Home / Առողջապահություն / Զորակոչիկների եղած խնդիրներին կառավարությունն ավելացնում է նորերը

Զորակոչիկների եղած խնդիրներին կառավարությունն ավելացնում է նորերը

Պաշտպանության նախարարությունն ուզում է խստացնել վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված պատժամիջոցները։ Եթե նախկինում հավաքներից խուսափելը պատժվում էր մինչև երկու տարի ազատազրկմամբ, ապա այն դեպքերի համար, երբ «խուսափումն իրականացվել է մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթղթեր կեղծելու միջոցով», պատիժը կարող է հասնել տուգանքից ընդհուպ 2-5 տարվա ազատազրկման։

Նախագծով առաջարկվում է նաև ավելացնել ռազմական ոստիկանության ներգրավվածությունը զորահավաքային գործընթացներին։ Այն կօժանդակի զինվորական կոմիսարիատներին ծանուցագրեր հանձնելու հարցում, զորակոչիկներին կպարտավորեցնի ներկայանալ զինկոմ կամ բժշկական փորձաքննության կենտրոն, կօգնի հայտնաբերել խուսափողներին և կվերահսկի նրանց տեղաշարժը։

Նախագծի հիմնավորման մեջ Պաշտպանության նախարարությունը նշել է, որ օրենքի բացերն օգտագործվում են որպես ձևական պատճառաբանություններ՝ վարժական հավաքներից խուսափելու համար․ «Հատկապես տարածված են ինքնախեղման դեպքերը, հիվանդությունների սիմուլյացիան, փաստաթղթերի կեղծումը կամ այլ խաբեության մեթոդներ»։

Թե ինչպես է նախարարությունը պարզելու` առողջական խնդիրը ինքնախեղման հետևանք է, թե ոչ, պարզ չէ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտպանության և անվտանգության ոլորտի քաղաքականության մասնագետ Անուշ Պետրոսյանը նշել է, որ այս ձևակերպումը շատ նման է խղճի, մտքի, դավանանքի հետ անհամապատասխանության դեպքում բանակից ազատվելու օրենքի կետին։

«Զինվորական հանձնաժողովը չունի հստակ մեխանիզմներ՝ պարզելու, թե իրոք զինվորական ծառայությունը դեմ է իր համոզմունքներին, թե չէ։ Նույնն էլ այս դեպքում է», – ասել է Պետրոսյանը։

որպեսզի առողջական խնդիրներն ի հայտ չգան

Պաշտպանության նախարարությունն, ամենայն հավանականությամբ, ինքն է ոզում վարժական հավաքների մասնակիցների բուժզննումն իրականացնել։ Այս ամենը, իհարկե, այդքան էլ հուսադրող չէ այն բոլոր բողոքների ֆոնին, որոնք կան զորակոչիկներից։

Դրանց մեծ մասը վերաբերում է հենց հետազոտություններին, կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացություններին և ուղեգրերի տրամադրմանը։

«Ակնառու խնդիրը, որ ունեցել ենք ձմեռային զորակոչի ժամանակ, կապված է եղել զորակոչիկների սեփական միջոցներով հետազոտություններ անցնելու հետ», – ասել է Պետրոսյանը Մեդիա կենտրոնում ասուլիսի ընթացքում։

Բուժհաստատություններն, ըստ ՀՔԱՎ ներկայացուցչի, հաճախ հղում են կատարում առողջապահության նախարարության գոյություն չունեցող հրամանին՝ նշելով, որ իրենք իրավասություն չունեն հետազոտել առանց զինկոմիսարիատի ուղեգրման։

«Սա խտրական վերաբերմունք է զորակոչիկների նկատմամբ։ Ֆորմալ առումով նման հրաման գոյություն չունի, բայց ամեն դեպքում դա արվում է, որպեսզի զորակոչի գործընթացն ավելի կարճ տևի, որպեսզի առողջական խնդիրներն իրապես ի հայտ չգան, այսինքն դրանց մասին չխոսվի, ենթադրում եմ, որ դա է պատճառը», – նշել է Պետրոսյանը։

Զորակոչիկների հարցերով զբաղվող փաստաբան Հայարփի Սարգսյանն էլ ասել է, որ ամենայն հավանականությամբ, կա պայմանավորվածություն Առողջապահության և Պաշտպանության նախարարությունների միջև։ Նրա խոսքերով, եթե զորակոչիկը ուղեգրով է ներկայանում բուժհաստատություն, նրան արդեն իսկ վերապահումով են մոտենում և չեն ցանկանում իրական պատկերը արձանագրել։

