Թաթարստանի մուֆթի Կամիլ Սամիգուլլինը հայտարարել է, որ «որոշակի պայմաններում» Ուկրաինայի դեմ պատերազմի մասնակիցներն Ալլահի կողմից կճանաչվեն որպես հավատի նահատակներ ու դրախտ կընկնեն։
«Եթե զինվորը հավատացյալ է և պաշտպանում է իր տունը, իր ընտանիքը, հայրենիքը, Ալլահը նրան ընդունում է որպես շահիդ», – Սամիգուլլինի խոսքերը մեջբերում է Բիզնես Օնլայն հրատարակչությունը։
Մուֆթին նշել է, որ ռուսական զինվորականները «ճշմարիտ պատերազմ» են մղում և դրանով օգնում են նաև Պաղեստինին, քանի որ ԱՄՆ-ն Իսրայելի համար նախատեսվող օգնության մի մասը հատկացնում է Ուկրաինային։
Սա Սամիգուլլինի առաջին աղմկահարույց հայտարարությունը չէր։ Ավելի վաղ Թաթարստանի մահմեդականների հոգևոր առաջնորդը քննադատել էր հիջաբներ կրելու մասնակի արգելքը։ Նաև դեմ էր արտահայտվել Ռուսաստանի Սահմանադրությունում ամրագրված «պետականաստեղծ ազգ» արտահայտությանը։ Մախաչկալայի օդանավակայանի հակասեմիտական ակցիաների կազմակերպիչների գործերի քննության ժամանակ մուֆթին կոչ էր արել ներողամտություն ցուցաբերել։