Էդուարդ Լիմոնովի «Չեչենական ընդդիմություն» հոդվածը 2004 թվականի սեպտեմբերի 3-ին հրապարակվել է «Ռուսկի ժուռնալ» ամսագրում և հեռացվել առանց բացատրության՝ ընդհամենը մի քանի ժամ անց։
Չեչենները գրավել են…
Սեպտեմբերի 1-ին չեչեն գրոհայինները պատանդ են վերցրել Բեսլան քաղաքի #1 դպրոցի աշակերտներին ու ծնողներին, երբ նրանք հանդիսավոր տողանով շարվել էին բակում՝ նշելու ուսումնական տարվա մեկնարկը։ Զզվելի արարք եվրոպական քաղաքակրթության կոնտեքստում։ 354 պատանդ, կեսից ավելին՝ երեխաներ… Ողբերգություն… Որը նոր է սկսվել։ Քանի որ ես չեմ ձգտում պատգամավորական աթոռի կամ պետական պաշտոնի, ինձ այցելում են այ այսպիսի հիշողություններ։
…Հիշում եմ Ասլան Ալխազուրովի կարմիր, սպիտակով համեմված գլուխը բարձի վրա իմի կողքին։ Գլուխը գռմռում ու կրճտացնում է ատամներով քնի մեջ, իմ գլխից քսան սանտիմետր այն կողմ։ 2001 թվականի աշուն։ Պետական հանցագործների բանտ՝ Լեֆորտովո, խուց #32։ Ասլանը նստում է մահճակալին, հետո բացում է աչքերը։ Գիտեմ՝ երազում նորից մահացած ընտանիքն էր տեսնում։ 1999 թվականի հոկտեմբերին Ասլանի հայր Սուլթանը որոշել էր ընտանիքը տեղափոխել Թևիզան գյուղի սարերից դեպի Չերնոչեչենսկոյե ավան։ Փախստականների շարասյունը, որում մինչև հարյուր մեքենա կար, դաշնային զորքերից միջանցքով դուրս գալու թույլտվություն էր ստացել։ Երբ սկսել էին իջնել դեպի Գորյաչեվոդսկ ու Տոլստոյ Յուր, իսկ դա 1999-ի հոկտեմբերի 29-ին էր, ճանապարհի երկայնքով, պարզվեց, տանկեր էին կանգնած։ Տանկերը կրակ էին բացել ավտուբուսների ու մեքենաների վրա։
Սա տեղի է ունեցել Պետրոպավլովյան բարձունքներ կոչվող տեղում։ Ասլանի ընտանիքի յոթ անդամները սպանվել են տանկային արկերով։ Ռումբի բեկորը կպել էր ավագ դստեր գլխին՝ յոթ տարեկան։ «Ուղեղը դուրս էր թռել», Ասլանի խոսքով։ Երկու ամսական փոքր դստեր գլուխը կտրվել էր։ Սպանվել էին Ասլանի կինը, հայր Սուլթանը, քույրը և նրա երկու դուստրերը։ Ու էլի հարյուրավոր մարդիկ։ Ամբողջ շարասյունից 25 հոգի է փրկվել։
Ամեն անգամ, երբ հեռուստացույցի էկրանին տեսնում եմ Ուլյանովսկի մարզպետ գեներալ Շամանովին, հիշում եմ Ասլան Ալխազուրովի կարմիր, սպիտակով համեմված գլուխը։ Գլուխը գռմռում ու կրճտացնում է ատամներով։ Գեներալ Շամանովը պնդում էր, իբր Պետրոպավլովյան բարձունքներում դարանակալել ու դաշնայինների վրա կրակում էին գրոհայինները։ Այդ տիպիկ չեչենական պատմությունը ունի շատ կեղտոտ մանրամասներ։ Մարդկանց թաղելուց հետո, ընդ որում՝ կանանց ու երեխաներին առանձին, դաշնային զորքերը վրաններ էին խփել թարմ գերեզմանների վրա ու այդպես ապրում էին երկու շաբաթ։ Որ թաքցնեն գերեզմանոցը։
Ի՞նչ է պատրաստում ճակատագիրը Բեսլան քաղաքում պատանդ երեխաների համար։
Ո՞վ է նրանց խղճում…
