՝ Դեմիճյան փողոցի հիմնանորոգումն էլ է դանդաղելու։ Աշխատանքը, ինչպես միշտ, կակտիվանա միայն վերջին ամիսներին։

Իրավապաշտպանը ընդգծում է՝ ասֆալտապատման ծրագրերը համատարած հանձնվում են ուշացումով, ինչի պատճառով թերությունները պարզելու և շտկելու համար ժամանակ չի մնում․

«Մենք արդեն նման փորձ ունենք Վանաձորում։ Օրինակ, անցյալ տարի սուբվենցիոն ծրագրով բակերն են ասֆալտապատել։ Մեկ տարի անց ասֆալտապատված բակերը լրիվ փոսերի մեջ են։ Համայնքը լծակներ չունի, որ պարտադրի այդ կազմակերպություններին իրենց անորակ աշխատանքի հետևանքները վերացնել»։

Ինչո՞ւ են ճանապարհաշինական աշխատանքները, որոնք 2018 թվականի իշխանափոխությունից հետո նոր թափ էին ստացել, այժմ համատարած ձգձգվում, մրցույթները պարբերաբար չեղարկվում են, պատվիրատուն ու կապալառուն իրար դատի են տալիս և այլն։

Միայն անցած տարի 8 ընկերություն է ներառվել «սև ցուցակում», զրկվել մրցույթներին մասնակցելու իրավունքից, 18 ընկերության պատժել են տուգանքներով, անբարեխիղճ շինընկերությունների տուգանքները երեք անգամ մեծացել են։ Միևնույնն է՝ խնդիրները չեն լուծվում։

Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյաննը արդարանում է՝ հիմնական խնդիրը ոլորտում աշխատող ընկերությունների կարողություններն են․ դիմում են տենդերների, հետո պարզվում է, որ գործնականում ի վիճակի չեն նման աշխատանք անել՝ ո՛չ բավարար տեխնիկա ունեն, ո՛չ մարդուժ։