Միաժամանակ մի քանի բրիտանական լրատվականներ հաղորդում են, որ թագավորական ընտանիքում «ճգնաժամային բանակցություններ» են ընթանում. արքունիքը քննարկում է, թե ինչպես պետք է պատասխանի արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի սկանդալային հարցազրույցին։
Ամերիկացի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում նրանք, ի թիվս այլի, բրիտանական թագավորական ընտանիքին մեղադրել են ռասիզմի մեջ։
Թագավորական ընտանիքի «գաղութային երանգները»
Մեգանը հայտնել է, որ իր հղիության ընթացքում իրեն տեղեկացրել են, որ փոքրիկ Արչին արքայազնի տիտղոս չի ստանա, ուստի՝ ի տարբերություն թագավորական ընտանիքի մյուս անդամների, չի ունենա նաև թիկնազոր։ Նրա կարծիքով՝ սա ավանդույթների կոպիտ խախտում էր։
«Նրանք դրանից զրկելու իրավունք չունեն։ Երբ ես հղի էի, նրանք ասացին, որ ցանկանում են ավանդույթները փոխել Արչիի համար։ Հետաքրքիր է՝ ինչու՞։ Միայն այն միտքը, որ մեր որդին անվտանգություն չի ունենա, և որ այդ ընտանիքի առաջին ոչ սպիտակ անդամը չի ստանա նույն տիտղոսն, ինչ մյուս թոռները…»։
Օփրայի ճշգրտող հարցին ի պատասխան Մեգանը հավելել է՝ իր հղիության ընթացքում պալատում անգամ «խոսակցություններ և մտահոգություններ են եղել» այն մասին, թե «որքան մուգ կարող է լինել ապագա երեխայի մաշկը»։
Հարցին՝ ո՞վ է նման մտահոգություններ արտահայտել, Մեգանը չի պատասխանել։ Հաղորդավարուհին կրկնել է հարցը, դքսուհին ի պատասխան նշել է՝ «այդ մասին մի քանի խոսակցություն է եղել» և հավելել՝ «դա ինձ Հարրին է փոխանցել»։ Նա նշել է նաև, որ այս խոսակցությունները դժվար էր «որպես առանձին միջադեպեր դիտարկել»։
«Եթե ասեմ, դա մեծ վնաս կպատճառի նրանց», – եզրափակել է Մեգանը։
Ավելի ուշ զրույցին միացել է նաև Հարրին։
«Այդ խոսակցության մասին ես երբեք չեմ պատմի, – նույն հարցին ի պատասխան ասել է արքայազնը, – Այդ պահին ես ինձ ուղղակի անհարմար էի զգում, մի փոքր շոկի մեջ էի»:
Հարրին հստակեցրել է՝ սա տեղի է ունեցել իր և Մեգանի հարաբերությունների ամենասկզբում։
Զույգը, այնուամենայնիվ, վստահեցրել է, որ խոսքը չի վերաբերում ընտանիքի ավագ սերնդին. թագուհի Եղիսաբեթ II-ն և նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը տեղի ունեցածի հետ, ըստ նրանց, առնչություն չունեն։
Ամենից շատ Հարրիին «ցավ է պատճառել» այն, որ իր ընտանիքն չի դատապարտել բրիտանական մամուլի «գաղութային երանգներ» ունեցող հարձակումները Մեգանի նկատմամբ։ Հարրին հիշեցրել է, որ տեղական մամուլի հրապարակումները քննադատել են անգամ բրիտանական խորհրդարանի (շուրջ 70) պատգամավորները. «Բայց իմ ընտանիքի անդամներից որևէ մեկը երեք տարվա ընթացքում այդպես էլ ոչինչ չասաց»։
Թագավորական ընտանիքի լռությունը, ըստ արքայազնի, պայմանավորված է վախով, որ նրանք ունեն բրիտանական մամուլից ։ Ըստ Հարրիի՝ կա որոշակի համաձայնություն՝ լրատվականները կարող են լուսաբանել պալատի անցուդարձի որոշ մանրամասներ, իսկ դրա փոխարեն ընտանիքը մամուլում պետք է լուսաբանվի դրական լույսի ներքո։
Ավելի լավ նորություններին անդրադառնալով՝ զույգը հայտնել է նաև, որ սպասում են իրենց երկրորդ երեխային։ Այս անգամ Հարրին և Մեգանը աղջիկ են ունենալու։
Սուիցիդալ մտքեր և արքայական հեղինակություն
Մեգանը պատմել է նաև պալատում ունեցած հոգեբանական խնդիրների մասին։ Դքսուհու պնդմամբ՝ պալատական կյանքը և հիշյալ խոսակցություններն այնքան ճնշող էին, որ նա այլևս չէր ուզում «ողջ լինել»։ Չնայած արքայադստեր սուիցիդալ մտքերին, թագավորական ընտանիքը նրան թույլ չի տվել դիմել մասնագիտական օգնության, քանի որ դա կարող էր վատ անդրադառնալ պալատի հեղինակության վրա։
