Կառավարությունը որոշել է բարդացնել բյուրոկրատիայից մինչ այս խուսափած անհատ տաքսիստների կյանքը։ Սեպտեմբերի 1-ից ուղեվարձերը կհարկվեն «սիմվոլիկ 1,5-2 տոկոս պետական տուրքով», սիմվոլիկ հարկը 3 տարիների ընթացքում աստիճանաբար կաճի՝ դառնալով 4-5%։
ՊԵԿ-ը վստահեցնում է` նպատակը ոլորտը թափանցիկ դարձնելն է ու հարկ վճարելու մշակույթի արմատավորումը, ոչ թե հարկելն ինքնին։ Վարորդները դժգոհում են ավելորդ թղթաբանությունից և առանց այն էլ փոքր եկամուտը հարկելուց։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ամեն ինչ շատ պարզ է լինելու և հեշտ, նույնիսկ ինչ-որ տեղ այցելելու կարիք չի լինի։ Սեպտեմբերի 1-ից անհատ տաքսիստները պետք է ունենա հարկ վճարողի կոդ, որը ստանալու համար պետք է գրանցվեն «Ես եմ» հավելվածում։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ունենալ մոբայլ ID, որը կարելի է ստանալ՝ այցելելով բջջային օպերատորի գրասենյակ և նոր SIM-քարտ գնելով։ Եթե տաքսիստը չի ուզում այցելել օպերատորին, նա կարող է գնալ ՊԵԿ։ ID-ն ստանալուց հետո պետք է ներբեռնել հավելվածը, ստանալ հարկ վճարողի հաշվառման համարը։ Դրանից հետո տաքսիսները կկարողանան էլեկտրոնային ՀԴՄ տպել և հարկ վճարել։
«Ես մեծ մարդ եմ, կնոպըչնի հեռախոս եմ օգտագործում, չգիտեմ էլ թե ինչ եմ անելու», – ասում է վարորդ Հայկը։
Հավելվածը, որով պետք է տպվի էլեկտրոնային կտրոնը, դեռ պատրաստ էլ չէ։ ՊԵԿ-ից խոստանում են, որ այն պատրաստ կլինի հենց սեպտեմբերի մեկին։
Եթե վարորդը գումարը ստանում է կանխիկ, նա պետությանը պետք է փոխանցի ուղևորության արժեքի 2 տոկոսը, քարտով ստանալիս՝ 1,5 տոկոսը։ Օրինակ, եթե ուղեվարձը 1000 դրամ կազմի, հարկի չափը կլինի 20 կամ 15 դրամ՝ կախված վճարման եղանակից։
Արդյո՞ք «Ես եմ» ծրագիրը անհատ վարորդներին անկանխիկ (բանկային քարտով) ուղեվարձը ստանալու հնարավորություն կտա՝ պարզ չէ։ «Մասնագիտական պատասխանը կտրամադրվի ավելի ուշ», – Epress.am-ին ասել են ՊԵԿ-ից։
2025-ից հարկերը կավելանան՝ հասնելով 3,5 և 2,5 տոկոսի։ 2026-ին տոկոսները վերջնական մակարդակին կհասնեն՝ 5 կանխիկի և 4 անկանխիկի դեպքում։
Ըստ ՊԵԿ նախագահի՝ օնլայն տաքսիներում (Յանդեքս Տաքսի, ՋիՋի և այլն) կամ «տաքսի սերվիսներում» աշխատող վարորդները ՀԴՄ տպելու, հարկ վճարողի կոդ ստանալու պարտավորություն չունեն․ «Ամեն ինչ անելու է ծառայությունը մատուցող ընկերությունը»։
«Յանդեքսը սրա պատճառով մեզնից գանձվող գումարը 2 տոկոսով ավելացրել է, բայց նաև ուղեվարձը կթանկացնի շուտով։ Սենց թե նենց՝ ամեն ինչ ուղևորի վրա կմնա», – ասում է Յանդեքսի վարորդ Արմանը։
Բացի այդ, կբարդանա նաև Յանդեքսում, ՅուՏաքսիում և ՋիՋիում գրանցվելու ընթացակարգը․ «Պադռաբոտկա անելը էտքան հեշտ չի լինի»։ Մարդիկ, որոնք տաքսի են վարում հիմնական աշխատանքից հետո/այլ գործերի հետ համատեղելով, նման հնարավորություն էլ չեն ունենա։ Տուժելու են հիմնականում պետական ծառայողոները։