Ռուսաստանում մենք տեսել ենք վիդեոկասետներ «նրանց» վայրենություններով։ Ինչպես են կտրում պատանդերի գլուխները։ Սվին դանակներով։ Որոշ հատվածներ ցույց են տվել նաև ռուսական հեռուստատեսությամբ։ Վերջին տարիներին վայրենություններով վիդեոկասետները քչացել են։ Փոխարենը հայտնվել են սահմռկեցուցիչ սև այրիները՝ ժողովրդական վրիժառուհիներ։ Չեչեն ժողովրդի վրիժառուհիներն ընդդեմ ռուս ժողովրդի։
Չեչենների հետ մերոնք նույնքան անխիղճ են վարվում։ Խաբեությամբ գերի են վերցրել երկրորդ պատերազմին առհասարակ չմասնակցած Ռադուևին ու Ատգերիևին (Ալխազուրովին նրանց հետ էին դատում)։ Դաժան էին դատում։ Ռադուևին ցմահ ազատազրկման դատապարտեցին, քիչ չի՝ մի տարի անց սպանեցին կենդանի մեռելների՝ ցմահների սարսափելի ճամբարում։ Ատգերիևին դատապարտեցին 15 տարվա ազատազրկման և ութ ամիս անց սպանեցին ճամբարում։ Լեչո Իսլամովին դատեցին ու սպանեցին միանգամից՝ թունավորելով։ Կալանավայրում մազերը լրիվ թափվել էին, մահացավ ջղաձգությունների ու տառապանքների մեջ։ Արդար ռուսական տերություն, Սուրբ Ռուսիա, պետությունը խիստ է դատում, բայց հետո (որ կասկածի տեղ չմնա՞) մի հատ էլ սպանում։
Բարոյականության բոլոր ստանդարտներով այդպիսի պետությունը ստոր դաժանությամբ հավասարվում է այն զինյալներին, որոնք սվին դանակներով սղոցում էին մեր զինվորների գլուխները։ Կամ պետք է գերի չվերցնել ու դիտավորյալ կրակել ձերբակալման պահին, կամ՝ դատելով, իրականացնել դատարանի որոշած պատիժը։ Պետությունը ստոր լինելու իրավունք չունի։
Չեչեն անջատողականները՝ ընդդիմություն
Չեչեններն ունեն եռանդուն ու զարգացած ազգի բոլոր հատկանիշները։ Ճակատագրի (ավելի կոնկրետ՝ Իսրայելի հետ անընդհատ պայքարի անհրաժեշտության) բերումով պաղեստինցիները ամենակրթվածն ու դինամիկն են արաբական ազգերի մեջ։ Նրանց՝ պաղեստինցիների մոտ ամենամեծ թվով բարձրագույն կրթություն ստացած մարդիկ կան։ Նույնը կարելի է ասել չեչենների մասին։ Չեչենական ընդդիմությունը, անջատողականներն սեփական քաղաքական ֆիգուրներն ունեն, և նրանցից շատերը չեն զիջում ռուս գործիչներին։ Դուդաևն էքստրավագանտ էր, հարց չկա, բայց նա ուժեղ խարիզմատիկ անձնավորություն էր։ Ահմեդ Զաքաևը բավականին արժանավոր, հավասարակշռված պետական գործչի տպավորություն է թողնում, ինչը հեշտ բան չէ։ Ինչ-որ իմաստով չեչենները առավելություն ունեն պաղեստինցիների նկատմամբ։
Նրանք պակաս զգացմունքային, չնայած ավելի դաժան են։ Նախագահ Մասխադովը՝ նույնիսկ այն խստագույն պայմաններում, որոնցում ինքն է, խոսում և գործում է ադեկվատ։ Նա ավազակ չէ, թեև մեր թշնամին է։ Կարիք կա՞ սա նորից կրկնելու։
Ի՞նչ պետք է անեն
