Վրաստանում գործող հայալեզու «Ալիք Մեդիա» կայքի հիմնադիր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի մուտքը Վրաստան այսօր մերժվել է, երկու ժամ անց թույլատրվել։ Հայտնում է Խառատյանը՝ ֆեյսբուքի իր էջում։
Խառատյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին Երևանից օդանավով ժամանել է Թբիլիսի, օդանավակայնում Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությունից հայտնել են, որ նրա մուտքը Վրաստան արգելված է՝ չնշելով պատճառը, և երեկոյան չվերթով պիտի վերադառնա Հայաստան։
Երկու ժամ մեկուսարանում մնալուց հետո Խառատյանի մոտ է եկել ոստիկան և հայտնել, որ նրան այնուամենայնիվ մուտքն արտոնված է։ Խառատյանը կատարվածը կապում է Վրաստանում նախընտրական լարված իրավիճակի հետ։
Հիշեցնենք, որ հունիսին էլ Վրաստանի սահմանապահները արգելել էին մեկ այլ հայաստանցի քաղաքական գործիչ Տիգրան Խզմալյանի մուտքը։
2019 թվականին հոկտեմբերին էլ Epress.am-ի լրագրողներին են արգելել մուտքը Վրաստան՝ առանց գրավոր պատճառաբանության։