«Հաճախ, երբ ուղեգրումով պարզվում է, որ զորակոչիկը սահմանափակումով է պիտանելի ծառայությանը, իսկ հետագայում փորձաքննության հարց է առաջանում, մենք տեսնում ենք, որ զինվորն ի սկզբանե չպետք է գնար ծառայության», – ասուլիսին ասել է Սարգսյանը։

Հարցին, թե արդյոք պատկան մարմինները սխալ անձին զորակոչելու համար ենթարկվում են որևէ պատասխանատվության, Սարգսյանը պատասխանել է, որ ծնողները չեն ցանկանում բողոքարկել․ սահմանափակվում են նրանով, որ իրենց երեխան արդեն վատ իրավիճակում չի։

«Զինվորական ոլորտը շատ բարդ ոլորտ է և այնտեղ ամեն խախտում հնարավոր է տեսնել», – ասել է փաստաբանը։

Զորակոչի խնդիրներն այսքանով չեն ավարտվում։ Թե՛ ՄԻՊ-ը, թե՛ իրավապաշտպանները նշում են բազմաթիվ այլ խախտումներ։ Զորակոչիկներն, օրինակ, բուժզննման են ենթարկվում կողմնակի անձանց, այլ զորակոչիկների ներկայությամբ։ Հիմնականում նրանց ուղեգրում են այնպիսի բժշկական հաստատություններ, որոնց վերաբերյալ բողոքներ են ներկայացրել։ Նախարարությունը չի տրամադրում բավարար քանակի ուղեգրումներ։ Ուղեգրում չի տրամադրվում նաև բանավոր գանգատի հիման վրա։

մարդաքանակ են ապահովում հիվանդաների հաշվին

Իրավապաշտպան կազմակերպությունները Զինված ուժերում միջադեպերի տարեց տարի աճող վիճակագրությունն են մատնացույց անում։ Անցած տարվա ընթացքում պաշտոնական աղբյուրներն ու ԶԼՄ-ները հաղորդել են խաղաղ պայմաններում մահվան առնվազն 64 դեպքի մասին՝ ինքնասպանություններ, սպանություններ, դժբախտ պատահարներ, առողջական խնդիրներ։ 2024-ի տարեսկզբից ոչ մարտական պայմաններում մահվան 35 դեպք է արձանագրվել։

Այս վիճակագրությանը զուգահեռ պաշտպանության նախարարությունը փորձում է ավելի ու ավելի շատ մարդու բանակ տանել՝ պարտադիր զորակոչի և վարժական հավաքների միջոցով։

Օրինակ, նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված օրենքի նախագծով բանակ են տանելու նաև հորմոնային խնդիրներ ունեցող կամ լեղապարկ չունեցող տղաներին։ Էլ ավելի է խստացվել առողջական պատճառներով տարկետման կամ պարտադիր զինծառայությունից ազատման կարգը․ սահմանված հիվանդությունների դեպքում ընդամենը մեկ անգամ կարող է տարկետում տրամադրվել։ Այնուհետև, եթե վատթարացում չլինի՝ նորակոչիկը, որը համարվել է ժամանակավոր ոչ պիտանի, նույն հանգամանքներում համարվելու է սահմանափակումներով պիտանի։

«Շատ դեպքեր են եղել, որ զորակոչիկները գնացել են ծառայության սահմանափակումով, բայց հետագայում այդ սահմանափակումը չի ապահովվել զորամասի կողմից, այսինքն դա տերմին է արտացոլված իրենց փաստաթղթերում, բայց իրականում չի կիրառվում», – Մեդիա կենտրոնում ասել է Սարգսյանը։

Նախորդ տարի առնվազն մեկ մահվան դեպք արձանագրվել է զորակոչի ընթացքում․ ծանր հիվանդություններ ունեցող զորակոչիկին հրաժարվել են տարկետում տալ և տարել են մաշեցնող բուժստուգումների։ Հարազատների խոսքով՝ տղայի սիրտը չի դիմացել, մահացել է կաթվածից։

Եվս մեկ զինծառայող էլ շարքում կանգնած է հանկարծամահ եղել․ նրա համագյուղացիների տվյալներով, տղան տրոմբ ուներ, բանակ տանելուց առաջ նրան ոչ ոք նորմալ չի բուժզննել։

Իշխանությունները նորանոր խստացումները պատճառաբանում են թվերով։ Մարդկաքանակ են ապահովում նաև հիվանդաների հաշվին։