Խեղճ «մեր տղաների» կամ սպանված, կորած, ձերբակալված, անհետացած չեչենների մասին փսլինքները հանած՝ չորով ունենք հետևյալը։ Չեչնիայում միաժամանակ երկու պատերազմ է ընթանում։ Մեկը դաշնային իշխանությունն է վարում, որը մահու չափ վախենում է թույլ երևալուց։ Դրա համար էլ կառչել է չեչենական անհյուրընկալ լեռներից ու դրանց բարդ, ըմբոստ բնակչությունից ու չի ուզում բաց թողնել։ Տասնհինգ պտղաբեր, հիմնականում հարավային հանրապետություններ 1991-ին տվեցին անձայն, առանց մեկ փամփուշտի, առանց ծպտունի, իսկ այստեղ բռնաբարում են նրանց, ովքեր չեն ուզում ապրել ռուսների հետ մի պետությունում։
Դաշնային իշխանությունը պատերազմ է վարում հանուն Ռուսաստանի հեղինակության։ Ռուս բնակչություն այնտեղ համարյա չի մնացել։ Մեծ Տերության ուշ արթնացած բնազդը եսիմ խի միացել է ոչ թե 1991-ին, այլ 1994-ին՝ ապաժամ։ Երկրորդ պատերազմը՝ քաղաքացիական, անջատողականների (նախագահ Մասխադովի ու Շամիլ Բասաևի բանակի) և (դաշնային զորքերի օգնությամբ, այսինքն ռուսական սվիններով իշխանության եկած Կադիրովի, Յամադաևի, Ալխանովի) ոստիկանների միջև էր։ Քաղաքացիական պատերազմը կարելի է բնութագրել որպես պատերազմ չեչեն հասարակության տարբեր դասակարգերի միջև։ Կադիրովականներն ավելի պարզունակ են քան մասխադովականները. մեծ ցանկություն կա անվանել սա պատերազմ հեղափոխական-անջատողականների և աջ «միլիցիոներների» միջև, բայց խուսափենք հապշտապ եզրակացություններից։
Դատելով այնպիսի ակցիաներից, ինչպիսիք էին անջատողական գրոհայինների արշավանքը Ինգուշիա և Գրոզնի, հեղափոխական սեպարատիստները լուրջ ռազմական տաղանդ և ուժ ունեն իրենց ռազմական ծրագրերն իրականացնելու համար։ Կարելի է ենթադրել, որ եթե ռուսական զորքերը դուրս բերվեն Չեչնիայի Հանրապետության տարածքից, «հեղափոխականները» բավականին արագ կհաղթեն և իրենց կենթարկեցնեն «միլիցիոներներին»։
Վերջին կաթիլը
Հեղափոխականները մի անգամ չէ, որ ապացուցել են իրենց ուժը։ Ռուսաստանը պարզապես չի ուզում նկատել նրանց անկասկած գերակայությունը Չեչնիայում։ Անջատողականները մինչդեռ արանքից անմիջապես հանեցին չեչենական ՕՄՕՆ-ի ղեկավար Գազիմագոմեդովին, երբ սկսեց սպառնալ իրենց, իսկ հետո հեռացրեցին նաև նորընտիր նախագահ Ահմադ Կադիրովին։ Հեռացրեցին, որ համոզվեն՝ նրանց տեղում միշտ կհայտնվի նոր կոլաբորացիոնիստ առաջնորդը։
Վերջին կաթիլն, իհարկե, իբր թե համաչեչենական քվեարկությունն էր, որով նոր նախագահ դարձավ Ալու Ալխանովը՝ ոստիկանության գեներալ։ Պաշտոնական ռուսական տվյալներով, Ալխանովի օգտին քվեարկել էր ընտրողների 74 տոկոսը։ Մեծաթիվ վկաները փաստում են, որ Չեչնիայի ընտրատեղամասերը դատարկ էին, ընտրություններն էլ, այսինքն, ամբողջովին կեղծված։