Մեգանը նշել է նաև, որ ամուսնական արարողությունից անմիջապես հետո իրենից վերցրել են անձնագիրը, վարորդական իրավունքը ու բանկային քարտերը։
Չարլզը չի պատասխանել որդու զանգերին
Արքայազնի խոսքով՝ պալատում ապրելով՝ նա իրեն թակարդում էր զգում նույնիսկ մինչև Մեգանին հանդիպելը, նման մի թակարդում են նաև իր եղբայր Ուիլյամն ու հայրը՝ Չարլզը։ Վերջինս բրիտանական գահի թագաժառանգն է։
Հարրին ևս մեկ սկանդալային հայտարարություն է արել. նրա ընտանիքը 2020 թվականի տարեսկզբից դադարել է ֆինանսապես աջակցել իրեն և Մեգանին։
Նույն այս ժամանակահատվածում զույգը պաշտոնապես հրաժարվել է թագավորական պարտականություններից և հայտարարել, որ տարվա մի մասը անցկացնելու է Կալիֆոռնիայում։
Հարրին ստիպված է եղել… պայմանագրեր կնքել Netflix-ի և այլ հեռարձակող ծառայությունների հետ։ Արքայազնի խոսքով՝ իրեն անհրաժեշտ էր բավականաչափ գումար վաստակել՝ կնոջ և որդու անվտանգությունն ապահովելու համար։ Ավելին` արքայազն Չարլզը նույն ժամանակահատվածում դադարել է պատասխանել որդու զանգերին։
Պալատը հետաքննում է բուլիինգը, բայց ոչ մանկապղծությունը
Մամուլը Մեգանի մասին գրում էր նաև այս հարցազրույցից օրեր առաջ` մեղադրելով դքսուհուն իր ենթականերին բուլիինգի ենթարկելու մեջ։
Թագավորական պալատը, որը սովորաբար որևէ կերպ չի արձագանքում նման լուրերին, այս դեպքում խոստացել է հետաքննություն սկսել։
Հատկանշական է, որ անցյալ տարվա թագավորական սկանդալը, որ կապված էր Հարրիի հորեղբոր՝ արքայազն Էնդրյուի հետ, ի տարբերություն այս միջադեպի՝ որևէ հետաքննության չէր արժանացել։
Էնդրյուն անցնում է ամերիկացի ֆինանսիստ, անչափահասներին թրաֆիքինգի և սեռական բռնության ենթարկելու համար դատապարտված Ջեֆրի Էփշթայնի դեմ հարուցված քրեական գործով։ Էփշթայնի զոհերից մեկը՝ Վիրջինիա Ռոբերտսը, հայտարարել էր, որ Էնդրյուն թրաֆիքինգի այս շղթայի կարկառուն ներկայացուցիչներից է, և որ ինքը երեք անգամ սեռական հարաբերություն է ունեցել արքայազնի հետ, այդ թվում՝ 2001 թվականին, երբ դեռ 17 տարեկան էր։
Փոթորիկ Մեծ Բրիտանիայում
Մեգանի և Հարրիի բացահայտումները Բրիտանիայում իսկական փոթորիկ են առաջացրել, որն արդեն իսկ համեմատվում է արքայադուստր Դիանայի 1995 թվականի հանրահայտ հարցազրույցների հետ, երբ վերջինս պատմել էր իր ամուսնու՝ արքայազն Չարլզի դավաճանության մասին։
Թագավորական ընտանիքը սովորաբար չի պատասխանում իրեն ուղղված հնչեղ մեղադրանքներին։ Բրիտանացի լրագրողները, սակայն, (այդ թվում՝ Daily Mail-ից և Guardian-ից), գրում են, որ Բաքինգհեմյան պալատի վրա աննախադեպ ճնշում է գործադրվում, որ Մեգանի մեղադրանքների վերաբերյալ հայտարարություն անեն։ Ընդդիմադիր աշխատավորական կուսակցության ղեկավար Քիր Ստարմերը հայտնել է, որ ռասայական հավասարության և հոգեկան առողջության հետ կապված այն խնդիրները, որ բարձրաձայնել է դքսուհին, «վերաբերում են ոչ միայն թագավորական ընտանիքին» և դրանք անտեսել չի կարելի։
Ակնկալվում է, որ մոտ ժամանակներում թագավորական ընտանիքը վերջապես հանդես կգա պարզաբանմամբ։
լրացում – մարտի 10, 15։00․ Նյութի հրապարակումից մեկ օր անց Բաքինգհեմյան պալատը հայտարարություն է տարածել, որում շեշտվում է թագավորական ընտանիքի «տխրությունը» Հարրիի և Մեգանի վերջին տարիներին ունեցած դժվարությունների առիթով։ Պալատը նաև իր «մտահոգությունն» է հայտնում ռասիզմի վերաբերյալ զույգի արած հայտարարությունների վերաբերյալ և տեղեկացրում, որ «չնայած որոշ հիշողություններ կարող են տարբեր լինել, ընտանիքը դրանց կանդրադառնա մասնավոր կերպով»։
«Հարրին, Մեգանը և Արչին կմնան ընտանիքի շատ սիրված անդամներ»,- ասված է հայտարարության մեջ։