WikiLeaks-ի հիմնադիր, լրագրող Ջուլիան Ասանժը (2019 թվականից պահվում է բրիտանական Բելմարշ բանտում) նամակ է գրել հանգուցյալ Եղիսաբեթ II-ի որդուն, որն այսօր պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի միապետ Չարլզ III-ը։ Թարգմանությունը՝ ստորև․
Նորին Մեծություն Չարլզ III Թագավորին,
Գերապետիս թագադրման առթիվ ես մտածեցի, որ տեղին կլինի սրտանց հրավեր ուղղել ձեզ՝ ոգեկոչելու այս վճռորոշ իրադարձությունը ձեր թագավորության մեջ գտնվող թագավորություն՝ Նորին Մեծության Բելմարշ բանտ այցելելով։
Անկասկած, դուք կհիշեք հայտնի թատերագրի իմաստուն խոսքերը․ «Գութը բնոյթով հարկադիր բան չէ/ Այլ կաթում է նա քաղցր անձրեւի պէս/ Երկնքից ներքեւ»:
Ա՜հ, բայց ի՞նչ կարող էր այս նվագասացն իմանալ գթասրտության մասին, որը ձեր պատմական թագավորության ծեգին առերեսվել է հատուցման։ Ի վերջո, հասարակությանը հնարավոր է ճշմարտապես չափել նրանով՝ ինչպես է այն վերաբերվում սեփական բանտարկյալներին, և ձեր թագավորությունն, անկասկած, այստեղ առաջադիմել է։
Ձերդ Մեծության Բելմարշ բանտը գտնվում է Լոնդոնի One Western Way հասցեում` Գրինվիչի Հին թագավորական ռազմածովային քոլեջից ընդամենը մի կարճ աղվեսաորսի չափ հեռավորության վրա։ Ենթադրաբար հաճելի է, որ նման պատկառելի հաստատությունը հենց ձեր անունն է կրում։
Ձեր հավատարիմ հպատակներից 687-ն այստեղ են պահվում՝ ապահովելով Միացյալ Թագավորության իբրև Արևմտյան Եվրապայի՝ բանտարկյալների թվով առաջատար պետության հեղինակությունը։ Ինչպես բոլորովին վերջերս հայտարարեց ձեր ազնվական կառավարությունը, թագավորությունում այժմ տեղի է ունենում «բանտավայրերի ամենամասշտաբային ընդլայնումը վերջին մեկ դարում»․ կառավարության հավակնոտ կանխատեսումների համաձայն՝ բանտարկյալների թիվը գալիք 4 տարիների ընթացքում 82 հազարից կաճի 106 հազարի։ Իսկապես՝ տպավորիչ ժառանգություն։
Իբրև քաղաքական բանտարկյալ, որ ազատազրկվել է Ձերդ Մեծության ցանկությամբ՝ ամոթխած օտարերկրյա սուվերենի անունից, ես պատիվ ունեմ բնակվել համաշխարհային մակարդակի այս հաստատության պատերի հետևում։ Ձեր թագավորությունը, հիրավի, սահմաններ չի ճանաչում։
Այցի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք ըմբոշխնել այն ախորժանքները, որոնք պատրաստվում են Ձեր հավատարիմ հպատակների համար՝ օրական 2 ֆունտ ստերլինգ առատապարգև բյուջեով։ Համտեսե՛ք թունայի աղացած գլուխները և ամենագո զանգվածները, որոնք իբրև թե պատրաստված են հավի մսից։ Մի՛ մտահոգվեք՝ ի տարբերություն ավելի փոքր հաստատությունների, ինչպիսիք են, օրինակ, Ալկատրասն ու Սան-Քուենթինը, այստեղ ընդհանուր ճաշարան չկա։ Բելմարշում բանտարկյալները ճաշում են միայնակ՝ իրենց խցերում, ինչը սննդի հետ առավելագույն մտերմություն է ապահովում։
Հավաստիացնում եմ Ձեզ՝ համային հաճույքներից բացի, Բելմարշը նաև լայն կրթական հնարավորություններ է տալիս ձեր ենթականերին։ Ինչպես Առակաց 22.6-ում է ասվում․ «Կրթիր երեխային իր ճամփան սկսած ժամանակ, որպեսզի իր ծերության ժամանակ էլ նրանից չհեռանա»: Ակնդիր եղե՛ք նաև բուժկետի մոտի քստքստացող հերթերին․ դատապարտյալներն այստեղ դեղատոմսեր են հավաքում ոչ թե ամենօրյա օգտագործման, այլ «big day out»-ի հորիզոնն ընդլայնող փորձառության համար՝ միանգամից ամեն ինչ։
Դուք հնարավորություն կունենաք նաև հարգանքի տուրք մատուցել իմ հանգուցյալ ընկերոջը՝ Մանոել Սանտոսին՝ գեյ տղամարդուն, որը կարող էր արտահանձնվել Բոլսոնարուի Բրազիլիա, որն ինքնասպան եղավ իմ խցից ընդամենը 8 յարդ հեռավորության վրա՝ իր սավանից պատրաստված պինդ պարանով։ Նրա նուրբ տենորը հավիտյան լռեց։
Խիզախեք առաջանալ դեպի Բելմարշի խորքեր և դուք կգտնեք դրա ամենամեկուսացված տեղերը՝ առողջապահությունը (Healthcare) կամ «դժոխապահությունը» (Hellcare), ինչպես այն սիրով անվանում են այստեղի բնակիչները։ Այստեղ դուք կհիանաք խոհամիտ կանոններով, որոնք սահմանվել են բոլորի անվտանգության համար, օրինակ՝ շախմատի արգելքով, մինչդեռ շաշկին, որը պակաս վտանգավոր է, թույլատրված է։
Դժոխապահության ամենախորքում գտնվում է Բելմարշի, ավելին՝ ամբողջ Միացյալ Թագավորության ամենափառահեղ, ամենաոգևորիչ տեղը, որը վսեմորեն անվանվել է Belmarsh End of Life Suite։ Ականջ դրե՛ք և դուք կարող եք լսել բանտարկյալների «Եղբայր, ես այստեղ կմեռնեմ» աղաղակները, որոնք վկայում են ձեր բանտում և՛ կյանքի, և՛ մահվան որակի մասին։
Բայց մի՛ վախեցեք, այս պատերի հետևում նաև գեղեկություն է կարելի գտնել։ Նայե՛ք գեղատեսիլ ագռավներին, որոնք բույն են դրել փշալարերի վրա, և հարյուրավոր քաղցած առնետներին, որոնք Բելմարշը տուն են համարում։ Եթե այցի գաք գարնանը, կարող եք տեսնել նույնիսկ բադիկներին, որոնց բանտի տարածքում ձվադրել են մոլորված մրտիմները։ Բայց մի՛ հապաղեք, որովհետև բկլիկ առնետները վստահ են, որ նրանց կյանքն անցողիկ է։
Ես խնդրում եմ ձեզ, Թագավո՛ր Չարլզ, այցելել Նորին Մեծության Բելմարշ բանտը, քանզի դա արքայավայել շնորհ է։ Երբ սկսեք տիրել, միշտ հիշեք աստվածաշնչյան խոսքերը՝ ըստ թագավոր Հակոբոսի․ «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն» (Մատթեոս 5:7)։ Եվ թող ողորմությունը լինի ձեր թագավորության առաջնորդող լույսը՝ Բելմարշի ներսում և դրսում։
Ձեր ամենանվիրյալ ենթակա՝
Ջուլիան Ասանժ