Home / Առողջապահություն / «Ասում են՝ տրոմբ ուներ»․ զինվորը «շարքում կանգնած» հանկարծամահ է եղել

«Ասում են՝ տրոմբ ուներ»․ զինվորը «շարքում կանգնած» հանկարծամահ է եղել

Հուլիսի 24-ի առավոտյան «շարքում կանգնած ժամանակ» հանկարծամահ է եղել շարքային զինծառայող Դավիթ Ներսիսյանը։

Դավիթը Գեղարքունիքի Կարմիրգյուղ համայնքից էր՝ 19 տարեկան, մեկ տարվա ծառայող։

Դեպքը եղել է Սյունիքի մարզի զորամասերից մեկում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ հաղորդումը Սիսիանի ռազմական ոստիկանությունն է ստացել։ «Զորամասում՝ շարքում կանգնած ժամանակ, Ներսիսյանի մոտ ժամը 9:40-ի սահմաններում նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ։ Նա շտապ տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 10:00-ի սահմաններում արձանագրվել է նրա կենսաբանական մահը», – գրել է ՔԿ-ն:

Կոմիտեի փոխանցմամբ, կատարվել է դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քրեական գործ է հարուցվել ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Նազելի Մովսիսյանն Epress.am-ի հետ զրույցում պարզաբանել է՝ հաստատված պրակտիկան հիմա այնպիսին է, որ երբ դեպքի հանգամանքները հայտնի չեն, քրեական գործ են հարուցում սպանության հոդվածով։ Նախաքննության ընթացքում շատ հաճախ հոդվածը վերաորակավորվում է։

Կարմիրգյուղի վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանի խոսքով, գյուղում լուրեր են պտտվում, որ տղան առողջական խնդիր է ունեցել, մահվան պատճառը տրոմբն է։

«Ասում են՝ տրոմբ է ունեցել։ Ավելի մանրամասն պաշտպանության նախարարությունը կասի։ Հիմա սպասում են, որ հայրը գա։ Արտագնա աշխատանքի է եղել։ Սովորական ապրող ընտանիքի երեխա էր, վերջին շրջանում ընտանիքը քաղաքում էր ապրում, բայց տղային այստեղ՝ Կարմիրգյուղում են հուղարկավորելու», – Մեդիահաբին ասել է գյուղի ղեկավարը։

Դավիթը մեկ քույր և մեկ եղբայր ուներ։

image_750x_667a99febb30f

Մահվան հանգամանքները դեռ հայտնի չեն։ Քննչականից ասում են՝ հարցաքննություններ են հիմա անում, ուսումնասիրում են բժշկական փաստաթղթերը, դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։

մահերի չնվազող վիճակագրություն

Հայաստանյան իրավապաշտպանները Զինված ուժերում մահերի չնվազող վիճակագրությունն են մատնացույց անում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2018-2023 թվականներին Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացել է 436 զինծառայող։ Մահերի 18 տոկոսը ինքնասպանություն է որակվել, 10 տոկոսը՝ սպանություն։ Մահվան դեպքերն բանակում ավելացել են 29 տոկոսով՝ նախորդ վեց տարիների համեմատ։

Տարեսկզբից Զինված ուժերում առնվազն 19 զինծառայող է մահացել, նրանցից 15-ը՝ ոչ մարտական պայմաններում։ Պաշտպանության նախարարությունը որպես կանոն ոչ բոլոր դեպքերի մասին է հընթացս հաղորդում։

Մահերից 2-ը ինքնասպանություն է որակվել (Միքայել Դանիելյան և Արտակ Ավալյան), 5-ը՝ սպանություն (Ավագ Զաքարյան, Գոռ Ասատրյան, Կարեն Կարապետյան, Արմեն Գասպարյան և երեկ մահացած Դավիթ Ներսիսյանը), 1-ը՝ դժբախտ պատահար (Բենիամին Մանուչարյան), 6-ը՝ ավտովթար (4 զինծառայող զոհվել է Մեղրիում անսարքի «ՈՒԱԶ»-ի վթարման հետևանքով, ևս 2-ի զոհերի մասին ոչինչ հայտնի չէ), 1-ը՝ հրդեհ (Արթուր Գրիգորյանի

Վերջին տարիներին իրավապաշտպանները ահազանգում են բանակային միջադեպերի էական աճի մասին, որը պատճառաբանում են բարձիթողի վիճակով, ոչ կանոնադրային հարաբերություններով և պատշաճ վերահսկողության բացակայությամբ։ Խնդիրներ կան նաև բուժզննության հետ կապված, ըստ ահազանգների՝ զինկոմիսարիատները հակված են պիտանի ճանաչել նաև առողջական խնդիրներ ունեցող զինվորներին։

Տարեսկզբին հաղորդվել է նաև նորակոչիկի մահվան մասին․ 19-ամյա Էրիկ Հարությունյանի հարազատների փոխանցմամբ, թեև տղան առողջական լուրջ խնդիրներ ուներ, զինկոմիսարիատը հրաժարվել է երկարաձգել նրա տարկետումն ու ուղարկել հավելյալ, սրտի համար վտանգավոր հետազոտությունների։ Այդ հետազոտություններից հետո տղան մահացել է՝ սրտի կաթվածից։