Քննչական կոմիտեն պնդում է, որ պարզել է Մեղրիում զինվորական «Ուրալի» վթարման պատճառները․ զորամասի պաշտոնատար անձանցից երկուսը կալանավորվել են։
Մեղադրանք է առաջադրվել նաև ժամկետային զինծառայող վարորդին։ Նրա ծնողները պատմել էին՝ մեքենան անսարք է եղել, տղան այդ մասին պարբերաբար ասել է նաև տնեցիներին։ Զինվորի ծնողների խոսքերը հաստատել են նաև նրա համածառայակիցը և վիրավոր զինվորների ծնողները։
Զինվորական բեռնատարը «Եկեղեցու ձորն» է ընկել ապրիլի 12-ին՝ Մեղրիի Նռնաձոր գյուղի դժվար անցանելի ճանապարհին։ Բեռնատարի թափքում գտնվող զինծառայողներից 4-ը զոհվել են, 19-ը՝ վիրավորվել։ Վարորդը բազմաթիվ կոտրվածքներ ուներ՝ մինչ այս վերակենդանացման բաժանմունքում էր։
Քննչական կոմիտեն պնդում է, որ ժամկետային զինծառայողն իրեն ամրակցված զինվորական «Ուրալով» համածառայակիցներին զորամասի մշտական տեղակայման վայրից փոխադրել է մարտական դիրք, «կայանել է մեքենան թեք տարածքում»՝ խախտելով «պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՀՀ ԶՈւ ավտոմոբիլային ծառայության կանոնակարգի պահանջները, ըստ որոնց՝ մեքենաների կանգառն իրականացվում է լավ տեսադաշտով ճանապարհի հարթ տեղանքում»։
«Ավտոմեքենայում գտնվող անձնակազմի մի մասը փոխարինել է մարտական դիրքում գտնվող անձնակազմին և փոխարինված անձնակազմը, առանց համապատասխան հանդերձավորման, տեղավորվել է «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայում։ Նույն կանոնակարգի պահանջների համաձայն, մեքենան տեղից շարժելը թույլատրվում է միայն շարժիչը տաքացնելուց հետո։ Այս պահանջի խախտմամբ ավտոմեքենայի շարժիչը կանգնած վիճակում չի գործարկվել և չի տաքացվել, այլ ավտոմեքենան՝ փոխանցման տուփի միջոցով, առանց շարժիչը գործարկելու, կայանված տեղից բերվել է շարժման, ինչի հետևանքով վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, և այն ճանապարհի բանուկ մասից թեքվել է դեպի աջ ու հայտնվել ձորում՝ հանգեցնելով դրանում գտնվող զինծառայողների մահվան և վնասվածքներ ստանալուն», – գրել է Քննչականը՝ վերջում հավելելով․
«Շարժիչը գործարկվել է նման եղանակով, քանի որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի»:
Ստացվում է՝ զինվորը խախտել է կանոնակարգը, քանի որ մեքենան անսարք է եղել։
Պաշտոնական վարկածի համաձայն, վթարված «Ուրալը» ստուգում է անցել 2023 թվականի հոկտեմբերին և ճանաչվել է սարքին, «սակայն ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները, որոնք աշխատանքային վիճակի են բերվել 2018 թվականին, ենթակա են եղել շահագործման 4 տարի՝ մինչև 2022 թվականը»։
Քննչականը շարունակել է՝ քանի որ հիշատակված մարտկոցների հետագա շահագործման թույլտվության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ չի եղել, դրանք չեն փոխարինվել նորերով։
Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ զորամասի համապատասխան պաշտոնատար անձինք խախտել են տրանսպորտային միջոց շահագործելու կանոնները՝ անտեսելով ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի, ԶՈՒ ավտոմոբիլային ծառայության կանոնագրքի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի դրույթները, մասվորապես՝
իմանալով հանդերձ, որ զինվորական «Ուրալը» տեխնիկական խնդիրներ ունի և որ «սահմանված կարգով շարժիչը չգործարկվելու պատճառով արգելակման համակարգում անհրաժեշտ օդի քանակությունը, արտահոսքի հետևանքով, չի պահպանվում», 2024 թվականի ապրիլի 12-ին նրանք թույլատրել են նշված ավտոմեքենայի երթը:
Մեղադրանք է առաջադրվել «Ուրալը» վարող ժամկետային ծառայողին և զորամասի համապատասխան երկու պաշտոնատար անձանց՝ ՔՕ 538-րդ հոդվածի 4-րդ մասով` «մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ։»
Նշված պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
«ասաց՝ Իննա քույրիկ, չի ենթարկվում», «էտ մեքենայի ոչ մի բանը չէր աշխատում»
Վթարված «Ուրալի» ղեկին է եղել ժամկետային զինվոր Հովսեփ Համբարձումյանը։ Նրա հարազատները պատմել են՝ տղան դեպքից առաջ մի քանի անգամ բողոքել է մեքենայի վիճակից։ Համածառայակիցների ծնողները հաստատել են՝ զինվորները իրենց միջոնցերով են փորձել վերանորոգել այն։
«Միշտ ասում էր՝ մամ, էս ավտոն խարաբ, անսարք ավտո ա, կցել են ինձ», – պատմել է զինվորի մայրը: Հարազատները դեպքից մի քանի օր առաջ են խոսել տղայի հետ։ Նա մարտական հերթապահության է եղել, հարազատների խոսքով՝ որպես վարորդ զորակոչված Հովսեփը ծառայության 8 ամիսների ընթացքում մեքենա առանձնապես չի էլ վարել, քանի որ նրան կցված «Ուրալն» անընդհատ չի անսարք է եղել, չի օգտագործվել։
Ապրիլի 12-ին նրան ասել են՝ մեքենան սարքին է։ «Էդ ավտոն ինքն իրան խոդ չի ընկել, բրդելով են խոդ տվել, էրեխուն հանել են սարի գլուխը, անձնակազմին լցրել են մեջը ու անսարք վիճակում ղրկել», – ասել է զինծառայողի բարեկամներից Վեմիր Հովհաննիսյանը: Հովսեփն այդ մեքենայով երկու դիրքի անձնակազմ պիտի տեղափոխեր: Վթարի պահին բեռնատարը գերծանրաբեռնված էր։
Նրա համածառայակիցներից Իննա Սարգսյանը «Ուրալի» դիմացի մասում է նստած եղել՝ վարորդի կողքին։ 37-ամյա Իննան վաշտի ավագն է, պատմել է՝ մի քանի մետր էլ չէին անցել, երբ մեքենան գլորվել է ձորը։
«Ասացի՝ արագ ա, ասաց՝ Իննա քույրիկ, չի ենթարկվում։ Զգացի, որ էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել։ Ոչ մի բանը չէր աշխատում», – «Ազատությանն» ասել է Սարգսյանը: