Կուրսկի մարզում զոհվել կամ վիրավորվել են ռուսական կողմի հետ կռվող Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական հանրապետության հարյուրավոր զինվորներ, Պենտագոնի իրենց աղբյուրներին հղվելով գրում են Associated Press-ը և The New York Times -ը։
ԱՄՆ Պաշտպանության նախարարության տվյալներով, Կուրսկում ռազմական գործողություններին մասնակցում է հյուսիսկորեական հետևազորը՝ ռուսական ուժերի հետ համատեղ կամ ինքնուրույն։ Զոհերի ու վիրավորների մասին հստակ թվեր չեն հայտնում։
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունների տվյալներով, հոկտեմբերին ԿԺԴՀ-ից Ռուսաստան է տեղափոխվել 10-12 հազար հյուսիսկորեական զինվորական, որոնք հիմնականում ռազմական գործողություններում ներգրավվում են հենց Կուրսկի մարզում։
Ռուսաստանի և Հյուսիասային Կորեայի մերձեցման մասին ավելի մանրամասն՝ այստեղ
Associated Press-ը Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական կողմի զոհերի ու վիրավորների թիվը գնահատում է օրական մոտավորապես 1200 մարդ։ Հարթակի տեղեկություններով, սեփական կազմի կորուստները Ռուսաստանը կարողանում է կոմպենսացնել. Բավարար թվով նորանոր պայմանագրային զինծառայողներ ամեն օր համալրում են Զինված ուժերի շարքերը։
Ռուսական կողմի մարդկային կորուստների մասին ավելի մանրամասն՝ այստեղ
AP-ի գնահատմամբ, ռուսական զորքերին այս պահի դրությամբ հաջողվել է վերադարձնել ուկրաինական հարձակման արդյունքում Կուրսկի մարզում կորցված տարածքների շուրջ 20 տոկոսը։