Home / Բանակ / Ուկրաինցիներին տանջելու հրաման կա․ ով է արհեստավարժ Իգոր Պոտապենկոն

Ուկրաինցիներին տանջելու հրաման կա․ ով է արհեստավարժ Իգոր Պոտապենկոն

Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի Պատժի իրագործման դաշնային ծառայության (ՊԻԴԾ, ФСИН) աշխատակիցներին հանձնարարվել է դաժան լինել և բռնություն կիրառել ուկրաինացի գերիների նկատմամբ, ասվում է  The Wall Street Journal-ի հետաքննության մեջ։ Գերիների նկատմամբ ռուսական կողմի խոշտանգումների փաստը արձանագրված է ՄԱԿ-ի կողմից։

WSJ-ի տեղեկություններով, Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ՊԻԴԾ ղեկավար Իգոր Պոտապենկոն գերատեսչության էլիտար ստորաբաժանումների, օրինակ՝ հատուկ նշանակության ջոկատի ծառայողներին հրամայել է դաժան լինել գերիների նկատմամբ։ Նա նշել է, որ խոշտանգումների սահմանափակումներ չկան, իսկ վերահսկման տեսախցիկները, որոնք կարող էին արձանագրել կտտանքները, կանջատվեն։

Հետաքննության մեջ ասվում է, որ ավելի ուշ նմանատիպ հրամաններ ստացել են նաև Պսկովի, Մոսկվայի, Բուրյաթիայի ՊԻԴԾ ներկայացուցիչները։ Գերիներին հսկողներն աշխատել են ռոտացիայով. ոչ ոք նույն գաղութում մեկ ամսից ավել չի մնացել։

WSJ-ն հղվում է ՊԻԴԾ երեք նախկին աշխատակիցների պատմածներին։ Նրանցից երկուսը ծառայել են հատուկ ջոկատներում, մյուսը բուժաշխատող էր։ Երեքն էլ վկայություն են տվել Միջազգային դատարանում և վկաների պաշտպանության ծրագրի տակ են։ Նրանց պատմությունները հաստատվել են փաստաթղթերով, ուկրաինացի գերիների հետ հարցազրույցներով և այն մարդու վկայությամբ, ով ի վերջո օգնել է պետական չինովնիկներին փախչել։

Ով է Իգոր Պոտապենկոն

Իգոր Պոտապենկոն ծնունդով Ուկրաինայից է՝ Սումիի մարզից։ 53 տարեկան է։ Ռազմական կրթություն ստացել է ԽՍՀՄ Անվտանգության պետական կոմիտեի (КГБ) Օրլովի գերագույն ռազմական ուսումնարանում։

1992 թվականից Պոտապենկոն աշխատում է քրեակատարողական համակարգում։ Սկզբում Վորոնեժի մարզի ՊԻԴԾ-ում էր։ 2010-ից, այսինքն՝ շուրջ 14 տարի, ծառայում է Պետերբուրգում։

Նրա պաշտոնավարման ընթացքում լրատվամիջոցները բազմիցս գրել են մարզի մեկուսարաններում ու բանտերում կտտանքների դեպքերի մասին։ Պոտապենկոյի հետ է կապվում, օրինակ, ձեռներեց Վալերի Պշենիչնիի մահը և «Կրեստի-2» մեկուսարանում խոշտանգումների «պրեսս-խատաների» ստեղծումը։

2024 թվականից Իգոր Պոտապենկոն քաղաքացիական պաշտոնյա է համարվում։ Նրան նշանակել են Պետերբուրգի փոխմարզպետ՝ անվտանգության և միգրացիոն քաղաքականության հարցերով պատասխանատու։

2024-ի նոյեմբերին Ուկրաինայում հետաքննող անկախ միջազգային հանձնաժողովը զեկույց էր հրապարակել, համաձայն որի ռուսական վերահսկողության տակ անցած ուկրաինական բոլոր տարածքներում զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնություն է կիրառվում։