Home / Բանակ / Ավիրված ենթակառուցվածքներ ու բնակելի շենքեր. ՌԴ-ն ու Ուկրաինան խփում են իրար

Ավիրված ենթակառուցվածքներ ու բնակելի շենքեր. ՌԴ-ն ու Ուկրաինան խփում են իրար

Առավոտից ռուսական և ուկրաինական զինված ուժերը ռմբակոծում են միմյանց քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ռուսական զորքերը հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները, այդ թվում՝ Կիևի ՀԷԿ-ը։ Երկրի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարված։ Ուկրաինայի զինված ուժերն էլ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են ռուսական Սարատով և Էնգելս քաղաքների վրա։ Սարատովում դրոնը խփել է Պրեդմոստովոյ հրապարակի բնակելի համալիրի բարձրահարկին։ Երկու կողմում էլ կան տուժածներ։

Ռուսաստանի հարձակումը

Ռուսական ՊՆ-ն հայտնում է, որ թիրախում ուկրաինական ռազմական արտադրության համար կենսական նշանակություն ունեցող էներգետիկ ռեսուրսներն էին. «հաջողվել է դիպուկ հարվածներով խոցել նախագծված բոլոր թիրախները»։ Կիրառվել է շուրջ 100 դրոն և 100 հրթիռ։

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշենկոն հայտնել է մեծ կորուստների մասին, մասնագետներն աշխատում են վնասված ենթակառուցվածքները վերանորոգելու ուղղությամբ։ «Ուկրէներգո» ընկերությունը պատրաստվում է հոսանքի անջատումներ մտցնել երկրի ողջ տարածքում։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ օդային հարձակումների արդյունքում տուժել են երկրի 15 շրջաններ։ «Թշնամին կիրառել է տարբեր զինատեսակներ՝ ԱԹՍ-ներ, թևավոր հրթիռներ, «Կինժալներ»։ Կան զոհեր և վիրավորներ», – տելեգրամի իր ալիքում գրել է Շմիգալը։

Վոլինի մարզերի Լուցկ քաղաքում տուժել է բազմաբնակարան շենքը, կա մեկ հաստատված զոհ։ Ժիտոմիրի մարզում հրթիռները հարվածել են բնակելի շինություններին, մեկ քաղաքացի մահացել է։ Կիևի մարզում տուժել են ենթակառուցվածքային օբյեկտներն ու մի քանի առանձնատուն։ Կա մեկ վիրավոր։ Պոլտավայի մարզում արդյունաբերական օբյեկտի հրետանակոծության արդյունքում հինգ մարդ վիրավորվել է։ Լվովի, Վիննիցայի և Ռովենի շրջաններում խոցվել են էներգետիկ կարևոր ենթակառուցվածքները։ Օդեսսայի մարզում տուժել են էներգետիկ և քաղաքացիական օբյեկտները։ Չորս քաղաքացի, այդ թվում՝ 10 տարեկան երեխա, հոսպիտալազցվել են։ Նիկոլաևի շրջանում կա 3 վիրավոր։ Իվանովո-Ֆրանկովսկի մարզում հրթիռակոծվել են ենթակառուցվածքները, կա 3 տուժած։ 

Ուկրաինայի հարձակումը

Հրթիռակոծության են ենթարկվել Սարատով և Էնգելս քաղաքները։ Լրատվամիջոցների փոխանցմամբ խոցվել է Volga Sky 38-հարկանի բնակելի համալիրը, որը Սարատովի և ամբողջ Պրիվոլոժիեի ամենաբարձր շինությունն է համարվում (128,6 մ)։

Առողջապահության նախարարությունը հայտնում է 4 վիրավորների մասին։

Սարատովի օդանավակայանում դրոնների հարձակման հետևանքով ինքնաթիռների մեկնումն ու ժամանումը կազմակերպվում է ժամանակավոր սահմանափակումներով։

Էնգելս քաղաքում ԱԹՍ-ը հարվածել է բազմահարկ բնակելի շենքին։ Տուժածներ չկան, բեկորները վնասել են բակում կայանած մեքենաները։

Էնգելսի շրջանի Պրիբրեժնի գյուղում ԱԹՍ-ները հարվածել են 4 առանձնատների, տուժածներ չկան։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը զեկուցել է 7 շրջաններում հակաօդային պաշտպանության կողմից բռնված 20 ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մասին։

Յարոսլավսկի մարզպետ Միխաիլ Եվրաևը հայտնել է, որ ոչնչացված դրոններից մեկը փորձում էր թիրախավորել նավթամշակման գործարանը։