Չեչնիայի տեղեկատվության փոխնախարար Սաիդ-Մահոմեդ Բաշիրովին առևանգել են նրա մասնակցությամբ վիդեոզանգի հրապարակումից հետո։ Ընդդիմադիր բլոգեր Հասան Խալիտովի խոսքով, տեսանյութում նա ենթադրաբար ցույց է տալիս առնանդամը մեկ այլ տղամարդու։ Այս մասին շրջանառվող տեղեկությունները հաստատել են նաև «СК SOS» ճգնաժամային խմբի աղբյուրներն ու Niyso տելեգրամ ալիքը։
Խալիտովը Բաշիրովի մասնակցությամբ տեսաձայնագրությունը հրապարակել է սեպտեմբերի 7-ին։ Նույն օրը փոխնահարարին առևանգել են քաղաքացիական հագուստով ոստիկանները, գրում է Niyso ալիքը։
Երկու օր անց Խալիտովը նոր հոլովակ էր հրապարակել Բաշիրովից, հավանաբար՝ Գրոզնիի կառավարական գրասենյակից։ Վիդեոյի հետ նա հրապարակել էր նաև բանկային փոխանցման էկրանակադր՝ Բաշիրովը փոխանցել էր 500 հազար ռուբլի։ Ենթադրվում է, որ այդ գումարը փոխնախարարից պահանջել են տեսանյութերը չհրապարակելու դիմաց։ Կտրոնի վրա երևում են փոխանցման ամսաթվերը՝ 2022 թվականի դեկտեմբերի 22 և 23։
Երկու տեսանյութերն էլ Խալիտովին ուղարկել է անհայտ աղբյուրը։ Մի դեպքում Տելեգրամի վիդեոզանգի ձայնագրություն է, մյուսում՝ WhatsApp-ի, պատմել է բլոգերը։
Պաշտոնյայի առևանգման մասին տեղեկությունները հաստատել են հյուսիսային Կովկասում ԼԳԲՏ մարդկանց աջակցությամբ զբաղվով «СК SOS» ճգնաժամային խմբի աղբյուրները։
Չեչենական պաշտոնական հրատարակչությունները առևանգման մասին լուրերի տարածումից երեք օր անց գրել են «Կանանց նախաձեռնություններ. Գործելու ժամանակն է» համառուսական ֆորումում նրա մասնակցության մասին։ Որպես ապացույց նյութին կցել են մեկ լուսանկար։ Փոխնախարարի մասնակցության մասին հայտնել են համառոտ ձևով։ Նյութում ասվում է, որ նա «բարձր է գնահատում նման ֆորումի անցկացման պատրաստակամությունը»։
Սաիդ-Մագոմեդ Բաշիրովը տեղեկատվության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի մայիսից։ Մինչ այդ նա «Գրոզնի» պետականամետ ալիքում աշխատում էր որպես քաղաքական մեկնաբան։ 2024 թվականի մարտին Բաշիրովին շնորհել են մեդալ՝ «Չեչենական հանրապետությանը մատուցած ծառայությունների համար»։
Չեչնիայում գեյերին և նրանց, ում կասկածում են նույնասեռականության մեջ, բռնի ուղարկում են Ուկրաինայի դեմ կռվելու։ Իրավապաշտպաններին հաջողվել է պարզել առնվազն 7 նման դեպք։