Home / Մշակույթ / Չեչնիայում արգելում են սխալ երգել. ճիշտը 80-166 զարկն է

Չեչնիայում արգելում են սխալ երգել. ճիշտը 80-166 զարկն է

Այսուհետ Չեչնիայում բոլոր երաժշտական և պարային ստեղծագործությունները պետք է համապատասխանեն սահմանված տեմպին, հայտարարել է հանրապետության մշակույթի նախարարը։ Որոշումը համաձայնեցված է Ռամզան Կադիրովի հետ։

Չեչնիայում բոլոր երաժշտական, վոկալային և խորեոգրաֆիկ ստեղծագործությունները պետք է համապատասխանեն րոպեում 80֊ից116 զարկ տեմպին, հայտարարել է մշակույթի նախարար Մուսա Դադաևը. «Չեչենների երաժշտական մշակույթը բազմատեսակ էր ըստ տեմպի և մեթոդիկայի։ Մենք մեր ժողովրդի և մեր երեխաների մեջ պետք է սերմանենք չեչեն ժողովրդի մշակութային ժառանգությունը, սովորույթները, ավանդությունները, ադաթները, և իհարկե նոխչալլան՝չեչենական բնավորությունը, որը ներառում է չեչենների կյանքի բարոյական և էթիկական նորմերի ողջ սպեկտրը»։

Այսուհետ արգելվում են «փոխառնությունները այլ ժողովուրդների երաժշտական մշակույթից»։ Նաև արգելվում է աղավաղել կամ փոփոխել հեղինակային երգերի տեքստերը կամ երաժշտական նվագակցությունը առանց հեղինակի համաձայնության, ասվում է նախարարության «ՎԿոնտակտե»֊ի էջում։

Երաժիշտներին հանձնարարություն է տրվել. մինչև 2024 թվականի հունիսի 1֊ը երաժշտական ստեղծագործությունները պետք է փոփոխվեն ու համապատասխանեցվեն նոր կանոններին, հակառակ դեպքում չի թույլատրվի դրանց հանրայնացումն ու կատարումը հանրային միջոցառումների ժամանակ։

Հիշեցնենք, որ 2019֊ի հուլիսին Չեչնիայի մշակույթի նախարարությունը հայտարարել էր, որ այսուհետ համերգներով հանդես գալու և կատարումները հանրայացնելու իրավունք ունեն միայն հատուկ հանձնաժողովի կողմից հավանության արժանացած կատարողները։ Սիրողական երգերը պետք է «համապատասխանեն չեչենական լեզվամտածողությանը»։

2019 թվականի սեպտեմբերին ինքնուս երգիչներ Այուբ և Ասխաբ Վախարագովները ձերբակալվել էին «դաստիարակչական զրույցների» նպատակով։ Երգիչները խախտել էին Չեչնիայի իշխանությունների կողմից հավանության չարժանացած երգերը կատարելու արգելքը։ Իշխանությունները երգիչներին չեն արգելու կատարել իրենց ստեղծագործությունները, բայց դեմ են սիրողական կատարումների նույնացմանը չեչենական մշակույթի հետ, պարզաբանել էին մշակույթի նախարարությունից։

2024 թվականի մարտին Չեչնիայի նախագահի որդին՝ Ահմատ Կադիրովը, ով այժմ զբաղեցնում է Երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնը, հրամայել էր գտնել սոցիալական ցանցերի այն օգտատերերին, «ում գործողությունները հակասում են չեչենական մշակույթին ու մենթալիտետին»։