«Ոչ ֆորմալ տնտեսությունը հարկային դաշտ բերելու կառավարության քաղաքականությունը հանրային ծառայողների համար անհնարին է դարձնելու նման ծառայություններում ներգրավվելը, ինչը իր հերթին զրկելու է նրանց լրացուցիչ եկամտից և ավելի է մեծացնելու սոցիալական լարվածությունը», – ասված է Պետհիմնարկների ճյուղային արհմիության հայտարարության մեջ։
Պետաշխատողներից բացի՝ բարդանալու է նաև օնլայն տաքսիներում աշխատող միգրանտների վիճակը։ Եթե Յանդեքսի վարորդը Հայաստանի քաղաքացի չէ, ընկերությունը նրա համար հարկ վճարողի կոդ չի կարող վերցնել։
«Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք հարկային մարմնում պետք է հաշվառվեն ինքնուրույն՝ այցելելով ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին։ Հաշվառվելու համար անհրաժեշտ է ներկայացնել ֆիզիկական անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման լրացված դիմումը և անձնագրի պատճենը», – Epress.am-ին հայտնել են ՊԵԿ-ից:
Այս ամենից բացի անհատ վարորդները պետք է ունենան նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացած լիցենզիա, որի ստացման կարգը թեթևացնելու մասին խոսվեց նախորդ հինգշաբթի՝ Կառավարության նիստին։ Լիցենզիայի պահանջ է դրվում միայն անհատ վարորդների առջև, այն չի վերաբերում օնլայն հարթակներում և «տաքսի սերվիսներում» աշխատողներին, քանի որ այդ ընկերություններն արդեն իսկ լիցենզիա ունեն և դրա համար վճարում են։
Օրենքը շուտով կսկսի գործել, բայց լիցենզավորման կարգի թեթևացումը մնում է խոսակցությունների մակարդակում։
«Այնպես են ուզում անեն, որ բոլորս գնանք Յանդեքս», – ասում է Հայկը։
Օնլայն տաքսիները վաղուց գրավել են հայաստանյան շուկան․ խոշոր քաղաքների մանր տաքսի-սերվիսները վաղուց փակվել են, անհատ վարորդներն այլևս պոպուլյար չեն։ Բայց մինչքաղաքային ուղևորափոխադրումների ոլորտը դեռ չի գրավվել հավելվածների կողմից․ որոշ մարզերում փոխադրումները տեղական ընկերություններն են կազմակերպում, որոշներում՝ անհատ վարորդները։ Կան մարզեր (օրինակ՝ Արարատի մարզը), որոնք միջքաղաքային հանրային տրանսպորտ գրեթե չունեն․ տեղաշարժերը հիմնականում անհատներն են կազմակերպում։
տե՛ս Վտանգավոր ավտոստոպ․ Արարատի տրանսպորտի վիճակը կատաստրոֆիկ է
Նոր համակարգի ներդրումից հետո նրանք, ովքեր կշարունակեն փոխադրումներ անել առանց ՀԴՄ-ի (և հետևաբար՝ առանց հարկ վճարելու), կհայտնվեն սանկցիաների տակ՝ տույժ-տուգանքներ, լիցենզիայից զրկվել և այլն։
Չարենցավանում, օրինակ, այս փոփոխության մեջ դրական բան են փորձում գտնել, հույս ունեն, որ հարկման համակարգի ներդրմամբ կլուծվի Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանս» ընկերության վարորդների և անհատ տաքսիստների վեճը։ «Եթե հիմա մուլտի տրանսի վարորդները նեղում են անհատ վարորդներին, չեն թողում կանգառում կանգնել կամ մարդ վերցնել՝ ասելով, որ նրանք հարկ չեն վճարում, էս օրենքից հետո էլ նման բան չեն կարող ասել», – հույսով ասում է չարենցավանցի վարորդ Կարոն։
տե՛ս Լեգալ ավտոբուսների տեռորը ինքնազբաղ տաքսիստների դեմ․ Կոտայք