Ակնհայտ է՝ անջատողականներն ակնկալում էին, որ Կադիրովի սպանությունը դաշնային իշխանություններին կստիպի հասկանալ՝ ով է երկրի տերն ու բանակցությունների գնալ Մասխադովի հետ։ Բայց դա տեղի չունեցավ։ Եվ երբ Ռուսաստանում սկսեցին Ալխանովին պատրաստել ընտրությունների, դրանց պատրաստվել սկսեցին նաև հեղափոխական անջատողականները։ Այս անգամ նրանք դիվերսիոն գործողությունների ամբողջական շարք էին մշակել Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Գրեթե ամեն օր Ռուսաստանի բնակչությունն ու կառավարությունը սարսափով նոր ահաբեկչական ակտ էին արձանագրում։
Երկու ուղևորափոխադրող ինքնաթիռների միաժամանակյա պայթյունը՝ Մոսկվա-Սոչի և Մոսկվա-Վոլգոգրադ, շահիդ կնոջ պայթելը «Ռիժսկայա» մետրոյի մոտ և վերջապես երեխաների ու ծնողների պատանդառումը Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքում. անկասկած է, որ սա չեչեն անջատողականների պատասխանն է օգոստոսի 29-ին Չեչնիայի Հանրապետությունում անց կացված նախագահական ընտրություններին։
Այդ վերջին կաթիլը լցրել է հեղափոխականների համբերության բաժակը, և ահա՝ կեղծարարությունների ու արյան արատավոր շղթան կոտրելու համար նրանք գնում են հուսահատության ակտի՝ պատանդ են վերցնում երեխաներին։ Զզվելի արարք։ Բայց ո՞վ է խղճում անջատողականներին ու նրանց երեխաներին։ Ո՞վ խղճաց Ալխազուրովի երեխաներին։
Պուտինին դեմ են տվել պատին
Գազային հարձակման «նորդ-օստյան» տարբերակը կիրառելու հնարավորություն հիմա չկա։ Երկրորդ անգամ գազով մեռցնելը նախագահին չի ների նույնսիկ ռուսական հասարակությունը։ Բանակցությունները, որոնց այդքան էլ չեն շտապում դպրոցը գրաված չեչենները, հազիվ թե փրկեն իրավիճակը։ Զինյալներն արդեն մերժել են ազատ միջանցքի առաջարկը, որը թույլ կտար նահանջել Չեչնիա կամ Ինգուշիա։ Ռուսական իշխանությունների նենգությունը չեչեններին ծանոթ է «Նորդ-Օսթից», երբ հանգուցյալ Լեչո Իսլամովը դաշնայինների խնդրանքով շեղում էր հանգուցյալ Մովսար Բասաևին, մինչ ԱԴԾ-ի (ФСБ) հատուկ ջոկատայինները գազային հարձակում էին կազմակերպում օդափոխման համակարգի միջով։ Շտուրմը արյունալի կոտորածի կվերածվի։ Մանկական դիակների բլուրներով։ Մնացել է քաղաքական որոշումը։
Ռուսաստանի նախագահն ու կառավարությունը պետք է անհապաղ նստեն եռակողմ բանակցությունների սեղանին Չեչնիայում հակամարտության բոլոր կողմերի, այսինքն՝ Մասխադովի հետ, որը ներկայացնում է անջատողականներին, և Ալխանովի հետ, որը ներկայացնում է չեչենական հասարակության մյուս ուժը։ Բանակցությունների նպատակը՝ կանգնեցնել պատերազմը, հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Ռուսաստանը վերջապես պետք է հանի զորքերը Չեչնիայից և հնարավորություն տա չեչեններին ինքնուրույն որոշել իրենց ընդհանուր ճակատագիրը։ Հերիք է արյուն թափել, բավարար գազանություն ցուցաբերվել է բոլոր կողմերից։