Home / Շուկա / Ուկրաինացիները մահանալու են նաև ցրտից

Ուկրաինացիները մահանալու են նաև ցրտից

Ռուսական կողմի տևական ռմբակոծությունների հետևանքով ուկրաինական էներգետիկ համակարգերը նոյեմբերի սկզբի դրությամբ կորցրել են գեներացնող հզորության կեսը, գրում է Politico-ն՝ հղվելով պաշտոնյաներին ու փորձագետներին, որոնց հետ հարթակի լրագրողները խոսել են ջեռուցման սեզոնի մասին։ Ուկրաինայի էներգետիկ հզորության ահռելի մասն այս պահին ապահովում են ատոմակայանները։ 

Փորձագետները կանխատեսում են, որ էլեկտրաէներգիայի խնայողության անհրաժեշտության պատճառով տներում և արդյունաբերական հաստատություններում էլեկտրականություն չի լինի օրվա մեծ մասը։

Ցուրտ եղանակի և ատոմային էլեկտրակայանների վրա հարձակումների ռիսկի պատճառով, հավանաբար օրվա մեջ շուրջ 20 ժամ երկրում էլեկտրաէներգիայի հասանելիություն չի լինի, կանխատեսում է Էներգետիկայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն և կառավարության էներգետիկ հարցերով խորհրդական Ալեքսանդր Խարչենկոն։ Նրա հաշվարկներով, այս կանխատեսումները կիրականանան, եթե ատոմակայանները շարքից դուրս գան, իսկ օդի ջերմաստիճանն իջնի -10 աստիճանից (եղանակի մասին հստակ կանխատեսումներ օդերևութաբանները դեռևս տրամադրել չեն կարող)։

Էլեկտրաէներգիայի այդպիսի մասշտաբային անջատումների արդյունքում տներում ջեռուցում միացնելու հնարավորություն չի լինի, պաշտպանության որոշ կարևոր հաստատություններում ևս էլեկտրաէներգիան չի հերիքի։ Երկիրը լքող փախստականների թիվը կարող է մեծանալ։

«Մենք խիստ մտահոգված ենք։ Իրավիճակն իսկապես ծայրահեղ է, հուսով եմ մեր միջազգային գործընկերները հնարավորինս արագ աջակցություն կցուցաբերեն», – Politico-ի հետ զրույցում ասել է Գերագույն ռադայի էներգետիկ անվտանգության ենթակոմիտեի ղեկավար Վիկտորյա Գրիբը։

«Ուկրաինային սաստիկ ծանր ձմեռ է սպասվում։ Մարդիկ կարող են մահանալ իրենց իսկ տներում, քանի որ Ռուսաստանը շարքից հանում է երկրի էներգետիկ ենթակառուցվածքները», – հրատարակչության հետ զրույցում ասել է բարձրաստիկճան ամերիկյան պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ։

Ռուսական զինված ուժերն ուկրաինական էներգետիկ համակարգերը թիրախավորում են պատերազմի հենց սկզբից։ Բայց այս տարի հարվածների ինտենսիվությունը կտրուկ մեծացել է։ Միայն 2024-ի օգոստոսին Ուկրաինայում տեղայակված էներգետիկ օբյեկտներին ավելի քան 200 հարված է հասցվել։ Արդյունքում երկրի էլեկտրագեներացման հզորությունն իջել է ավելի քան 9 գիգավատով, գնահատում է Մարտավարական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր գօտաշխատող Գենադի Ռյաբցևը։ Դա հավասարազոր է 8 էլեկտրակայանների կամ ջերմամատակարարման 800 օբյեկտների արտադրած էներգիայի քանակին։

Ռյաբցևը որպես «ամենաիրատեսական սցենար» կանխատեսում է բնակարաններում և արտադրական հաստատություններում էլեկտրաէներգիայի անջատումներ օրական 8-14 ժամով. «Բազմամակարդակ հակաօդային պաշտպանության դեֆիցիտի պատճառով հնարավոր չէ երաշխիքներ ունենալ նույնիսկ նախորդ հարձակումներից հետո վերականգնված օբյեկտների աշխատունակության համար»։

Ալեքսանդր Խարչենկոն հատկապես վտանգավոր է համարում Ուկրաինայի գնալով մեծացող կախվածությունն ատոմային էներգիայից։ ԱԷԿ-ների ռեակտորներն այս պահին ապահովում են երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 60 տոկոսը։ Դրանց վնասումը Ուկրաինայի ողջ տարածքը «բլեքաութի» կարող է ենթարկել։ 

Նախագահ Վլադիմիր Զելենսկին արևմտյան առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս անդրադարձել է «միջուկային աղետի» ռիսկերին։ Վառելիքի մյուս տեսակները ևս երկրում չկան բավարար քանակությամբ։ Հատկապես մտահոգիչ է գազի պակասը։

Ուկրաինացիների համար կյանքի անտանելի պայմանները կմեծացնեն նաև երկրից հեռացողների թիվը։ Եվրոպայում «հումանիտար ճգնաժամ» կարող է սկսվել, նշում է Վիկտորյա Գրիբը։

Այս տարվա մարտից սկսած իշխանությունները փորձում են մեծացնել էներգետիկ ենթակառուցվածների պաշտպանությունը և այլընտրանքային լուծումներ տալ։ Օրինակ, 20-ից ավել հիվանդանոցներում արևային էներգիայի պանելներ են տեղադրել։ Դրանք կարող են ապահովել անհրաժեշտ նվազագույնը, բայց ձմռանը չեն հերիքի բուժհաստատությունները ջեռուցելու համար։